90 միլիարդանոց Հարկային օրենսգիրքը
Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում էր Հարկային օրենսգրքի նախագիծը։ Զեկուցողին՝ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին, շատ հարցեր ուղղվեցին, սակայն ամենաուշագրավը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցերից մեկն էր և դրան հետևած պատասխանը։
Հ. Բագրատյանը նշեց, որ ՀՕ-ի նախագծում ինքը նկատել է վեց ուղղությամբ հարկերի բարձրացում, և ընդհանուր առմամբ՝ այդ բարձրացումները կազմում են մոտ 40 մլրդ դրամ։ Թվարկելով այդ ուղղությունները (բաժնետոմսերի և դիվիդենտների հարկում, բենզինի և ծխախոտի ակցիզային հարկի ավելացում և այլն)՝ Բագրատյանը հարց ուղղեց. «Կուզենայի՝ Դուք ցույց տայիք թեկուզ մեկ ուղղությամբ ցածրացումգ Նախագիծն անցե՞լ է փորձաքննություն։ Դուք հաշվե՞լ եք 2015-ի՝ արդեն կատարված բյուջեն որքան կլիներ, եթե այս հարկման մեխանիզմը կիրառվեր անցյալ տարվանից»։
Վ. Միրումյանը կոնկրետ այս հարցին պատասխանեց. «Եթե այս ամբողջն իրականացվեր 2015-ին, դրական ազդեցությունը եկամուտների վրա կլիներ 2015 թվականի ՀՆԱ-ի 1.8 տոկոսային կետի չափով»։ Եվ արագ անցում կատարեց մյուս ենթահարցին։ Սակայն սա ամենակարևոր և ամենահետաքրքիր պատասխանն էր՝ թե՛ ձևակերպումների, թե՛ բովանդակության առումով։ Ինչպես նկատեցիք՝ Բագրատյանն իր հարցում շեշտում է «հարկերի բարձրացում» արտահայտությունը, իսկ ՊԵԿ փոխնախագահը՝ «դրական ազդեցությունը եկամուտների վրա»։ Դրանք նույն բանն են, պարզապես «հարկերի բարձրացումը» ոչ ականջահաճո արտահայտություն է, և հասարակության/բիզնեսի մոտ տհաճ ասոցիացիաներ է առաջացնում։ Դրա համար իշխանությունները (ոչ միայն Հայաստանի) ձգտում են խուսափել այդ բառից։ Կարճ ասած՝ երբ ՊԵԿ փոխնախագահը խոսում է «եկամուտների վրա դրական ազդեցության» մասին, սա նշանակում է՝ հարկերն իրոք ավելանալու են։ Այսքանը՝ ձևակերպումների մասով։
Հիմա անդրադառնանք բովանդակությանը՝ որքանո՞վ է ավելանալու հարկային բեռը։ Այստեղ կրկին ուշադրություն դարձրեք՝ Բագրատյանը կոնկրետ թիվ է նշում (40 մլրդ դրամ), իսկ ՊԵԿ փոխնախագահը գերադասում է տարբերությունը ներկայացնել ՀՆԱ-ի տոկոսի տեսքով։ Ինչո՞ւ։ Իհարկե, տնտեսագիտության մեջ հարկերի ու դրանց փոփոխության մասին խոսելիս՝ ավելի ճիշտ է խոսել տոկոսներով։ Սակայն ոչ պակաս կարևոր է նաև գումարի մեծությունը։ Երբ խոսվում է ՀՆԱ-ի 1.8%-ի մասին ու արագ անցում է կատարվում մյուս հարցին, շատերը կարող են չֆիքսել դրա լրջությունը։ Սակայն, երբ դա վերածում ենք բացարձակ գումարի, ստացվում է բավականին մեծ թիվ՝ 90.8 մլրդ դրամ, ինչն արդեն շատ ճչացող է։
Այսպես, 2015 թվականի Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 5 տրիլիոն 47.5 մլրդ դրամ։ Դրա 1.8%-ը 90.8 մլրդ դրամ է։ Այսինքն՝ եթե 2015թ. գործեր Հարկային օրենսգիրքը, ապա հարկերի տեսքով կհավաքագրվեր 90.8 մլրդ դրամով կամ 8.5%-ով ավելի շատ, քան փաստացի հավաքվել է (2015-ին պետբյուջեն ունեցել է 1 տրիլիոն 67.9 մլրդ դրամի հարկային մուտքեր)։ Սա Բագրատյանի նշած 40 միլիարդից 2.2 անգամ շատ է։ Ամեն ինչ ավելի լուրջ է, քան թվում էր։ 90 մլրդ դրամ լրացուցիչ հարկն ապահովվում է միա՛յն օրենսդրության փոփոխության հաշվին։ Ավելի պարզ ասած՝ հարկային բեռը ծանրանում է։
Իսկ սա, իհարկե, չի կարող դրական ընդունվել հասարակության ու բիզնեսի կողմից։
Հարկային բեռի ավելացման կամ «եկամուտների վրա դրական ազդեցության» այս գնահատականը, ըստ էության, մինչ այժմ հնչած ամենաանկեղծ խոստովանությունն էր տնտեսական բլոկի պատասխանատուների կողմից։ Մինչ այդ, երբ քննադատություններ էին հնչում, որ Հարկային օրենսգիրքը ոչ թե նպաստում է տնտեսության զարգացմանը, այլ խոչընդոտում է դրան, պատկան մարմինները չէին համաձայնում և ասում էին, որ դա հավասարակշռության մոդելի վրա հիմնված փաստաթուղթ է։
«Ընդհանուր դաշտում նախատեսվում են ազատականացումներ, որպեսզի ավելի գրավիչ դարձնի դաշտը, իսկ բնականաբար, դրա հաշվին եկամուտների կորուստն առաջարկվում է փոխհատուցել այլ գործոնների հաշվին։ Այսինքն` պետք է նայել հավասարակշռության մոդելում, այլ ոչ թե ասել` սա լավ է, սա լավ է, սա լավ է, մենք ասելու բան չունենք, բայց ա՛յ սա վատ է, և դժգոհենք դրանից։ Պետք է նայել ամբողջ համատեքստում»,- օրերս հայտարարել էր Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով «168 Ժամի» լրագրողի հարցին։
Ու հիմա՝ ամբողջական համատեքստով դիտարկելով՝ կարող ենք ֆիքսել, որ հարկային բեռն ավելանում է ՀՆԱ-ի 1.8%-ի չափով կամ հարկային մուտքերի 8.5%-ով։ Կամ՝ 90 մլրդ դրամով, ինչպես հարմար է։ 90 մլրդ դրամը չափազանց մեծ թիվ է, ու դրա համար էլ ՊԵԿ փոխնախագահը գերադասում է չհնչեցնել այն։ Իհարկե, մաթեմատիկակական մեծ հմտություններ չեն պահանջվում տոկոսը թվի վերածելու համար, սակայն նախ` պատգամավորների մի զգալի մասը չգիտեն՝ որքան է եղել 2015 թվականի ՀՆԱ-ն, երկրորդ՝ իմանալու պարագայում սահմանափակ տևողություն ունեցող հարցուպատասխանի ժամանակ դժվար թե հասցնեին հաշվարկներ անել, և երրորդ՝ հաշվելու դեպքում չէին հասցնի այդ մասին բարձրաձայնել մինչև քվեարկությունը։
Այդպես էլ եղավ։ Բագրատյանն իր արձագանքում խոսեց սահմանին ԱԱՀ-ի հարկման և դիվիդենտների հարկման մասին, վերջում նշեց հարկային բեռի ավելացման մասին, սակայն ժամանակը սպառվեց։
Ուշագրավ կետերից մեկն այն է, որ այս նախագիծը հետևողականորեն առաջ են տանում ոչ միայն և ոչ այնքան` ՀՀ իշխանությունները, որքան՝ միջազգային ֆինանսական կառույցները (օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամը), որոնք մեզ մեծածավալ վարկեր ունեն տված։ Այդ վարկերը սպասարկել է պետք, ու այդ սպասարկումը գնալով ծանրանում է (արտոնյալ ժամանակահատվածն ավարտվում է)։
Վարկերի ծանրացող սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել հարկային մուտքերի աճ։ Իսկ հարկերն աճում են մի քանի գործոնների ազդեցությամբ՝ տնտեսական աճի շնորհիվ (հարկման բազայի ավելացման), ստվերի դեմ պայքարի (կամ՝ վարչարարության խստացման), կամ օրենսդրության փոփոխության (դրույքաչափերի բարձրացման)։
Կառավարությունը հայտարարում է, որ շեշտը դնում է տնտեսական աճի ու ստվերի դեմ պայքարի վրա, սակայն, ինչպես երևում է՝ թե՛ կառավարությունը, թե՛ միջազգային կառույցները հույսը կապում են վերջին գործոնի՝ հարկային բեռն օրենսդրորեն ավելացնելու հետ։ Ու հենց դրա համար էլ մեր վարչարարության խստացման «պարտքատերերն» ամեն ինչ անում են, որ օրենսգիրքն ընդունվի՝ իրենց գումարների վերադարձն ապահովելու համար։ Դավադրությունների տեսության նման է հնչում, սակայն տրամաբանական այլ բացատրություն չկա։
Իսկ ամենատարօրինակն այն է լինելու, եթե հիմնականում գործարար-պատգամավորներից կազմված խորհրդարանական մեծամասնությունը կողմ քվեարկի օրինագծին։ Ասում ենք՝ «եթե», որովհետև տրամաբանությամբ շարժվող խորհրդարաններում գործարարների շահերը ներկայացնողները կողմ չեն քվեարկում իրենց հարկային բեռը ծանրացնող օրինագծերին։
Մեզ մոտ, ինչ խոսք, այս տրամաբանությունը չի գործում, սակայն, քանի դեռ փաստացի քվեարկության արդյունքները չկան, գոնե 1%-ի հավանականությունը պահպանվում է, որ Հարկային օրենսգիրքն առաջին ընթերցմամբ չի ընդունվի։