Չկա կոնսենսուս, չկա ֆինանսավորում
Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ ՀՀ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ուշագրավ բացահայտումներ արեց: Նա հայտարարեց, որ միջազգային դոնոր կազմակերպություններից ֆինանսական աջակցություն դեռ չկա, թեև իրենք դիմել են նրանց:
Մինչդեռ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին միջազգային հանրության անունից խոստացել էր ընտրական գործընթացները ֆինանսավորել, սակայն մեկ պայմանով` նախագիծը պետք է լինի լավը և արժանանա բոլոր կողմերի հավանությանը: «Մենք պատրաստ ենք օգնել մեր հնարավորությունների սահմաններում։ Բայց, ինչպես նախկինում էլ հստակ ասել ենք, մեզ համար կարևոր է տեսնել, որ ունենք Ընտրական օրենսգրքի լավ նախագիծ, որն արտացոլում է միջազգային կառույցների առաջարկները և բարձրացնելու է Հայաստանում վստահության մակարդակը»,- ասել էր Պ.Սվիտալսկին։
Այսինքն` ֆինանսավորում ստանալու համար անհրաժեշտ է կոնսենսուս: Եվ, ստացվում է, որ այդ կոնսենսուսն առաջին հերթին հարկավոր է իշխանություններին: Չէ՞ որ խոսքը փոքր գումարի մասին չէ: Իսկ ՀՀ կառավարությունը չի կարող բաց թողնել դոնորներից ֆինանսավորում ստանալու որևէ հնարավորություն:
ԵՄ դեսպանի խոստումի վերաբերյալ 168.am-ի հարցը, թե ֆինանսավորման բացակայությունը արդյոք նշանակո՞ւմ է բացասական գնահատական ԸՕ նախագծին, Դ.Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանել և խորհուրդ տվեց դիմել անձամբ դեսպանին:
Նա հերքեց Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, որ «4+4+4» ձևաչափով քննարկումների արդյունքներով հայտարարություն է նախապատրաստվում` կոնսենսուսի վերաբերյալ: Մեր հարցին ի պատասխան` նա հայտարարեց, որ փաստաթուղթ չի մշակվում:
«Ես չեմ բացառում կոնսենսուսի կայացումը: Մենք ունենք երկու խնդիր` ԸՕ-ն հունիսի 1-ին պետք է ուժի մեջ մտնի, բայց դա չի նշանակում, որ կոնսենսուսի հնարավորությունը փակվում է այս փուլում: Կարող ենք անգամ հունիսի 1-ից հետո էլ գալ կոնսենսուսի»,- ասաց Դ.Հարությունյանը` հավելելով, որ պատրաստ են այն քննադատություններին, որոնք միջազգային կառույցները կարող են ուղղել ՀՀ իշխանություններին`ԸՕ-ն ոչ կոնսենսուսային կարգով ընդունելու համար: