Բաժիններ՝

Գողթեցիները կասեցրեցին Գեղարդալճի ջրամբարի նախագիծը

Այսօր դարձյալ կրքերը չէին հանդարտվում Գողթում. գողթեցիները փակել էին Գողթ-Երևան ճանապարհը: Բնակիչները երկար ժամանակ վիճում էին Գեղարդալճի ջրամբարի նախագծի ղեկավար Վաչիկ Սահակյանի ու նրա հետ ժամանած մնացած շինարարների հետ: Հիշեցնենք, որ Գողթ գյուղի հողերը ոռոգվում են Գեղարդալճից, որից ՀՀ կառավարությունը պատրաստվում է ջուր տալ այլ գյուղերի։ Եվ սա՜ այն դեպքում, երբ, գողթեցիների խոսքով, առանց այն էլ լճի ջուրը ոռոգման սեզոնին իրենց մի կերպ է բավականացնում։

Ըստ գողթեցիների՝ Ջրային կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, ոչնչացնելով Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերը, եկել «ձեռքով մի բլանկ է ստորագրել, որով ուզում է գեղատեսիլ Գողթը չորացնել»:

Բողոքի ակցիայի մասնակցող գողթեցիներից մեկը հարց տվեց Գեղարդալճի ջրամբարի նախագծի ղեկավար Վաչիկ Սահակյանին՝ «Եթե 2.4 միլիոն խորանարդ մետր ջուրը չի բավականացնում 500 հեկտար և ավելի հող ոռոգելու համար, ապա ինչպե՞ս է 1 միլիոն խորանարդ մետր ավելանալու դեպքում բավականացնելու ևս 743 հեկտարի ոռոգման համար: Պարզ չէ՞, որ եղած ջրից են տանելու»:

«Ո՞նց ես չափել, որ 2.4 միլիոնն ա հերիքում»,- գողթեցուն հակադարձեց Գեղարդալճի ջրամբարի նախագծի ղեկավար Վաչիկ Սահակյանը, ինչին ի պատասխան՝ Գողթի բնակիչն ասաց, որ դրանք հաստատված թվեր են։

Վաչիկ Սահակյանը վստահեցնում էր, թե հաշվարկներ են արվել, և ջուրը բավականացնելու է, ավելորդ ռիսկերից պաշտպանվելու համար անգամ որոշել են Գիլանլար գետի ջրերից օգտվել ու ջրամբարի պատվարը բարձրացնել։ Գյուղացիներին, սակայն, Երևանից ժամանածների բացատրությունները չէին հետաքրքրում: Նրանց պահանջը մեկն էր՝ դադարեցնել Գեղարդալճի ջրամբարի շինարարական աշխատանքները։ Երկար ու թեժ լարված վիճաբանությունից հետո, ի վերջո, քննարկման արդյունքում՝ որոշվեց դադարեցնել ջրամբարի շինարարությունը, և ջրամբարի կառուցման ճակատագիրը կորոշվի նոր քննարկումից հետո: Գողթեցիները բացեցին ճանապարհը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս