Բաժիններ՝

Մարդկության վերացման 3 պատճառները՝ ըստ Սթիվեն Հոքինգի

Սթիվեն Հոքինգը հատկապես հայտնի է սև անցքերի և գրավիտացիայի մասին իր թեորիաներով: Բացի այդ, Հոքինգը հաճախ կանխատեսումներ է անում մարդկության վերացման մասին: Հոքինգի կարծիքով՝ մարդիկ կարող են ամբողջությամբ վերանալ Երկրից, և դրա համար կա առնվազն 3 պատճառ:

1. Արհեստական ինտելեկտ

Հոքինգը դասվում է այն գիտնականների շարքին, ովքեր վախենում են արհեստական ինտելեկտի ստեղծումից: «Արհեստական ինտելեկտի զարգացումը կարող է վերջ դնել մարդկային ռասային»,- նշել է Հոքինգը  BBC-ի հետ զրույցում:

Հոքինգի հետ համաձայն է Էլոն Մասկը: SpaceX և Tesla Motors ընկերությունների գլխավոր տնօրենը նշել է, որ արհեստական ինտելեկտը մարդկության գոյության համար ամենամեծ վտանգն է:

Կարդացեք նաև

Հոքինգի և Մասկի հետ ոչ բոլոր գիտնականներն են համաձայն: Շատերը գտնում են, որ մարդն ի վիճակի չէ ստեղծել այնպիսի արհեստական ինտելեկտ, որը կունենա մարդկային ինտելեկտի բոլոր հնարավորությունները:

2. Պատերազմներ

«Եթե մեզ չոչնչացնեն մեքենաները, ապա մենք ինքներս մեզ կսպանենք»,- այս կարծիքին է Հոքինգը: Երբ Հոքինգին հարցրել են, թե մարդկանց որ թերությունները  կցանկանար փոխել, նա պատասխանել է.

«Մարդու ամենամեծ թերությունն ագրեսիային հակված լինելն է:  Մարդկության առաջացման սկզբնական շրջանում ագրեսիան օգնում էր հայթայթել սնունդ, գրավել նոր տարածքներ, և այլն: Հիմա ընդհակառակն է:  Օրինակ՝ միջուկային պատերազմը կարող է վերացնել մարդկությունը»:

Հոքինգի համոզմամբ՝ Տիեզերքին հարմարվելն անհրաժեշտ է մարդկության վերացումը կանխելու համար:

«Մենք պարտավոր ենք գաղութացնել մյուս մոլորակները: Երկրի  վերացումից հետո տիեզերքը կփրկի մեզ»,- համոզված է գիտնականը:

3. Այլմոլորակային կյանք

2010 թվականին Հոքինգն ասաց, որ եթե այլմոլորակայինները գոյություն ունեն, ապա դժվար թե նրանք բարյացակամ լինեն մարդկանց հանդեպ: Այլմոլորակայիններն իրենց ճանապարհին կարող են օգտագործել ցանկացած մոլորակ: «Նրանք յուրաքանչյուր մոլորակ  կարող են օգտագործել՝ որպես նոր տիեզերանավ պատրաստելու նյութ»,- նշել է Հոքինգը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս