Ինչու է ՀՅԴ-ն ձեռնպահ քվեարկել Հարկային օրենսգրքին
«Հարկային օրենսգիրքը 700 էջանոց կարևոր փաստաթուղթ է, որտեղ կան և մի շարք խնդիրներ, որոնք ուղղակի կարող են ազդել տնտեսվարողների վրա, որոնք ունեն առաջնային նպատակ՝ ֆիսկալ խնդիրներ լուծելու, և կան էական խնդիրներ, որոնք վերաբերում են հարկային մարմիններին տրվող նոր լիազորություններին, որոնք ևս կարող են կամայականորեն օգտագործվել ոչ ի շահ տնտեսվարողների, շատ է խոսվում եկամատահարկի և այլ հարցերի մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` մեկնաբանելով այսօր ՀՕ առաջին ընթերցման ժամանակ ՀՅԴ ձեռնպահ քվեարկությունը:
Ըստ նրա` իրենց կողմից նախապատրաստվող առաջարկությունների փաթեթն առաջիկա 1-2 ամսվա ընթացքում պատրաստ կլինի: Ա.Վարդանյանը մատնանշեց, որ կա նաև մեկ այլ խնդիր՝ ակնհայտ է, որ այստեղ դերակատարություն ունեն նաև միջազգային ֆինանսական կառույցները, այլապես օրենսգիրքը, որը պետք է ուժի մեջ մտնի 2018թ. հունվարի 1-ից, այսպես արտահերթ ռեժիմով չէր գա, և չէր նախատեսվի արդեն աշնանն ունենալ ընդունված օրենսգիրք: Նա նշեց, որ խնդիր ունենք առաջիկա տարիներին մեր արտաքին պարտքի սպասարկման հետ կապված, և այս հարցն ինչ-որ առումով առնչվում է դրան: Վարդանյանի խոսքով` ամեն քառօրյային նոր վարկային համաձայնագիր է վավերացվում, որը մեծացնում է արտաքին պարտքը, և, եթե տրվենք ֆինանսական կառույցների ուղղակի ճնշմանը, այդ ճնշումները վաղը կարող են ավելի խիստ լինել:
«Ես կողմնակից չեմ ամբողջ Հարկային օրենսգիրքը մեկ գրչի հարվածով ջնջելու: Հսկայական գործ է կատարվել, բայց կան էական խնդիրներ, որոնք վնասելու են տնտեսությանը: Մեր առաջարկն է՝ լավ բանը թող մնա լավ, որը վատ է, կառաջարկենք փոխել»,- ասաց Ա.Վարդանյանը` վստահեցնելով, որ ՀՅԴ բարձրացրած բոլոր տրամաբանական առաջարկներն իշխանություններն ընդունել են: