Ուզում են Հալեպը դատարկել հայությունից. Կարինե Հավանդջյան

Սիրիայում վերջին օրերին ստեղծված ծանր իրավիճակը կրկին տագնապի առիթ է ստեղծել: Երկրում ապրող հայ մտավորականությունն անհանգստացած է Սիրիայում մնացած հայության ճակատագրով, հնչում են ահազանգեր և կոչեր՝ տեր կանգնելու սիրիահայությանը, որն այսօր ուղղակի հայտնվել է անելանելի վիճակում: Երեկ առավոտյան ժամը 6-ին ռմբակոծվել է Հալեպի «Զվարթնոց» հայկական եկեղեցին:

Ըստ սիրիահայ ուսուցչուհի Կարինե Հավանդջյանի, ռմբակոծության ժամը կարծես այս անգամ «հայության բախտից» էր ընտրված, հակառակ դեպքում մեծ թվով զոհեր կլինեին, քանի որ այդ թաղամասի հայերը անընդհատ խմելու ջուր են կրում եկեղեցու մոտակայքից, և եթե ռմբակոծությունը ցերեկվա ժամին լիներ, ապա հետևանքը, ըստ նրա ողբերգական էր լինելու:

«Սա վերջ չունի, շարունակվելու է: Ի՞նչ է լինելու վաղը՝ ոչ ոք չգիտի»,- «Արևելքի» հետ զրույցում նշում է Կարինե Հավանդջյանը: Նա կոչ է անում աշխարհի հայությանը, իրենց համախմբածությունն այս օրերին ցուցաբերել ոչ թե Էրդողանի դեմ ցույցեր կատարելով կամ 101 տարի առաջվա ցեղասպանության մասին անընդհատ խոսելով, այլ այսօր մեր աչքի առջև սպանվող հայության մի հատվածին՝ հալեպահայության ճակատագիրը վճռելուն ուղղված գործողություններ կատարելով:

«Այո, 1915-ի ցեղասպանության մասին էլ պետք է խոսել, ես չեմ ասում անտեսենք, բայց այն, ինչ կատարվում է այսօր Հալեպում, իսկական ցեղասպանություն է: Զոհվածների մեջ մեծ թվով հայեր կան: Նպատակաուղղված ռմբակոծվում են հայաբնակ թաղամասերն ու հայկական կառույցները, մեկ շաբաթվա մեջ 9 հայ զոհ ունեցանք, մի՞թե սա սպանդ չէ: Մեկ մարդու սպանությունն արդենիսկ ողբերգություն է: Աշխարհի հայերը թող ցույցեր անեն՝ հալեպահայությանը փրկելու համար: Սա մի մեծ խաղ է, որին զոհ են գնում նաև հայերը: Եթե ամբողջ աշխարհի հայերը ոտքի կանգնեն, հալեպահայությունը կփրկվի»,-նշում է հայ ուսուցչուհին, ավելացնելով, որ համայնքի հայկական կառույցների ղեկավարներն իրենց կարողությունների չափով անում են հնարավորը, բայց նրանց ուժերից վեր է այսօր պայքարել ամեն օր մարդկային կյանքեր խլող պատերազմի դեմ:

«Ակումբում տղաները զենքը ձեռքին պաշտպանում են, հայկական կառույցները հսկում են, հրդեհ է լինում՝ վազում են հանգցնելու, մարդ է վիրավորվում՝ հասցնում են հիվանդանոց, բայց հսկայական ռումբերի դեմ ի՞նչ կարող են անել այդ խեղճ տղաները, որոնց կյանքը նույնպես վտանգված է: Հայկական թաղամասերը հսկող մեծ թվող զինվորներ են զոհվել այս օրերին»,-մտահոգված է մեր զրուցակիցը: Նա հատկապես շեշտում է Հալեպում մնացած հայության ներկա դրությունը, որոնք պարզապես սնանկացած և մոլորված են: Ըստ նրա, ինչքան էլ հայությունը հեռացավ Հալեպից, բայց դեռևս մեծ է այնտեղ մնացածների թիվը.

«Ծերեր կան, կանայք կան, երեխաներ կան, նոր երեխաներ են ծնվում: Ասում են՝ Հայաստան թող գնան, բայց աշխատանք չունեցող և պատերազմի հետևանքով լրիվ սնանկացած այդ մարդիկ ինչպե՞ս փոխադրվեն Հայաստան, ի՞նչ անեն այնտեղ: Չորս-հինգ անդամ ունեցող հայ ընտանիքը ինչպե՞ս կարող է ամբողջ ընտանիքով փոխադրվել, երբ Սիրիայում օրվա հացը դժվարությամբ է հոգում, արդեն այդ մարդիկ փլատակների տակ են ապրում այստեղ: Թող օդանավ տրամադրվի, հետո էլ Հայաստանում նրանց կեցության հարցը լուծվի, մինչև տեսնեք ինչ է լինում պատերազմի լուծումը, որը այս պահի դրությամբ կարծես լուծում և վերջ չունի»,-առաջարկում է Կարինե Հավանդջյանը:

Կայքի  հետ զրույցում նա կրկին շեշտեց Հալեպի հայկական կառույցների հսկայական աշխատանքը, որ կատարվում է տեղում, սակայն նշեց, որ մեծ պատերազմի մեջ փոքրամասնությունն իր սահմանափակ ուժերով պարզապես անզոր է:
Կարինե Հավանդջյանը Հալեպից գաղթել է Թարթուսի մոտակայքում գտնվող Մաշ տալ Հալու գյուղը, սկզբնապես մեկ ամիս մնալու որոշումով, սակայն վիճակը գնալով վատացել է և նա արդեն երկու ամիս է՝ Հալեպից հեռու գտնվող գյուղում է:

«Ի՞նչ կլինի վաղը՝ չգիտեմ: Ճիշտ է՝ այս գյուղում ապահով է, կարծես Սիրիայից դուրս լինենք, բայց վստահ չենք, որ այսպես կմնա: Պատերազմը անկանխատեսելի զարգացումներ է ունենում, ամեն օր նորանոր թիրախներ են ընտրվում: Մեզ մոտիկ գտնվող Թարթուսը, որ համարվում էր ապահով վայր, ռմբակոծվեց: Հալեպից փախած հայությունը այս վայրերում է՝ Թարթուս, Լաթաքիա, Մարմարիտա: Կոնկրետ այս գյուղում, որ ես եմ հանգրվանել, չորս-հինգ հայ ընտանիք կա: Սա քրիստոնյա արաբների գյուղերից է, գյուղական համայնքը շատ լավ է տրամադրված Հալեպից փախածների հանդեպ, օգնում են: Սիրիայի առաջնորդն էլ այցելում է այս վայրերում ժամանակավոր ապրող հայերին, ամեն կերպ օգնում է, բայց ես համոզված եմ, որ սա չէ հայության փրկությունը, սա չէ լուծումը: Այսպես տեղից տեղ փախչելով լուծում չի լինի: Դրսից մեծ ճնշում պիտի լինի Սիրիայի պատերազմը տնօրինողների դեմ, որպեսզի վերջ դրվի այս արյունահեղությանը, որ օրը ցերեկով, 21-րդ դարում կատարվում է մարդկության աչքի առջև և կարծես աշխարհն անտարբեր է: Վերջին զարգացումները ցույց տվին, որ նաև Թուրքիայի մատն է խառը: Թուրքիան ուզում է հայության հետքերը ջնջել նաև Հալեպից, ուզում Հալեպը դատարկել հայությունից: Պետք է այդ ցույցերը, որ կատարվում են ցեղասպանության ճանաչման համար, ներկա ցեղասպանությունը դադարեցնելուն ուղղվեն»,-ասում է Կարինե Հավանդջյանը:

Տեսանյութեր

Լրահոս