Բաժիններ՝

«Ասաց՝ Էդվին չկարոտես, ես գալու եմ քեզ մոտ, ասաց ու համբուրեց ինձ». հոր հետ վերջին խոսակցությունն է հիշում Էդվինը

«Էդվինը դպրոցից եկավ ու ասաց՝ կռիվը սկսել է, չգիտեի ինչի մասին է խոսում»,- հիշում է մայրը՝ Էլվիրան․նրա մտքով չէր էլ անցնի, որ այդ կռվում կզոհվի իր ամուսինը։

Մասիս Թովմասյանը կամավորական էր, ապրիլի 2-ին կամավորագրվեց եւ ուշ երեկոյան ճանապարհվեց սահման։

Մասիսն ու Էլվիրան փորձում էին երեխաներից թաքցնել իրականությունը, սակայն հետաքրքրասեր Էդվինը լսել էր, թե ինչպես է հայրը խոսում հեռախոսով, հասկացել էր, որ կռիվ է գնում։ «Ասաց՝ Էդվին չկարոտես, ես գալու եմ քեզ մոտ, ասաց ու համբուրեց ինձ»,- հոր հետ վերջին խոսակցությունն է հիշում Էդվինը։

«Հասավ Մարտակերտ, Մատաղիս, Եղնիկներ, գիտեի որտեղ է հասել, վերջին անգամ էլ ասաց՝ զինվորական համազգեստ եմ ստանում, ես կզանգեմ»,- ամուսնու հետ վերջին խոսակցությունն է պատմում Էլվիրան, որից հետո կցկտուր լուրեր, միայն գիտեն, որ պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մասիսը։ Մեկ ու կես ժամ կյանքի ու մահվան պայքարից հետո հաղթել էր մահը, շտապ օգնությունը չհասավ։

Մասիսի մայրը՝ Սիլվան, 2 երեխա է կորցրել։ Աղջիկը 12 տարեկան էր, երբ ղարաբաղյան շարժումը սկսվեց. այդ օրերին ավտովթարի զոհ դարձավ, Մասիսն էլ երկրորդ պատերազմի ժամանակ զոհվեց։ «Երկու դեպքում էլ երեխեքիս չհասավ շտապ օգնությունը, նրանք մահացան սպասելով, որ փրկությունը շուտով կհասնի»,- արցունքների միջից պատմում է նա։

7991

37-ամյա Մասիս Թովմասյանը Ստեփանակերտի առաջին զոհն էր, ապրիլի 3-ին խաղաղության մարտիկն այլեւս չկար։ Հարեւանները հիշում են, որ անսպասելի կորուստը համախմբել էր ողջ թաղամասը։ «Նախկինում իրեց հորն էին գրկում, համբուրում դպրոց գնում, հիմա արդեն Մասիսի նկարն են համբուրում»,- ասում է վաղաժամ այրիացած 33-ամյա Էլվիրան։

Մասիսի երեխաները դպրոցականներ են, Էդվինն ու Էլենը, ժպտերես փոքրիկները մորից ու հարազատներից թաքցնում էին իրենց տեսած երազները եւ անկեղծանալով ինձ հետ հանկարծակիի բերում նրանց․ «Ես պապայիս տեսել եմ երազում, ինքը խաղում էր մեզ հետ»,-ասում է Էլենը։ Իսկ Էդվինի տեսած երազներն արդեն պատերազմի հետ են կապված, որդու տեսած երազներում հայրը խոստմանը համաձայն իր հետ է, սակայն անսովոր պայմաններում․ «Կռիվ էր, պապան կրակում էր, փամփուշտները սպառվում են, իսկ ես նրա կողքին էի՝ փամփուշտներ էի տալիս իրեն»,- միայն ֆիլմերում տեսած դրվագներն արդեն ենթագիտակցորեն տեղափոխվել են երազներ։

7988

«Ավարտել էր իրավաբանական բաժինը, միշտ ասում էի, դիպլոմ ունես, ինչո՞ւ չես գնում կոստյում-փողկապով աշխատում, ինչո՞վ ես պակաս մնացածներից, որ մատներդ քերելով ես գումար աշխատում, սանտեխնիկ էր։ Որդուս պատասխանը մեկն էր՝ 100 հազարով երեխաներիս չեմ կարողանա նորմալ մանկություն ապահովել»,- հիշում է տիկին Սիլվան։

Հոգատար հայրը բազում երազանքներ ուներ, որ կապված էին երեխաների անհոգ մանկության ու պատանեկության հետ․ «Պիտի հողամաս վերցնեինք ու տուն կառուցեինք՝ ջրավազանով, երեխաները սիրում են ջրավազան։

7986

Մեր ուժերով կամաց-կամաց պիտի տուն դառնայինք»,-պատմում է Էլվիրան, ով արդեն ստիպված կլինի միայնակ իրականացնել ամուսնու հետ համատեղ ծրագրած պլանները։

Այսօր՝ մայիսի 13-ին, լրանում է Էդվինի 10-ամյա հոբելյանը եւ հենց այսօր լրանում է Մասիսի մահվան 40 օրը։ Օրը նշվելու է լուռ, արցունքներով ու ցավով, այնինչ պիտի դառնար Էդվինի կյանքի ամենապայծառ օրերից մեկը, հայրն այդպես էր որոշել։ Էլվիրան հիշում է՝ ինչ էլ լինի երեխաների ծնունդը պիտի միշտ նշեր, խնջույք ու ուրախություն, երեխան իրեն պիտի լավ զգա այդ օրը․ «Դու հո քո երեխայի դուշմանը չես, որ չուրախացնես, իր օրվա հերոսը չդարձնես երեխային»,-հիշում է ամուսնու խոսքերը։

7987

Մասիսը որոշել էր երեխաների համար հեռախոսներ գներ, ասել էր, որ մայիսի 5-ին կտա երեխաների սպասցած նվերը։ Մայիսի 5-ին Էլվիրան կատարեց ամուսնու խոստումը․ «Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ինքն էր ուզում»,-ասում է նա։

Էդվինի տարեդարձն առաջին անգամ առանց հոր կանցնի եւ ցավոք արդեն հավերժ։ Փոքրիկի ցանկությունը մեկն է, եթե հայրը լսում է իրեն, ապա մի քանի բառ կասեր միայն․ «Պապ, էլ ձեռքս բաց չթողնես․․»։

7989

Մարիամ Սարգսյան

karabakh-open.info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս