
Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը խիստ հարված է թուրքական ժխտողական քաղաքականությանը. այն այսուհետ «կկաղա, կդանդաղի ու կսողա»

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունու գնահատմամբ՝ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը խիստ հարված է թուրքական ժխտողական քաղաքականությանը, որն այսուհետ «կկաղա, կդանդաղի ու կսողա»:
«Այս բանաձևը լայն հնարավորություններ է ընձեռում մեզ զարգացնելու, առաջ մղելու մեր շահերը` մարդու միջազգային իրավունքի ու արդարությանը համապատասխան»,- ասաց Հայրունին:
Նրա խոսքով` Բունդեսթագը բանաձևով գերմանական կառավարությանը կոչ է անում խրախուսել Թուրքիային հայկական մշակույթի ժառանգության պահպանության ակտիվացման ուղղությամբ: «Բացի այդ կոչ է անում մեծ ուշադրություն դարձնել դպրոցական, բուհական ու քաղաքագիտական դասագրքերում ու ձեռնարկներում Հայոց ցեղասպանության հարցի լուսաբանմանն ու արծարծմանը: Հիմա բոլոր երկրամասներին հստակ կոչ է արվում այն դարձնել դասագրքերի թեմա ու լուսաբանել սերունդներին պատմական իրողությունը պարզ դարձնելու համար: Եվ միաժամանակ շեշտադրվում է Գերմանիայի պատասխանատվությունը նաև այլ հարցերում»,-նշեց նա:
Աշոտ Հայրունին կարևոր հանգամանք է համարում այն, որ բանաձևը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմք է դիտարկում Թուրքիայի կողմից պատմական իրողությունների լուսաբանումը: «Բանաձևում ասվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարևոր նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար ու նշվում է, որ պետք է արվեն քայլեր Ցյուրիխյան արձանագրությունները կյանքի կոչելու, միջպետական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման կապակցությամբ»,-հավելեց պատմաբանը:
Աշոտ Հայրունին նկատեց, որ փոխհատուցման հարցի վերաբերյալ իրավական նկարագիր չկա բանաձևում, բայց փաստը, որ Գերմանիան ճանաչում է նաև իր հանցակցությունը, ճանապարհ է բացում փոխհատուցման պահանջի հետագա զարգացումների համար: «Եթե ընդունված է պատմական մեղքը, դրա հետևանքները, եթե դա գնահատված է ինչպես հարկն է, ապա փոխհատուցման խնդիրն անմիջակաորեն սրան է արծարծվում: Պետք է էլ ավելի իրատեսական դառնա Հայոց ցեղասպանության հարցը մեր արտաքին քաղաքականության մեջ»,-ավելացրեց նա:
Նա հույս ունի, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր ազդակ կդառնա հարցի միջազգային ճանաչման գործում: Բացի այդ` այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր ազդակ ու խթան է թուրքական հասարակության համար: Ա. Հայրունին վստահ է, որ Թուրքիան կընդունի իր մեղքը, եթե լինի թուրք հասարակության ճնշումը: