Սիրիայում ավերվել է ռուսական ռազմատիզերական ուժերի բազաներից մեկը. Stratfor
Stratfor հետազոտական-վերլուծական կենտրոնի փորձագետները պնդում են, որ Տիյաս բնակավայրից ոչ հեռու գտնվող սիրիական ավիաբազան, որն օգտագործվում է ռուսական ռազմատիզերական ուժերի կողմից, լրջորեն տուժել է, ենթադրաբար, ԴԱԻՇ խմբավորման հարվածներից:
Բազայի արբանյակային լուսանկարից, որը տրամադրել է Stratfor-ը BBC-ին, երևում են բազայի շինությունների այրված կմախքները, որոնք գտնվում են թռիչքուղու մոտ:
Համեմատելով լուսանկարները Տիյաս բազայի ավելի վաղ արված լուսանկարների հետ՝ Stratfor-ի փորձագետները ենթադրում են, որ թռիչքուղու վրա տեսանելի են «Մի-24» ուղղաթիռների կմախքներ, իսկ շինությունը եղել է պահեստ, որտեղ ուղղաթիռները սպասարկվել են: Թռիչքուղու վրա տեսանելի է նաև «Միգ-25» ինքնաթիռը, որը, ենթադրաբար, պատկանում է սիրիական ռազմաօդային ուժերին:
Ըստ Stratfor-ի՝ բազային մի քանի հարված է հասցվել: Դրանից հետո ահաբեկիչներն իրենց հայտարարության մեջ ճիգրիտ նկարագրել են, թե ինչ օբյեկտներ են ոչնչացվել: Հենց դա էլ փորձագետներին բերել է եզրակացության, որ հարձակման հետևում կանգնած է ԴԱԻՇ-ը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կորուստների մասին տեղեկություններ չի հայտնել: