Առաջին ամիսները և՛ հուսադրող են, և՛ ոչ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է հունվար-ապրիլ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների մանրամասն տվյալները։ Դրանք մի կողմից՝ ոգևորող են, մյուս կողմից՝ կան չափազանց մտահոգիչ փոփոխություններ։
Նախ՝ սկսենք ՀՆԱ-ից։ Ինչպես հայտնի է, ի տարբերություն նախկինի՝ ԱՎԾ-ն այժմ ՀՆԱ-ի ցուցանիշները ներկայացնում է եռամսյակային կտրվածքով։ Այս տարվա հունվար-մարտին համախառն ներքին արդյունքի իրական աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4.4%։ ՀՆԱ ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 898.2 մլրդ դրամ։ Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն առաջին եռամսյակում կազմել է 299 761 դրամ կամ 613 դոլար։
Սա վատ ցուցանիշ չէ, եթե հաշվի առնենք, որ կառավարությունը 2016 թվականի համար կանխատեսում էր 2.2% տնտեսական աճ, իսկ Համաշխարհային բանկն ու Արժույթի հիմնադրամը՝ 1.9%։
Աճին նպաստող հիմնական ճյուղերն են արդյունաբերությունն ու ծառայությունների ոլորտը։ Սա լավ է։ Սակայն, եթե ավելի ենք խորանում, պարզվում է, որ աճին նպաստել է հանքարդյունաբերությունը, իսկ ծառայությունների ոլորտից՝ խաղատների այցելությունների աճը։
Անցնենք առաջ։
Մյուս ցուցանիշը, որը ԱՎԾ-ն ժլատությամբ է հրապարակում՝ եռամսյակը մեկ, վերաբերում է օտարերկրյա ներդրումներին։ Այստեղ պատկերը չափազանց մտահոգիչ է (մեղմ ասած)։
2016 թվականի առաջին եռամսյակում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կազմել է մոտ 15 մլրդ դրամ՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի 35.3 մլրդ դրամի դիմաց։ Այսինքն՝ ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը նվազել է 20.3 մլրդ դրամով կամ 2.3 անգամ։
Ընդ որում, ՕՈՒՆ-ների զուտ հոսքի 17.8 մլրդ-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։
Իսկ Ֆրանսիայի ու Լյուքսեմբուրգի դեպքում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը բացասական մեծություն ունի, այսինքն՝ կապիտալն ավելի շատ արտահոսել է դեպի այդ երկրներ (Ֆրանսիա՝ -2.4 մլն դոլար, Լյուքսեմբուրգ՝ – 3.3 մլն դոլար)։
Արտաքին առևտրի ցուցանիշների մասին հակիրճ գրել ենք, սակայն, ինչպես հիշում եք՝ Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանն օրեր առաջ տեղեկացրել էր, որ 2 ներմուծող ընկերություններ վրիպակ էին թույլ տվել՝ 30 մլն դրամի փոխարեն՝ ձևակերպել էին 30 մլրդ դրամ, ինչի պատճառով ներմուծման թիվը սխալ էր արտացոլվել։
Այժմ թարմացված տվյալներով վերանայենք արտաքին առևտրի ցուցանիշները։
Արտահանումը 2016 թվականի հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22.2%-ով և կազմել 514.4 մլն դոլար։ Ներմուծումը, հակառակը՝ նվազել է 3.5%-ով և կազմել 943.2 մլն դոլար։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին հրապարակված նախնական (շտապ հավաքագրված) տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվար-ապրիլին ներմուծման ծավալը նշվում էր 1 մլրդ 156.7 մլն դոլար։ Թարմացված տվյալներով, ինչպես նշեցինք, 943.2 մլն դոլար է։
Այսինքն, ներմուծման վիճակագրության մեջ տեղ էր գտել 213.5 մլն դոլարի սխալ։ Իսկ դա դրամային արտահայտությամբ կազմում է ավելի քան 100 մլրդ դրամ։ Սա ՊԵԿ փոխնախագահի նշած թվից շատ ավելի մեծ է։ Ստացվում է՝ կամ 2-ից ավելի շատ ներմուծողներ են վրիպակ թույլ տվել, կամ՝ այս երկուսի թույլ տված սխալն է շատ ավելի մեծ եղել (30 մլն դրամի փոխարեն՝ գրել են 50 մլրդ դրամ)։
Վերադառնալով թարմացված թվերին՝ ամփոփենք՝ արտահանումն աճել է, ներմուծումը՝ նվազել։ Դա մի կողմից՝ լավ է՝ բարելավում է մեր արտաքին առևտրի հաշվեկշիռը, մյուս կողմից՝ նվազեցնում է ներմուծումից ստացվող հարկային մուտքերը, մասնավորապես, սահմանին գանձվող ԱԱՀ-ն։
Սա նույնպես երևում է պաշտոնական վիճակագրությունից։ 2016 թվականի հունվար-ապրիլին պետբյուջե է մուտքագրվել 116.7 մլրդ դրամ ԱԱՀ։ Դա 7.7%-ով պակաս է 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Ընդհանուր հարկային մուտքերը, սակայն, աճել են 1.3%-ով և կազմել 328.2 մլրդ դրամ։
Միայն ապրիլին պետբյուջե է մուտքագրվել 97.1 մլրդ դրամի հարկային եկամուտ։ Սա, իհարկե, երկրի նախագահի հնչեցրած թվից՝ 100 մլրդ դրամից քիչ է, սակայն աննախադեպ ցուցանիշ է ապրիլ ամսվա համար։ Բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 101.5 մլրդ դրամ (միգուցե Սերժ Սարգսյանն այս թիվը նկատի ուներ)։
Հարկերի մասով ևս մի փաստ։ Պետական եկամուտների կոմիտեն երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ մայիսը նույնպես վատ ամիս չի եղել։ Հարկային և մաքսային մարմինները մայիսին ապահովել են ավելի քան 91.7 մլրդ դրամ եկամուտ, ինչը 2015թ. մայիսի նույն ցուցանիշը գերազանցում է 5.2 մլրդ դրամով: Ընդ որում, ՊԵԿ-ը հատուկ ընդգծել է, որ աճն ապահովվել է ԵՏՄ անդամ երկրներում ներմուծումների անկումներով պայմանավորված մաքսային մուտքերի 2.8 մլրդ դրամ պակասի պայմաններում: Հարկային եկամուտների աճի վրա չի ազդել նույնիսկ 4.8 մլրդ դրամ անկումը՝ ոչ մետաղական հանքարդյունաբերության և կապի ոլորտների մի քանի խոշոր ընկերությունների հարկային եկամուտներում:
Լա՞վ է, թե՞ վատ հարկերի աճը։ Նայած՝ որ տեսանկյունից նայենք։ Եթե այդ աճը գրանցվել է փոքր ու միջին ձեռնարկություններից ավելի շատ գումար քամելու միջոցով, ապա, ինչ խոսք, վատ է։ Իսկ եթե աճն ապահովվել է ստվերի կրճատման, օլիգարխներին ու արտոնյալներին հարկային դաշտ բերելու արդյունքում (ինչի մասին ակնարկում էր երկրի նախագահը), ապա դա, իհարկե, միայն ողջունելի է։
Անդրադառնանք նաև պետական պարտքին։ Պարտքն աճել է՝ 2016 թվականի ապրիլի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքի մեծությունը կազմել է 5 մլրդ 252.2 մլն դոլար, ինչը 56 միլիոն դոլարով գերազանցում է նախորդ ամսվա ցուցանիշը։ Այդ թվում, արտաքին պարտքն ապրիլի ընթացքում աճել է 53.3 մլն դոլարով և հասել 4 մլրդ 459 մլն դոլարի։
Պարտքի լավ ու վատ լինելու թեման հավի և ձվի պատմությունն է հիշեցնում։ Ըստ պարտք վերցնող իշխանությունների՝ դրանում ոչ մի վատ բան չկա, եթե պարտքն աշխուժացնում է տնտեսությունը։ Ավելին, նրանց համոզմամբ, եթե մեզ պարտք են տալիս, նշանակում է՝ վստահում են՝ համարում են ոչ ռիսկային ու վարկունակ երկիր։
Իսկ մյուս տեսակետի կողմնակիցները նախ՝ չեն հավատում, որ պարտքը որևէ օգուտ է տվել տնտեսությանը։ Ու բացի այդ՝ արդարացիորեն նշում են, որ դրա սպասարկման բեռը գնալով ծանրանում է հարկատուների ուսերին։
Նշենք, որ 2016 թվականի հունվար-ապրիլին միայն արտաքին տոկոսավճարներին ուղղվել է 20.2 մլրդ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12.7 մլրդ դրամի դիմաց), իսկ ներքին տոկոսավճարներին՝ 7.9 մլրդ դրամ։