Թուրք քաղաքապետն իր Меrcedes-ը ծածկել է սև կտորով՝ այդկերպ բողոքելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ
Թուրքիայի հարավային Օսմանիե նահանգի Դյուզիչի քաղաքի քաղաքապետ Օքեշ Նամլըն, որը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, որպես բողոքի նշան Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, սև կտորով ծածկել է մեքենայի առջևի հատվածը:
«Վճռական կերպով դատապարտում ու բողոքում եմ կեղտոտ որոշման դեմ, որը կայացրել է Գերմանիան», -գրել է թուրք քաղաքապետը Twitter-ում՝ հրապարակելով իր մեքենայի լուսանկարը՝ ավտոմոբիլային բրենդի խորհրդանիշով:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, իր հերթին, հայտարարել է, որ Անկարան անհետևանք չի թողնի Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը և միջոցներ կձեռնարկի:
«Մենք միջոցներ կձեռնարկենք Գերմանիայի խորհրդարանի բանաձևի դեմ, մենք չենք կարող լռել»,- հայտարարել է Չավուշօղլուն թուրքական TRT հեռուստաալիքի եթերում: Թուրք դիվանագետի խոսքով՝ Անկարան սպասում է, որ Գերմանիայի կառավարությունն այդ առնչությամբ հայտնի իր պաշտոնական բանաձևը, որը չի համընկնի Բունդեսթագի որոշման հետ: