Էրդողանին կասկածում են բարձրագույն կրթության դիպլոմը կեղծելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական կենսագրության մեջ կան անհամապատասխանություններ, որոնք մատնանշում են, որ թուրք առաջնորդը, հնարավոր է, չունի բարձրագույն կրթություն, գրում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթը:
Մասնավորապես, Էրդողանի կենսագրության մեջ ասված է, որ նա 1981թ. ավարտել է Մարմարայի համալսարանը «Էկոնոմիկա և կառավարում» մասնագիտացմամբ: Նման ուսումնական հաստատություն իսկապես գոյություն ունի, սակայն այն այդ անունով հիմնվել է միայն 1 տարի անց, գրում է FAZ-ը:
Թուրքական օրենքների համաձայն՝ երկրի ղեկավարը պարտավոր է ունենալ բարձրագույն կրթություն: Որպես ապացույց, որ Էրդողանը իրավունք ունի առաջադրվել, համալսարանի ներկայիս ռեկտորը մինչ քվեարկությունը հրապարակել էր նրա դիպլոմի լուսանկարը:
Ընդ որում՝ Թուրքիայի ընտրական մարմինը չի կարողացել պատասխանել հարցին, թե ինչու երկրի նախագահը չի ներկայացրել փաստաթղթի բնօրինակը ստուգման համար, ինչպես պահանջում է Սահմանադրությունը:
Բացի այդ՝ համալսարանի անվանումը լուսանկարում չի համընկնում նրա հետ, որը նշված է Էրդողանի կենսագրությունում: Բուհի պրոֆեսորների միությունը կարծում է, որ խոսք կարող է գնալ փաստաթղթերի կեղծման մասին:
Նախկին դատախազ Էմեր Ֆարուկ Էմինագաօղլուն բողոք էր ներկայացրել Ընտրական հանձնաժողովին և Անկարայի դատախազին, որպեսզի Էրդողանին զրկի նախագահական աթոռից, ինչպես նաև արգելի նրան մասնակցել ընտրություններին, եթե այդ կասկածները հաստատվեն, սակայն բողոքը մերժել են:
Գերմանական պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ Ստամբուլի համալսարանի դասախոսները կալանավորվել էին ահաբեկչությանն աջակցելու մեջ այն բանից հետո, երբ կոչ էին արել Թուրքիայի իշխանություններին դադարեցնել երկրի հարավ-արևելքում քրդերի դեմ «սպանդն ու կոտորածները» և բանակցել քրդական խնդրի խաղաղ կարգավորման համար:
FAZ-ի լրագրողների կարծիքով՝ բավարար կլիներ բացել համալսարանի արխիվները ու թույլատրել ստուգել դիպլոմը, սակայն ուսումնական հաստատությունը փակել էր արխիվը մինչ Թուրքիայի նախագահական ընտրությունները: