
Հալեպի գնդակոծությունն ուժեղացել է. կան տասնյակ զոհեր

«Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման գրոհայիններն ուժեղացրել են Հալեպի գնդակոծությունները, կան տասնյակ զոհեր, տուժել է 100-ից ավելի խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի ներկայացուցչին:
«Ուժեղացել են Հալեպ քաղաքի հյուսիսում Շեյխ-Մակսուդ թաղամասի, հյուսիսարևմտյան Հանդրաթ, հարավարևմտյան Կարասի թաղամասի գնդակոծությունները: Տուժել է քաղաքի ավելի քան 100 խաղաղ բնակիչ, զոհվածների թիվը հաշվվում է տասնյակներով»,- ասել է նա:
Կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ գնդակոծվում են ոչ միայն Սիրիայի կառավարական զորքերի դիրքերը, այլև բնակելի թաղամասերը, տները, խանութները, դեղատները: «Զինյալների գնդակոծությունների զոհեր են դառնում հիմնականում բնակավայրերի խաղաղ բնակիչները»,- հավելել է նա:
Վերջին օրերին Հալեպում թեժ մարտեր են ընթանում նաև զրահատեխնիկայի կիրառմամբ: