«Որևէ փաստաթղթի մասին խոսելը վաղաժամկետ է». Էդվարդ Նալբանդյանը` հունիսին կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
Վիեննայի հանդիպումից հետո հունիսին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ ստորագրելու մասին խոսք չի կարող լինել: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե ի՞նչ ռացիոնալ մասնիկ կա լուրերի մեջ, որ հունիսի հանդիպմանը հնարավոր է կողմերի միջև ստորագրվի ինչ-որ համաձայնագիր:
Ըստ նախարարի` այն, ինչ պայմանավորվել են կողմերը, արտացոլված է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահող երկրների համատեղ հայտարարության մեջ, որը կարող էր լինել նաև 5 երկրների կողմից, բայց քանի որ Ադրբեջանը հրաժարվեց դրանից, ստորագրեցին երեք կողմերը: Է.Նալբանդյանի խոսքով`դրանում նշվում է 94-95թթ. եռակողմ անժամկետ պայմանագրերի կարևորությունը, զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնումը:
«Բանակցությունների հաջորդ փուլը կլինի հունիսին, վայրը դեռ չի ճշտված, որը նվիրված կլինի նրան, որպեսզի վերսկսեն բանակցությունները: Պարզ է մեկ բան, որ այդ բանակցությունների վերսկսման համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն: Դրանց մասին խոսեցին հենց եռանախագահողները»,- ասաց Է.Նալբանդյանը` հավելելով, որ եթե այդ պայմանները բավարարվեն, բացառվի ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնությունը, հնարավոր կլինի վերսկսել բանակցությունները:
«Բանակցությունները վերսկսելու համար որևէ փաստաթղթի մասին խոսելը վաղաժամկետ է: Այդ հանդիպումները միտված են բանակցության ուղղությունները, սկզբունքները մշակելու համար»,- ասաց նախարարը: