«Արևմուտքը փորձում է խորը կերպով ներգրավվել ԼՂՀ հակամարտության կառավարման գործընթացում»

Մայիսի 16-ին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը, դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, միջոցառման ներկայացուցչականությունը որոշակի հարցեր են առաջացրել հակամարտող երկրների փորձագիտական հանրության շրջանում։ Վիեննայում կայացած հանդիպման և դրան հաջորդած որոշ զարգացումների շուրջ «168 Ժամը» զրուցել է ՌԴ Հումանիտար պետական ինստիտուտի դոցենտ, վերլուծաբան Ալեքսանդր Գուշչինի հետ։

– Պարոն Գուշչին, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շնորհիվ Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի արդյունքներով տարածված հաղորդագրությունը հուշում է, որ կողմերը պայմանավորվել են վերահսկողական մեխանիզմների ներդրման շուրջ։ Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում այդ հադիպման արդյունքները, և ձեռք բերված պայմանավորվածություններն, ըստ Ձեզ, որքանո՞վ են կայուն աշխարհաքաղաքական զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա վստահության դեֆիցիտի ներկայիս պայմաններում։

– Ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտությունն այսօր այլևս երկկողմ հակամարտություն չէ, այստեղ արդեն կա թուրքական գործոն, ռուս-արևմտյան առճակատում, բայց մեծ հաշվով, չնայած Հարավային Կովկասի շուրջ առկա տարաձայնություններին, ոչ մի միջնորդ, որն անվտանգութուն է ապահովում, չի կարող դոմինանտ դիրքեր ունենալ Հարավային Կովկասում ներկայումս, այդ թվում՝ Արևմուտքը։

Ուստի Ռուսաստանը ևս չի կարող վերահսկել իրավիճակը, ինչպես և Արևմուտքը։ Այս իմաստով, իմ համոզմամբ, Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի միջև կոնսենսուս կա։ Իհարկե, այս գերտերությունների շահերը բախվում են, բայց դրանք բախվում են և ինչ-որ մի կետի են հասնում։ Ինձ թվում է, որ այս փուլում ոչ մի կողմ չի ցանկանում այս տարածաշրջանում հակամարտության կտրուկ լարում։ Վիեննական հանդիպումն իրավաբանական կամ բեկումնային արդյունքների չհանգեցրեց, դժվար էր նույնիսկ նման արդյունքներ ակնկալել ապրիլյան պատերազմից հետո։

Ավելին՝ այն փաստը, որ բանակցությունները շարունակվում են, արդեն իսկ դրական ընթացք է։ Չեմ կարծում, որ ինչ-որ խաղաղարարական մեխանիզմ արագ կերպով կներդրվի, դրա շուրջ պայմանավորվածությունը բավականին բարդ կլինի։ Ուստի այն ժամանակավոր արդյունքները, որոնց մասին դուք խոսեցիք, համեմատական առումով հաջողություն է։ Հետևաբար՝ չնայած կողմերի դիրքորոշումները տարբեր են, և հետագա լարման հավանականությունը նախկինի նման բարձր է, կարծում եմ, բեկում ակնկալել պետք չէ՝ հաշվի առնելով Արդբեջանի կտրուկ դիրքորոշումը և հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանին ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է, իսկ Ադրբեջանի ներսում տիրում են այնպիսի տրամադրություններ, թե իրենք հաջողության են հասել, ուստի առճակատումը շարունակվելու է, բայց լուրջ բախումներ Վիեննայի հանդիպումից հետո երևի թե չեն լինի։

Կարծում եմ, որ բանակցային գործընթացի շարունակականությունը կարևոր է, եթե միջնորդներին հաջողվի կողմերին պահել բանակցային սեղանի շուրջ, դա կարելի է բեկում համարել, քանի որ մենք կվերադառնանք այն փուլին, երբ թեկուզ հակամարտության որոշակի սառեցումը կհանդիսանա դրական քայլ։ Ավելին, Ադրբեջանը դժվար իրադրության մեջ է, թեև ուժեղացրել է բանակը, կա թուրքական գործոնը, Ադրբեջանի ռազմաքաղաքական այս ակտիվությունը կարող է հարուցել Իրանի դժգոհությունը, Ռուսաստանի սահմանափակող դիրքորոշումը, ուստի այստեղ, իհարկե, իրավիճակը դժվար է, և կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը, որն ունի ավելի ազատ ձեռքեր, քան Հայաստանը, հաշվի առնելով տնտեսական իրավիճակը՝ իրենց դիրքորոշումներում սահմանափակված են։

– Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովն այսօր արդեն հերքել է, որ Ադրբեջանը Վիեննայում պարտավորություններ է ստանձնել և հայկական կողմի հետ պայմանավորվել վերոնշյալ հարցերի շուրջ։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ պայմանավորվածություններն անհուսալի են, և նոր ռազմական գործողությունները սարի ետևում չեն։

– Սա խոսում է այն մասին, որ առաջին հերթին՝ Ադրբեջանի ներքին օգտագործման համար սահմանափակ հաջողությամբ ռազմական գործողությունից հետո, ինչպես նրանք են կարծում, դժվար թե կարողանային հայտարարել որոշակի զիջումների մասին, քանի որ հասարակական կոնսենսուսի տեսանկյունից քաղաքականապես սխալ կլիներ։ Երկրորդ՝ այդ պայմանավորվածությունները ոչ թե համաձայնեցված էին Վիեննայում, այլ բանակցություններն այնպես էին ավարտվել, որ այդ հայտարարությունը չէր հակասում այդ բանակցությունների ելքին։ Բաքուն իրեն դիրքավորում է այնպես, որ հասկանալի դառնա, որ Ադրբեջանի ձեռքերն ազատ են այն իմաստով, որ լարվածության դեպքում նրանք իրենց իրավունք կվերապահեն հերթական հարձակման կամ սահմանափակ գործողությունների համար։

Սակայն չեմ կարծում, որ այդ հանդիպմանը կհաջորդի այնպիսի սուր արձագանք, ինչպիսին ապրիլյան պատերազմն էր։ Բայց կրկնեմ, որ սա վերաբերում է կարճաժամկետ ապագային, քանի որ զարգացումների դինամիկան այնպիսին է, որ դժվար է կանխատեսել, որ իրավիճակը կպահպանվի։ Այստեղ իրավիճակը կարող է փոխվել յուրաքանչյուր պահի, եթե մենք խոսում ենք լավատեսության մասին, ապա դա մի քանի ամսվա հեռանկար է, իսկ հետո արդեն կտեսնենք, թե ինչպիսին կլինեն հաջորդ հանդիպումների արդյունքները։

– Ապրիլյան պատերազմից հետո, ինչպես ռուսական ԶԼՄ-ներն էին գրում, ռուսական կողմը նախագահական մակարդակով հանդիպում էր ծրագրում, ինչը տապալվեց, սակայն հանդիպում կայացավ Վիեննայում։ Կարծես թե ռուսական կողմը, որը միշտ ձգտում էր հակամարտությունում պահպանել իր գերիշխող դիրքերը, տապալեց իր նախաձեռնությունը, և աշխատանքի անցան արևմտյան համանախագահները, ինչը կարգավորումը տեղափոխեց Մինսկի խմբի ձևաչափ։ Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դիրքերը ղարաբաղյան հակամարտությունում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում։

– Որոշ ԶԼՄ-ներում գնահատականներ կան, թե Ռուսաստանը կորցնում է Հարավային Կովկասը, և այլն։ Ես կարծում եմ, որ տակտիկական առումով տեղի ունեցողը ռուսական դիվանագիտության համար հաջողություն որակել հնարավոր չէ, բայց ես նաև այս ամենը լիակատար ձախողում չէի համարի, քանի որ զենքի վաճառքի վերաբերյալ հայաստանյան հասարակության արձագանքը բավականին սուր էր, կան որոշակի խնդիրներ այդ իմաստով, բայց ինձ թվում է, որ, եթե չլինի սուպեր մեծ լարվածություն ոչ միայն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլ ավելի լայն՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Արևմուտքի ներգրավման, Ռուսաստանը չի աջակցելու որևէ կողմի, նման բան պետք չէ սպասել։

Սերտ հարաբերություններ Բաքվի և Մոսկվայի միջև չեն լինի, բայց Բաքուն Մոսկվայի համար կարևոր է և՛ էներգետիկայի, և՛ Իրանի, և՛ Կասպյան ավազանի հարցերում, ուստի այստեղ 100%-անոց բեկում հնարավոր չէ։ Հասկանալի է, որ Հայաստանի համար սա բարդ ընկալելի է, և, բացի դրանից, Հայաստանի սպասելիքները ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից չեն արդարացվում, ԵՏՄ-ում փոխադարձ առևտրի ծավալներն անկում են ապրում, չնայած սահմանափակումների վերացմանը, պետք է հասկանալ, որ Ռուսաստանը պահպանելու է ներկայիս տեմպը։

Արևմուտքն է ներգրավվել կարգավորման գործընթացում, և, այո, կարծում եմ, որ հակամարտության կարգավորման գերիշխանություն Մոսկվան չունի, և վիեննական հանդիպման փաստը ցույց է տալիս, որ Արևմուտքը տակտիկական տեսանկյունից փորձում է օգտագործել ստեղծված իրավիճակը և խորը կերպով ներգրավվել հակամարտության կառավարման գործընթացում։ Ուստի, ըստ իս, Մոսկվայի դերակատարությունն ամեն դեպքում բարձր է լինելու՝ հաշվի առնելով ռազմական ներկայությունը Հայաստանում, Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը, կարգավորման տեսանկյունից՝ Մինսկի խմբի և Արևմուտքի դերակատարությունը ներկայումս աճել է։

– Այնուամենայնիվ Դուք համագործակցություն Արևմուտքի և Ռուսաստանի միջև տեսնո՞ւմ եք, սրանք համաձայնեցվա՞ծ քայլեր էին, թե՞ ոչ։

– Տեսական փոխըմբռնման մասին խոսելը վաղ է։ Կարծում եմ, որ Հարավային Կովկասում, ինչպես Կենտրոնական Ասիայում, ինչպես հետսովետական տարածքի արևմտյան հատվածում, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունները մրցակցային են, դա վերաբերում է ոչ միայն հակամարտությանը, այլև Հայաստանում և Ադրբեջանում նրանց ազդեցություններին։ Այդ մրցակցությունը շարունակվելու է։

Բայց ռազմական լարման տեսանկյունից՝ և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը, և՛ Փարիզն այս փուլում փորձում են գտնել եղանակներ, որպեսզի այս լարումը դադարի, և դա կարևոր ելք է։ Ակնհայտ է, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում, որ հակամարտությունը դառնա զինված։ Բայց քաղաքական լուծման ալգորիթմը հայտնի և հասկանալի չէ։ Կողմերը շատ հեռու են իրենց դիրքորոշումներում, ուստի կրկին վերադառնում ենք սառեցմանը։

– Պարոն Գուշչին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել՝ քննարկելով նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը Վիեննայի հանդիպումից հետո։ Ի՞նչ է սա նշանակում։

– Կա ուկրաինական ճգնաժամ, սիրիական խնդիր, որոնք հանդիսանում են առանցքային խնդիրներ Ռուսաստանի համար, Ռուսաստանն իսկապես հզորագույն երկիր է, որի արտաքին քաղաքականությունը լուրջ կերպով դիվերսիֆիկացված է, չնայած առկա բոլոր խնդիրներին այս երկու տարածաշրջաններում, կան շատ լուրջ խնդիրներ, որոնք պետք է կարգավորել։ Դե ֆակտո հանրապետությունների խնդիրները հետսովետական տարածքում Ռուսաստանի ամենախոշոր արտաքին քաղաքական խնդիրներից են, ուստի այն լարվածությունը, որն ապրիլին տեղի ունեցավ Ղարաբաղում, կապ ունի ոչ միայն Ղարաբաղի հետ, այլև որոշումների կայացման այն կարգի հետ, որն առկա է, ԵՏՄ-ի շրջանակում խաղացողների համագործակցության հետ, ՀԱՊԿ-ի հետ, ուստի այս լարվածությունը հարված է հասցնում ոչ միայն Հարավային Կովկասում առկա երկրների հարաբերություններին, այլև ունի նշանակություն ինտեգրացիայի տեսանկյունից, այն ազդում է շատ այլ գործընթացների վրա, ուստի Ռուսաստանի համար կարգավորումը կամ ռազմական գործողությունների դադարեցումն առաջնահերթություն է, որի համար էլ այն բարձր մակարդակով քննարկվում է։

Տեսանյութեր

Լրահոս