Ո՞ւմ էր ձեռնտու պատգամավորի ծեծը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի դաժան ծեծը շարունակում է քաղաքական ու հասարակական լայն քննարկման թեմա մնալ: Վարկածներ կան, որ Արցախի ուժայիններն են կազմակերպել ծեծը, այլ կարծիքի համաձայն էլ Սամվել Բաբայանն ինքն է կազմակերպել այն, որպեսզի իր այցի շուրջ աղմուկ բարձրանա, ուշադրություն գրավի: Բայց ինչ էլ որ լինի, Արցախի իշխանության համար ծեծն իրապես մեծ հարված էր, ինչը երեկ երեկոյան տարածած իր հայտարարության մեջ գրել էր նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում մարդու եւ քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս: Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը եւ մեր կողմից որդեգրված արժեքներին: Կոչ եմ անում զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից եւ մեկնաբանություններից, քանի դեռ չկան հետաքննության վերջնական արդյունքները: Հետաքննության ընթացքի վերաբերյալ բոլոր մանրամասներն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կներկայացվեն հանրությանը»,- երեկ հայտարարեց Բակո Սահակյանը:
Սա նշանակում է, որ ԼՂՀ ղեկավարությունը պահի լրջությունը գիտակցել է:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու մինչ օրս չի հաջողվել կասկածյալներին ձերբակալել, ԼՂՀ փոխոստիկանապետ, գնդապետ Բորիս Ենգիբարյանը պատասխանեց. «Ձեւավորվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են Ղարաբաղի ոստիկանության քննչական վարչության` հատկապես կարեւոր գործերով քննության բաժնի եւ նույն վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչները: Տարվում է նախաքննություն»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: