Բաժիններ՝

Վիրավոր զինծառայողներից երկուսը կտեղափոխվեն Գերմանիա. նրանցից մեկն արդեն մայիսի վերջին. Armtimes.com

Ապրիլյան պատերազմի ընթացքում Թալիշում ծանր վիրավորում ստացած Արման Լազգիյանի եւ Ռուբեն Առաքելյանի հարազատները հանգանակություն են սկսել` երիտասարդների բուժումը Գերմանիայում կազմակերպելու նպատակով: Ծնողները որոշել են այլեւս հույսեր չկապել կառավարության հետ, թե նա պետբյուջեից հոգալու է իրենց երեխաներին տեղափոխելու ծախսերը:

Գործադիրն, ինչպես հայտնի է, ապրիլի 21-ին ընդունած համապատասխան որոշմամբ պատրաստակամություն էր հայտնել հոգալ զինծառայողների` արտերկրում բուժման, կեցության ու ճանապարհի ծախսը, եթե նրանց բուժումն այստեղ հնարավոր չէ: Բայց կառավարության տվյալ որոշումն առայժմ կյանքի չի կոչվել, որովհետեւ շարունակ հայտարարվում է, թե վերջին պատերազմում վիրավորված զինծառայողներից եւ ոչ մեկին արտերկիր տեղափոխելու անհրաժեշտություն ու նպատակահարմարություն առայժմ չկա, եւ որ Հայաստանում նրանց բուժումն իրականացվում է ամբողջ ծավալով: Այդպիսի կարծիք էին հայտնել օրեր առաջ Հայաստան ժամանած գերմանացի բժիշկները, հայտարարել են նաեւ առողջապահության գերատեսչության ղեկավարները: Նախարար Արմեն Մուրադյանը նույնպես երեկ լրագրողների հետ զրույցում խոսել է այդ մասին: Անդրադառնալով երիտասարդների ներկայիս վիճակին` նա ասել է, որ դա բարդացնում է տեղափոխությունը:

«Ջերմություն, թթվածնակախյալ վիճակ, պառկելախոց, խողովակ… Սրանք բացառելու են որեւիցե տեսակի վերականգնողական բուժում: Քանի կա պառկելախոցը, ջերմությունը, խողովակը, որեւիցե վերականգնողական բուժում չեն կարողանալու իրականացնել: Սա բացարձակ իրականություն է»,- հավաստիացրել է Արմեն Մուրադյանը: Բայց ինչքան էլ առողջապահության նախարարությունը զինծառայողներին արտերկիր տեղափոխելը գտնում է ոչ նպատակահարմար, ծնողները վճռական են: Նախարարը խոստանում է ամեն դեպքում նրանց կողքին լինել՝ արտասահմանցի գործընկերների հետ անհրաժեշտ զրույցներ ունենալով, օգնելով հովանավորներ գտնել եւ այլն:

Բայց հետաքրքրական է, որ վիրավոր զինծառայողների տեղափոխության անիմաստությունը հիմնավորելիս հղում չի արվում որեւէ «շոշափելի» հանձնաժողովի եզրակացության վրա: Մինչդեռ այդ հանձնաժողովը պետք է որ գոյություն ունենար: Կառավարության ապրիլի 21-ի որոշման մեջ առողջապահության նախարարին հանձնարարվում է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաեւ ՊՆ-ի, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության բժշկական կամ ռազմաբժշկական ստորաբաժանումների, ինչպես նաեւ դրանց ենթակայության բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներից ստեղծել ՀՀ տարածքում գործող՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության ու զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տվող հանձնաժողով եւ հաստատել դրա կազմն ու աշխատակարգը: Նախարարությունից, սակայն, այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ ստեղծվե՞լ է նշված հանձնաժողովը, ովքե՞ր են ընդգրկված դրա կազմում:

«Զինծառայողների առողջության հետ կապված խնդիրները եւ հետագա բուժումը գտնվում են առողջապահության նախարարի անմիջական վերահսկողության ներքո: Ներկա պահին քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները. թե՛ արտերկրում բուժման կազմակերպումը, թե՛ տեղում օտարերկրյա բժիշկների ներգրավվածությամբ վիրահատություններ կազմակերպելը: Պետք է նկատի ունենանք եւ հաշվի առնենք, որ այսօր տեղափոխումը հնարավոր է՝ բարդությունների հանգեցնի: Արդեն իսկ արտերկրում տարբեր մասնագետների հետ քննարկվել են այդ հարցերը, մեր տեղի բժիշկների հետ կազմակերպվել են բժշկական կոնսիլիումներ: Արվում է ամեն ինչ դրական արդյունք ունենալու եւ մեր զինվորների առողջությունը վերականգնելու համար: Բոլորիս նպատակը զինվորների առողջական վիճակի բարելավումն ու վերականգնումն է, ուստի առաջարկում ենք այս հարցում համատեղ աշխատել, քանի որ նուրբ է եւ խիստ մասնագիտական: Հաշվի առնելով զինծառայողի ծնողի վճռականությունը, զինծառայողի` արտերկիր տեղափոխման հարցը ՀՀ առողջապահության նախարարությունում մասնագետների մասնակցությամբ ներկա պահին գտնվում է քննարկման, բանակցային փուլում: Արմանի հայրը` Միքայելը, ցանկանում է ժամ առաջ տեղափոխել տղային Համբուրգ: Տեղի եւ արտերկրի մասնագետների հետ կազմակերպչական հարցերի շուրջ քննարկումները, բանակցային աշխատանքները շարունակվում են»,- մեզ հետաքրքրող մի շարք հարցերին ի պատասխան փոխանցել են առողջապահության գերատեսչությունից:

«Ես այն ժամանակ էլ ասել եմ, որ առանձնապես մեծ ակնկալիքներ չունեմ այսօրվա մեր պատերազմական վիճակում գտնվող կառավարությունից: Ասել եմ՝ կարող եք աջակցել, բայց այնպես չէ, որ ես պահանջատեր եմ, որ գիտե՞ք ինչ կա, իմ տղան գնացել է Ղարաբաղ եւ այլն, եւ այլն: Իմ տղան ինքն է ընտրել` որտեղ ծառայել, իր խիզախությունն է ցույց տվել: Մինչեւ օրս ոչ էլ փոշմանել է, ոչ էլ մեկնումեկս զղջում ենք: Ցավում ենք: Ինչ ունենք՝ ունենք արդեն: Փորձում ենք ինչով կարող ենք օգնել: Հավատում եմ իմ ժողովրդին: Ինձ չի թվում, որ Արմանի նման զինվորները կմնան ուշադրությունից դուրս»,- մեզ հետ զրույցում ասաց Արման Լազգիյանի հայրը:

Միքայել Լազգիյանը տեղեկացրեց, որ Գերմանիայի մի քանի կլինիկայի հետ կապեր են հաստատել, բոլորն էլ այն կարծիքին են, որ տղային կարելի է տեղափոխել եւ անհրաժեշտ բժշկական միջամտությունները ավելի որակով եւ ավելի արագ կարվեն, քան Հայաստանում: Ռուբեն Առաքելյանի ծնողները նույնպես աշխատում են իրենց միակ որդուն բուժման համար Գերմանիա տեղափոխելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ թե Ռուբենը, եւ թե Արմանը ստացել են նույնատիպ վիրավորումներ, հակառակորդի գնդակը մտել է նրանց կոկորդից` ողնաշարով դուրս եկել՝ վնասելով կերակրափողը, շնչափողը, ձայնալարերը, ողնաշարը, ողնուղեղը: Տղաներն այժմ հենաշարժողական խնդիրներ ունեն, խոսել չեն կարողանում:

Ռուբենին օգնելու համար բացված հաշվեհամարը հետեւյալն է.

ՎՏԲ բանկ.
AMD 16041036866800
USD 16041036866801
EUR 16041036866802
RUR 16041036866803

Ստացող Անահիտ Մկրտչյան

Արմանի համար բացված հաշվեհամարն է.

AMD Arman Lazgiyan 006-057517-001
MIDLAM22
RUB Arman Lazgiyan 006-057517-103
MIDLAM22
EUR Arman Lazgiyan 006-057517-102
MIDLAM22
USD Arman Lazgiyan 006-057517-101
MIDLAM22

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս