«Հպարտացեք և երջանկացեք Համազասպ Բաբաջանյանի և Գարեգին Նժդեհի արձաններով». Կամո Արեյանի հորդորը
Երևան քաղաքում կառուցվելիք հաջորդ արձանը, ամենայն հավանականությամբ, կլինի «Արարատ 73»-ի արձանախումբը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Խոսելով վերջերս կառուցված Համազասպ Բաբաջանյանի և Գարեգին Նժդեհի արձանների տեղադրման շուրջ հասարակության տարբեր շերտերի քննադատությունների մասին՝ Կ. Արեյանն ասաց, որ արձանների բախտն է այդպես, նրանք նման ճակատագիր ունեն. առաջին տեղադրումից հետո սկսում են անուններ տալ, հետո մարդիկ «հաշտվում» են այդ արձանների հետ ու «մտերմանում»:
«Հիշենք Առնո Բաբաջանյանի արձանը, եթե տեսնում եք՝ Առնո Բաբաջանյանի հետ ամեն օր երեխաներ են նկարվում: Վերջին երկու արձանները, կարծում եմ, ազգային հպարտություն են, ցանկացած ազգ կհպարտանար, մի քանի ազգեր կերջանկացներ»,- կարծում է Կ. Արեյանը:
Դիտարկմանը, թե Համազասպ Բաբաջանյանը հունգար ժողովրդին կոտորել է, Կ. Արեյանն այսպես արձագանքեց. «Բաբաջանյանը մեր ազգի պարծանքն է: Բաբաջանյանին հարգում եմ, ուրախ եմ, որ որպես հայ՝ ունեմ Համազասպ Բաբաջանյանի պես մարշալ, ու խորհուրդ կտամ՝ բոլորդ հպարտությամբ նայեք Բաբաջանյանին: Հունգար ժողովրդին խորհուրդ կտամ Ռամիլ Սաֆարովին նորից հետ տանեն: Հունգարներին նորից կնվիրեմ Ռամիլ Սաֆարով»:
Կ. Արեյանը չհամաձայնեց, որ Հ. Բաբաջանյանը գողական հեղինակության նման է ներկայացված. «Բաբաջանյանը նորմալ դիրքում է նստած՝ իրեն վայել»:
Պարզաբանելով, թե ինչո՞ւ Գարեգին Նժդեհի արձանը չտեղադրվեց իր հրապարակում՝ Կ. Արեյանն ասաց, որ դա ամենաանհաջող տեղն է: Ըստ նրա՝ Շենգավիթի հրապարակն արձանի տեղ չէ. «Նժդեհի արձանի տեղը հիմա, կարծում եմ, շատ ճիշտ է ընտրված: Քանդակագործն իր երևակայությունն է դրել՝ կերպարային, բայց նմանությունը կա»:
Լրագրողների դիտարկմանը, թե, կարծես, Կ. Արեյանին էլ դուր չի գալիս, վերջինս ասաց, որ ժամանակի ընթացքում մարդիկ կընտելանան այդ արձանին. «Նժդեհը շատ ավելի գեղեցիկ նկարներ ուներ, ինձ անձնապես դուր էր գալիս Նժդեհի շլեմով գլխարկը, բայց գուցե դա քանդակ չդառնար: Արվեստագետ չեմ, չգիտեմ»: