«Մեր հայտնի Պետոն էլ իր բացատրություններն ուներ». Նիկոլ Փաշինյանը՝ բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ հիշեց «Կարգին հաղորդումը»

Այսօր ԱԺ նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերջին 4 տարիների պետական բյուջեների կատարողական հաշվետվությունները համեմատեց «Կարգին հաղորդման» հայտնի մանրապատման հետ:

«Հիմնանորոգվող բնակարանի սեփականատերը մի ամսից հետո գալիս է նորոգվող տուն և արձանագրում է, որ նորոգող վարպետը՝ Պետոն, ոչ մի բան չի արել, հաշիվ է պահանջում, ասում է՝ «ի՞նչ ես արել այս մի ամսվա ընթացքում, բան չես արել»: Պետոն ասում է՝ «շեֆ ջան, բա եղա՞վ, լուսամուտը դրիմ», ասում է՝ «հա, հասկացանք, հետո՞», ասում է՝ «լուսամուտը դրիմ, դնելու պահին վերևից գաջ-մաջ էր թափվել պադագոլնիկին, էդի սիրուն հավքիմ, մաքրիմ, լվացիմ, պլպլցրիմ ու պատուհանը փակիմ, հիմա նայում ես ՝ վա՜խ…»: Հիմա ինչո՞ւ է այս ասոցիացիան առաջանում. նայում եմ վերջին չորս տարվա կատարողականը, ուզում եմ հասկանամ՝ բոլոր տեղերում գրված է՝ Իրան-Հայաստան 400 կիլովատտ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում, ի՞նչ է արվել այս չորս տարվա ընթացքում, կատարողականն ասում է՝ «նախագիծը գծիմ, մրցույթ հայտարարիմ…»: Գրված է՝ Իրան-Հայաստան երկաթուղի, ի՞նչ ես արել, կառավարություն ջան, «է, հուշագիրը ստորագրիմ, գնացիմ, եկամ, էլի գնացիմ, էլի եկամ: Հայաստան-Վրաստան 400 կիլովատտ լարման օդային գծի ծրագիրը, ի՞նչ արի՝ «էլի նախագիծը գծիմ, ուսումնասիրիմ»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մի կոնկրետ բան կա, որ բացվել է՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ 31 կիլոմետրանոց հատվածն է, այն էլ «մի ամիս առաջվանից մի հատվածը փակված է»:

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն էլ ի պատասխան՝ նախ՝ նկատեց, որ հարցը շատ լավ համեմված էր գեղարվեստական մասով:

Կարդացեք նաև

«Բոլոր այն հարցերին, որոնք դուք բարձրացրեցիք, իրենց պարզաբանումները ծրագիրն իրականացնող մարմինները տվել են, այլ հարց է, որ Ձեզ այդ պարզաբանումները չեն բավարարել: Միշտ կարելի է բավարարված չլինել կատարվածով ու պնդել, որ պետք է ավելին արվեր: Բոլոր այն ծրագրերը, որ նշեցիք, պարզունակ ծրագրեր չէին, առանձնահատուկ ծրագրեր էին»,- նշեց Ջանջուղազյանը:

Ն. Փաշինյանն էլ հայտարարեց, որ, այո՛, «մեր հայտնի Պետոն էլ իր բացատրություններն ուներ». «Բայց այդ մանրապատման մեջ մեր տան տերը շատ լավ բացատրեց, Պետոն էլ ասեց՝ «դե, շեֆ ջան, մինչ էս լավ չէիր բացատրում»: Ի՞նչ նկատի ունեմ, կարծում եմ՝ եթե կառավարությանը կարգին ասող խորհրդարան լիներ, որն այս կիսաերեկոյան ոճով բյուջեի կատարողական քննարկում անցկացրեց, գուցե այդ ծրագրերի մասով մենք լրիվ ուրիշ վիճակ ունենայինք»:

Տեսանյութեր

Լրահոս