Հայաստանը գնահատվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր. Ատոմ Ջանջուղազյան

«Կիրառվող ցուցանիշների տեսակետից ՀՀ-ն գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը` նշելով, որ նման երկրներ են համարվում 48%-ից փոքր ՀՆԱ/պարտք ունեցող երկրները, իսկ ՀՀ համար այդ ցուցանիշն ավելի փոքր է եղել:

Ըստ նրա` 2015 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ներքին պետական պարտքն անվանական արժեքով կազմել է 368.4 մլրդ դրամ: 2015 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 2 տրլն 88.5 մլրդ դրամ կամ 4 մլրդ 317.3 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 41.4%-ը` 2014 թվականի 1 տրլն 797.9 մլրդ դրամի կամ 3 մլրդ 785.2 մլն ԱՄՆ դոլարի և 37.1%-ի դիմաց:

Պարտքի հիմնական մասը` 1 տրլն 858.1 մլրդ դրամը կամ 3 մլրդ 841 մլն ԱՄՆ դոլարը ՀՀ կառավարության պարտավորություններն են, 230.4 մլրդ դրամը կամ 476.3 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները: Հաշվետու տարում ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է 391.1 մլն ԱՄՆ դոլար, որից 355.9 մլն ԱՄՆ դոլարը` կառավարության և 35.2 մլն դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով: Ա.Ջանջուղազյանի խոսքով` պետք է հաշվի առնել, որ ներառված են նաև եվրոբոնդերի հետ կապված ծախսերը:

«Անցած տարի կրճատվել են ներդրումները, սպառումը, մասնավոր տրանսֆերտները, մասնավոր հատվածի եկամուտները: Բյուջեն իր վարքագծով ջանքեր է գործադրել, որպեսզի մեղմի այս բացասական ազդեցությունը»,- ասաց Ա.Ջանջուղազյանը:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ պետք է արձանագրենք, որ մեր երկրի տնտեսության զարգացման ցուցանիշները մեզնից կախված չեն, մասնավորապես` տրանսֆերտները մեզնից կախված չեն, Լիբորը կախված չէ և այլն: Նրա կարծիքով` պետք է այնպիսի վիճակ ստեղծել, որ այդ փոփոխությունները սթրեսային ազդեցություն չունենան. «Ես չգիտեմ տնտեսական ցուցանիշ արտաքին աշխարհից եկող, որ բացասական չի եղել»:

Ա.Ջանջուղազյանը «մի քիչ» չհամաձայնեց պատգամավորի ձևակերպման հետ. «Չի կարող ամեն ինչ լինել բացասական, կամ դրական: Մեդալի նման, սա էլ երկու կողմ ունի»:

Տեսանյութեր

Լրահոս