«Դրա համար վարչապետը հոխորտաց…». Գալուստ Սահակյան
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է՝ «մենաշնորհը» վատ բառ չէ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նա նշեց, որ ամբողջ աշխարհում էլ մենաշնորհներ կան:
««Մենաշնորհ» բառը դա վատ բառ չէ, վատը նրանում է, որ մենաշնորհները ստեղծվում են՝ ուրիշի դիրքերը խանգարելու փաստով: Այդ մասին ամբողջ մամուլն է գրում, ամբողջ ժողովուրդն է խոսում, սակայն աշխարհում առկա կլասիկ մենաշնորհը մեզ մոտ չկա: Կա մարդ, որը մի արտադրանք է բերում, էն մյուսը չի կարողանում բերել, դրա համար վարչապետը հոխորտաց և ասաց, որ այդ ամեն ինչը պահելու է հսկողության տակ»,- հայտարարեց Գ. Սահակյանը:
Գ. Սահակյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին շաքարավազ ներկրելու մենաշնորհային իրավունք տան: Ի պատասխան լրագրողի հարցին, թե, ի վերջո, կտա՞ն պատգամավորին մենաշնորհ՝ Գ. Սահակյանն ասաց. «Բայց ինչի՞ պիտի տան, նախ՝ շաքարավազ ուրիշ ներկրող էլ կա, և երկրորդ, եթե նման խնդիր կա, ապա կառավարությունն իր որոշումն արել է, և, եթե մարդիկ կան, որ ուզում են բերել, կարող են դիմել և բերել»:
Անդրադառնալով ՀՀ Քաղավիացիայի պետ Արտյոմ Մովսիսյանի պաշտոնանկությանը՝ ԱԺ նախագահը նշեց, որ նա բազմաթիվ տարիներ աշխատել է, և պարտադիր չէ, որ անվերջ ղեկավարի: