Լևոն Մնացականյանը՝ Սամվել Բաբայանին. «Ցավալի է, որ նախկին նախարարը նման կարծիք է հայտնում»

«Մարդիկ չեն հասկանում՝ ինչ է նշանակում դիվերսիոն հետախուզական գործողություններ, մինչև վերջ չեն վերլուծում՝ ինչպիսի նպատակներ են հետապնդում դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները»,-այսօր ասել է ԼՂՀ ՊԲ նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ TVArtsakh-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով ԼՂՀ նախկին Պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի այն կարծիքին, թե ապրիլյան պատերազմը դիվերսիոն գործողություն էր:

Լ. Մնացականյանի խոսքով՝ եթե նման գնահատական տային քաղաքացիական անձինք, կարելի էր ինչ-որ տեղ հասկանալ այդ մարդկանց, որովհետև մարդիկ չեն տիրապետում՝ ինչ է մարտավարությունը, ինչ է ռազմավարությունը, բայց եթե նման կարծիք հայտնում են նախկինում բարձր պաշտոններ զբաղեցնող անձնավորություններ, նամանավանդ բանակի նախկին հրամանատարը, նախկին պաշտպանության նախարարը, դա ցավալի է։

«Դիվերսիոն հետախուզական ուժերն իրենցից ենթադրում են սահմանափակ ուժերով սահմանափակ խնդիրների կատարում, ինչ-որ տեղ եղանակային բարդ տեսանելիության պայմաններում, որի ընթացքում հնարավոր է կիրառել այլ զորատեսակների՝ ևս սահմանափակ ուժեր և միջոցներ»,-նշել է նախարարը, որի խոսքով՝ դա իրենք չեն տեսել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, այլ արձանագրել են համարյա թե ամբողջ շփման գծի երկայնքով հատուկ նշանակության ջոկատայիններ, 200 ավելի տանկեր, զորամասերի, զորամիավորումների կիրառում, խոշոր տրամաչափի զանգվածային համազարկային զենքերի կիրառում, ռեակտիվ հրետանային համակարգի կիրառում, «այդ երեք օրվա ընթացքում հակառակորդը արձակել է այնքան արկ և հրթիռ, որքան 1 տարվա ընթացքում՝ մինչև 20 000 արկ»։

Տեսանյութեր

Լրահոս