«Սա կազո՞ւս է, թե՞ կոռուպցիա, Դուք որոշեք». Արամ Մանուկյանը` գյուղնախարարին

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ անցած տարվա խաղողի բերքի դիմաց մեծաթիվ մարդիկ չեն ստացել իրենց գումարները, վարկերը չեն կարողացել մուծել, կառավարությունն օգնելու իր խոստումը չի կատարել, և շատերը պարզապես ոչնչացրել են բերքը: «Կարկուտը ծեծած տեղն է խփում»,- ասաց Ա.Մանուկյանը` նշելով, որ վերջին կարկուտը 4-5 մարզի վնասեց, իսկ հակակարկտային կայանների կրակոցներն արդյունավետ չեն եղել, և դեռ սպասվում են կարկտահարություններ:

Պատգամավորը կոռուպցիոն ռիսկեր մատնանշեց վիճակագրությունում` լոլիկի ցանքատարածությունները 3 տարում չեն աճել, բերքատվությունը չի աճել, արտադրությունը չի աճել, ներմուծումը նվազել է, իսկ արտահանումը 6 անգամ ավելացել է.

«Սա կազո՞ւս է, թե՞ կոռուպցիա, Դուք որոշեք: Նույնը պանրի ոլորտում է` ներմուծումը նվազել է, արտահանումը 5 անգամ ավելացել է»: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, թե կարկտահարությունից հետո ՀՀ վարչապետը եղել է Արմավիրում, 172 հակակարկտային կայաններն ավելացվել են 18-ով, վարչապետի հանձնարարությամբ` վարկերի հարցը կլուծվի: Նա նշեց, թե վնասները նախ՝ այդքան մեծ ծավալի չեն` 20-70%, և տեղային բնույթ է կրում: Արտահանման ծավալների ավելացումը Ս.Կարապետյանը պայմանավորեց լոլիկի ցանքատարածությունների ու բերքի ավելացմամբ, 110 հա ջերմոցային տնտեսություններ են շահագործման հանձնվել, որտեղ հիմնականում լոլիկ է մշակվում: «Անցել է մի տարի, մարդկանց փողը չեն տվել,- հակադարձեց ու պատասխան պահանջեց Ա.Մանուկյանը և շարունակեց,- Ջերմոցինը արտադրություն չի՞, թե՞ դա վիճակագրության մեջ չի մտնում: Սա ի՞նչ պատասխան է: Կոռուպցիա կա էստեղ: Հիշե´ք Բելառուսի դեպքերը»:

Ս.Կարապետյանը պնդեց, որ ջերմոցային տնտեսությունների արտադրության հաշվին է ավելացել լոլիկի արտահանումը: Խաղողի բերքահավաքի հետ կապված՝ նա նշեց, որ մթերված խաղողի 98%-ի դիմաց պարտքը 1 մլրդ 300 մլն դրամ է մնացել, գործընթացը հսկողության տակ է. «Կոնյակի ու գինու արտահանումը պակասեց, և խնդիրներ առաջացան, սակայն կազմակերպությունները վարկեր են ստացել, և վճարման գործընթացը շարունակվում է ամեն օր»:

Տեսանյութեր

Լրահոս