«Հայաստան։ Հինավուրց քրիստոնյա երկիրը Կովկասում». Սիլվանա Պեպեի հոդվածը «CREDERE» ամսագրում
Իտալացի լրագրող Սիլվանա Պեպեն «CREDERE» հեղինակավոր ամսագրում «Հայաստան։ Հինավուրց քրիստոնյա երկիրը Կովկասում» խորագրով հոդված է հրապարակել Հայաստանի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածը հակիրճ թարգմանությամբ:
Հայաստան։ Հինավուրց քրիստոնյա երկիրը Կովկասում
Արատ Մաթեյանը պատմում է, որ Հալեպում ջիհադիստ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող թաղամասերից առևտուր անելու համար տնից դուրս էր գալիս՝ ամեն պահ կյանքը վտանգի ենթարկելով: Օրվա ապրուստն ապահովելու համար պարենամթերքի հայթայթումը պարզապես կենաց մահու պայքար էր։ Մի անգամ ջիհադիստները նրան բռնեցին ու երկար հարցաքննեցին, թե արդյոք հակառակ ճամբարից է։ Բացատրեց, որ հայ է, երկար տարիներ ապրում է Հալեպում, հիմա էլ փորձում է գոյությունը պահպանել սնունդ ու փայտ վերավաճառելով, իսկ քաղաքական «տերեր» չունի։
Ի վերջո իր կնոջ՝ Թալինի հետ, ստիպված եղան լքել Հալեպը և տեղափոխվել Երևան, որտեղ այժմ ապրում են քաղաքի ծայրամասում։ Արատը ինժեներ է, երեսուն տարեկան։ Կինը պատմում է, որ Հալեպում կորցրել են ամեն ինչ՝ ներառյալ բարեկամների՝ գերի ընկած հորեղբոր և զարմիկի սառույցի գործարանը, որը մնացել է ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Հալեպի Շեյխ Նաջար շրջանում։ Գերի ընկած բարեկամներից լուր չունեին, սակայն մեկ շաբաթ անց ստացան նրանց մահապատժի տեսանյութը, որն ուղեկցվում էր բոլոր քրիստոնյաների դեմ ուղղված մի հայտարարությամբ։
Սկսվեց քրիստոնյաների արտագաղթը։ Հալեպում պատերազմից առաջ 150 հազար քրիստոնյա էր բնակվում, որոնցից 80 հազարը ծագումով հայեր էին, ովքեր այնտեղ ապաստան էին գտել՝ 1915-ի ցեղասպանությունից մազապուրծ եղած։ Նրանք ունեին իրենց հարուստ մշակութային ժառանգությունը, որի մի մասն էի նաև այժմ հիմնահատակ ավերված Հալեպի 40 նահատակների տաճարը (15-րդ դար)։
Սիրիահայ 20 հազար փախստականները, որոնցից 14 հազարը որոշել են մնալ Հայաստանում, ստանում են միջազգային բազմաթիվ կազմակեպրությունների աջակցությունը, որոնց թվում են UNHCR, Oxfam, Caritas, AGBU, ինչպես նաև այլ կառույցներ և հայկական սփուռքի բարեգործական ընկերություներ, առանց որոնց կառավարությունը, նույնիսկ ի հեճուկս պատրաստակամությանն ու կամքին, թերևս չկարողանար հոգալ ներգաղթած սիրիահայերի բոլոր կարիքները։ Շատերը գաղթի ճամփան բռնել են առանց որևէ ունեցվածքի՝ իրենց հետ վերցնելով միայն Աստվածաշունչը՝ անցնելով նույն այն հերոսական ճանապարհը, որով անցել են իրենց նախնիները։ Սա այն ժողովրդի մերօրյա պատմությունն է, որը սրտի թրթիռով սպասում է Հոմի պապի՝ հունիսի 24-ից 26-ը կայանալիք այցին։
«Մեզ համար բացառիկ դա իրադարձություն է, որը մեզ զորություն կտա շարունակելու դրսևորել մեր քրիստոնեական հավատքը», ասում է հայր Վահրամը՝ Էջմիածնի մամուլի կենտրոնի ղեկավարը։ «Մեր դարավոր պատմությունը նահատակների պատմություն է, քանզի միշտ պայքարել ենք մեր քրիստոնեական արժեքները պահպանելու համար»։ Անդրադառնալով Ղարաբաղյան պատերազմին՝ հայր Վահրամը նշում է. «Դա մի պատերազմ է, որը մղվում է մեր ժողովրդի պաշտպանության, մեր արժեքներով մեր նախնիների հողում ազատ ապրելու իրավունքի համար»։ Այստեղ կարելի է հիշել Ֆրոնցիսկոս Պապի խոսքերը՝ «Սա պատերազմների ժամանակաշրջան է… Մենք ականատես ենք մաս-մաս տեղի ունեցող համաշխարհային պատերազմի … Պատերազմը խենթություն է… անիմաստ արյունահեղություն»։ Բայց այդյո՞ք Հռոմի պապը կկարողանա կանգնեցնել այդ անիմաստ խենթությունը։