Բաժիններ՝

Ազգային ժողովում քննարկվում է ԿԲ 2015թ. գնաճի հաշվետվությունը

Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է ՀՀ կենտրոնական բանկի 2015 թ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (գնաճի հաշվետվություն): ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց, որ 2015 թ-ին ՀՀ հիմնական գործընկեր երկրներում պահպանվել են տնտեսական ակտիվության դանդաղ աճի միտումները, ինչի պարագայում արտաքին պահանջարկը մնում է ցածր մակարդակում:

Հիմնական ապրանքների միջազգային շուկաներում տարվա ընթացքում արձանագրվել են գնանկումային միտումներ: Ըստ նրա` կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն սպասվում: 2015 թ. ընթացքում տնտեսական ակտիվության աճը կազմել է 3.1%` պայմանավորված հիմնականում գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ճյուղերի թողարկման ծավալների աճով: Այս պարագայում 2015 թ. տնտեսական աճը գնահատվում է 3.1 – 3.3% միջակայքում:

ԿԲ նախագահը նշեց, որ 2016 թ. տնտեսական աճը գնահատվում է 1.5 – 2.6% միջակայքում, ինչը համեմատաբար ցածր է` պայմանավորված ՀՀ գործընկեր երկրների տնտեսությունների ակնկալվող թույլ վերականգնմամբ, հանքահումքային ապրանքների գների ցածր մակարդակով և գյուղատնտեսության ոլորտի հագեցվածության բարձր աստիճանով: ԿԲ-ն կանխատեսում է, որ 2017 թ-ից տնտեսական աճի տեմպերը կարագանան և կանխատեսվող հորիզոնի վերջում այն կկազմեն 3.0 – 4.5%: Կանխատեսվող հորիզոնում, մասնավոր պահանջարկի կայունացման և հարկաբյուջետային քաղաքականության` ընդհանուր առմամբ զսպող ազդեցության արդյունքում, ներքին գների վրա համախառն պահանջարկի ազդեցությունը կլինի որոշակի գնանկումային` չեզոքանալով հորիզոնի վերջում:

2015 թ. վերջին 12-ամսյա գնաճը կազմել է -0.1%, ինչը պայմանավորվել է պահպանվող ներքին ու արտաքին ցածր պահանջարկով, գյուղատնտեսության ճյուղի արտադրանքի մեծ առաջարկով, ինչպես նաև այն հանգամանքով, որ տարեվերջին արդեն ներքին գներում մասամբ արտացոլվել էր արտաքին գների` տարվա ընթացքում արձանագրված նվազումը:

Կանխատեսվող հորիզոնի վերջում 12-ամսյա գնաճը կկայունանա իր նպատակային 4% մակարդակի շուրջ: 2016 թ. առաջին կիսամյակում կպահպանվի թույլ գնանկումային միջավայր, քանի որ և´ ներքին տնտեսությունից, և´ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում: Գնաճի կանխատեսումներում հաշվի է առնվել 2016 թ. մայիսին նախատեսվող ակցիզային հարկի փոփոխության գնաճային ազդեցությունը: Այս զարգացումների ներքո ԿԲ-ն գնահատում է, որ տարեվերջին 12-ամսյա գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածի շրջակայքում, իսկ հետագա ամիսներին աստիճանաբար կընդլայնվի` կանխատեսվող հորիզոնում մոտենալով և կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

ԿԲ-ն գնահատում է, որ ստեղծված ցածր գնաճային միջավայրում 2016 թ. առաջին եռամսյակում նպատակահարմար է շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը, որը, զուգակցվելով տարեսկզբից իրականացված դրամավարկային պայմանների մեղմման հետ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործմանը: Ընդ որում, դեռևս պահպանվող համեմատաբար բարձր գնաճային սպասումների պարագայում` նվազման ուղղությամբ գնային կոշտությունների և դոլարայնացման ավելացման ռիսկի ներքո ԿԲ-ն կարևորում է դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը:

Կանխատեսված ցուցանիշից գնաճի շեղման ռիսկերը կարճաժամկետ հատվածում գնահատվում են նվազման ուղղությամբ, իսկ միջնաժամկետ հատվածում` հավասարակշռված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս