Բաժիններ՝

Անօթևան ընտանիքի երեխան թղթի վրա իր երազանքի տունն է նկարում

Asparez.am-ը գրում է.  «Գյումրու Իսահակայն փողոցի բարձրահարկ շենքերի հարեւանությամբ, քառորդ դարից ավելի վաղեմություն ունեցող, մաշվածության եւ քայքայվածության բոլոր փուլերը «հաղթահարած» տնակները, 1988-ի աղետալի երկրաշարժից հետո առ այսօր, շարունակում են մնալ նույն տեղում:

Տնակային այս թաղամասում կյանքն ինքնին գորշ է: Բարձրահարկ շենքների եւ հաստաբուն բարդիների արանքից արեւի ճառագայթների սակավ լույսը եւ ջերմությունը հազիվ են ընկնում տնակային ավանի կիսախարխուլ եւ փտած տնակների վրա:

Այս թաղամասում եւ նման բակային պայմաններում է անցնում վեցամյա Արմենի առօրյան: Տղայի հիմնական խաղամիջոցը խոնավ հողն է: Սակայն այլ նախասիրություններ ունի, բայց լռում է՝ ընտանիքը սոցիալական խնդիրներ ունի:

axqat-yntaniq-3

– Սաղ օրը դուսը կխաղամ, հողերի, ցեխերի հետ, բայց գուզեմ դհոլ նվագեմ: Կսիրեմ դհոլը, բայց չունիմ,-ասում է Արմենը:

Հիշեցնում եմ, որ մի քանի օր առաջ հունիսի 1-ն էր՝ երեխաների պաշպանության համաշխարհային օրը: Հարցնում եմ, թե ու՞ր է գնացել, ի՞նչ նվեր է ստացել: Արմանը լռում է. ոչ մի տեղ չի գնացել եւ նվեր էլ չի ստացել, սակայն կրկին դհոլ նվեր ստանալու մասին է հիշեցնում: Մայրն էլ ասում է, որ հնարավորություն չի ունեցել երեխաներին նույնիսկ համերգային ծրագրերին մասնակից դարձնել:

Դրսում լսածս՝ աղքատության, փող չունենալու մասին, առավել համոզիչ է դառնում, երբ մտնում եմ Կարապետյանների՝ տարրական կենցաղային պայմաններից զուրկ տնակ: Սառը օդը եւ խոնովության տհաճ հոտը առաջինն են «դիմավորում»:

-Մեր դոմիկը հիմքից փլված է: Կրիշը փտած է: Անձրեւների ժամանակ ջուրը գլխներիս կլցվի: Պոլը ոտքերներիս տակից կփախնի: Ահավոր վիճակ է: Տունը խոնավ է: Անկողինը, վերմակները լրիվ ջրի մեջ կորած են: 7 անձով էս փոքր դոմիկի մեջ անհնար է ապրելը: Ինչխոր նկուղի մեջ ապրինք,-ասում է ընտանիքի մայրը՝ Նունե Կարապետյանը:

axqat-yntaniq-2

Ընտանիքը 7 անձով, որից հինգը անչափահաս են, ապրում են նման անմարդկային պայմաններում: Տիկին Նունեն տան միակ աշխատողն է: Այրի է: Ամուսինը մահացել է սիրտ-անոթային հիվանդությունից: Ընտանիքի մեկ ամսվա եկամուտը կազմում է մոտ 130 հազար դրամ, որը գոյանում է կնոջ 68 հազար դրամ աշխատավարձից, երեխաների՝ միակողմանի ծնողազուրկ լինելու համար պետության կողմից թոշակի տրամադրումից եւ ավագ դստեր անչափահաս երկու երեխաների նպաստից:

-Ահավոր պարտքերի մեջ խեղդված եմ: Մենակ ես եմ աշխատող: Չիդեմ՝ որը տամ, որը փակվիմ: 100 հազար հմի խանութը տալիք եմ: Բանկում 160 հազար դրամի ժամկետանց վարկ ունիմ: Տոկոսի տակ մնացի, որովհետեւ ամուսինս արհեստական թթվածին կշնչեր: Ստիպված վերցրեցի, որ ամուսնուս երեք օրը մեկ թթվածին առնեինք: Պարտքերս էլ հաց առնելուց է առաջացե,-շարունակում է պատմել զրուցակիցս:

Ընտանիքի խնդիրները շատ են: Նունե Կարապետյանի հոգսերին մեկն էլ է ավելացել, երբ 20 ամյա աղջիկը ամուսնալուծվել եւ երկու անչափահաս երեխաների հետ վերադարձել է հայրական կիսախարխուր տնակ, որի կտուրը ցանկացած պահի կարող է փլուզվել՝ ուժգին քամու առկայության դեպքում:

Անկախ ամեն ինչից, երեխաները շարունակում են ապրել եւ անգույն տնակի կյանքը գունավորել իրենց վառ երազանքներով: Տան ավագ տղան՝ 11 ամյա Հովհաննեսը, տարված է նկարչությամբ: Իմ այնտեղ գտնվելու պահին կապույտ երկնքի տակ փորձում էր իր երազանքների տունը նկարել՝ իր եւ ընտանիքի համար: Ժամանակիս սղությունը թույլ չտվեց սպասել եւ տեսնել Հովհաննեսի՝ թղթի վրա կառուցվող տունը, բայց մայրը ասում է, որ նկարչական լավ ձիրք ունի:

axqat-yntaniq-5

-Մենակ կապույտն եմ գունավորել …ամպեր եմ նկարել..կսիրեմ ամպ նկարել: Հմի տուն կնկարեմ՝ մեծ ու սիրուն: Կուզեմ էդպես տուն ունենանք, բայց կարող է հմի սիրուն չեղնի՝ վրձինս լավը չէ, մաշվել է, գուաշիս ներկերի կեսն էլ վերջացել է,-ասում է 11-ամյա Հովհաննեսը:

Այս ընտանիքի բնակարանային հարցը որակյալ ներկերի հավաքածուն դժվար թե լուծի՝ պետության փոխարեն: Ընտանիքը անօթեւան է 1988 թվականի երկրաշարժից հետո: Անօթեւանների ցուցակում գրանցված է, բայց սպասում են մինչ օրս:

-Քաղաքապետարան շատ եմ դիմել: Կերթամ, էդ տղեն կամպյուտր կզարգե, կըսե՝ ճիշտ է, գրանցված ես, բայց պտի սպասես,-եզրափակում է Նունե Կարապետյանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս