«Այս տարվա «Ոսկե Ծիրանը» մեզ համար առանձնահատուկ է». «Ոսկե Ծիրան» Երևանյան 13-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը
«Ոսկե Ծիրան» Երևանյան 13-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը և նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ: Փառատոնի անբաժան մաս դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերում այս տարի ևս կներկայացվեն համաշխարհային կինոյի հին ու նոր լավագույն աշխատանքները:
«Այս տարվա «Ոսկե Ծիրանը» մեզ համար առանձնահատուկ է, որովհետև նշում ենք Հաայստանի Հանրապետության անկախության 25-ամյակը, և հասկանում, որ փառատոնն այդ անկախության ծնունդն է, ու ներառում է այն բոլոր հասկացությունները, որոնք բնորոշ են անկախությանը՝ խաղաղություն, մարդասիրություն, ժողովրդավարություն: «Ոսկե Ծիրան» փառատոնի շնորհիվ մենք կարողացանք վերացնել բազմաթիվ սահմաններ, որոնք գոյություն ունեին մեզանում ու արտաքին աշխարհում»,- «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնի բացմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ կարևորելով այս տարի փառատոնում առկա «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը. ««Ոսկե Ծիրանն» ամփոփելու է 25-ամյա անկախ պետության կինոարվեստը»:
Մշակույթի նախարարի կարևորած «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը կներկայացնի Հայաստանի անկախության տարիներին նկարահանված խաղարկային և վավերագրական 17 ֆիլմեր: Ծրագիրը կմեկնարկի Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» (2007թ.) ֆիլմի ցուցադրությամբ: Համադրող կինոքննադատները յուրաքանչյուր ֆիլմից առաջ կներկայացնեն ֆիլմի ստեղծման պատմությունը, իսկ ծրագրի ավարտին նախատեսվում է կլոր սեղան-քննարկում, որի մասնակիցները կանդրադառնան անկախության շրջանի կինոյի պատմությանը, զարգացման ուղիներին և խնդիրներին:
«Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը նկատեց՝ այս տարի, երբ կարելի էր նույնիսկ չնկատել «Ոսկե Ծիրանը», քանի որ ավելի կարևոր հարցեր կան, և՛ Մշակույթի նախարարությունը, և՛ Վիվա Սել-ՄՏՍ-ը գնահատում են «Ոսկե Ծիրանի» կարևորությունը. «Որպեսզի մենք ապացուցենք, որ չենք թուլացել և չենք հուսահատվել, կարևոր ծրագրեր ենք ընդգրկել: Ամբողջ աշխարհի լավագույն ֆիլմերը բերվել են Հայաստան: Փառատոնը սկսվելու է «Զարեհ» ֆիլմով, որն 90 տարի առաջ է նկարահանվել Հայաստանում, առաջին ֆիլմն է, որ նվիրված է քրդերին ու եզդիներին»:
Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ ամեն տարվա նման՝ ծրագրերը շատ են ու բազմազան. «Մրցութային ծրագրերը գրեթե անփոփոխ են՝ բացառությամբ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի: «Հայկական համայնապատկեր» բաժինը, որին մենք մեծ կարևորություն ենք տալիս, այս տարի շատ հարուստ կլինի: Արտամրցութային ծրագրերում մենք ամեն տարի աշխատում ենք ներկայացնել տարբեր երկրների ֆիլմեր, ծանոթացնում մեր հանդիսատեսին այն ֆիլմերի հետ, որոնք նրանք այլ կերպ տեսնել չեն կարող: Շատ վաղուց ուզում էինք բարեկամություն հաստատել բասկերի հետ, քանի որ նրանց կինոն բավական հետաքրքիր է, շատ հետաքրքիր ռեժիսորներ ունեն: Թեև դա իսպանական կինոյի շրջանակներում է, բայց իրենք՝ բասկերը, առանձնացնում են ու համարում, որ կա բասկյան կինո: Մեզ հաջողվեց «Բասկյան նոր կինո» ծրագրում ընդգրկել բասկ կինոռեժիսորների 4 լավագույն աշխատանքները, մեկ ֆիլմ էլ ընդգրկվել է միջազգային մրցույթում: Դանիական կինոն ևս քիչ հայտնի է մեզանում, և «Դանիական նոր կինո» ծրագրում ընդգրկել ենք վերջին 5 տարիների լավագույն դանիական ֆիլմերը»:
Իսկ փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն էլ նշեց, որ «Հայկական պանորամա» ծրագրում այս տարի ներկայացվելու են նոր հայկական ֆիլմերը՝ պրեմիերայի ձևաչափով:
Փառատոնի կազմակերպիչները նշեցին, որ փառատոնից մեկ շաբաթ առաջ նոր հայտնի կլինի՝ ինչ հայտնի հյուրեր են հրավիրվելու փառատոնին: