«Մեր մասնակցի իրավունքն է Արցախի դրոշը բարձրացնել, թե Մեծ Հայքի ու Տիգրան Մեծի ժամանակշրջանի Հայաստանի». Էդուարդ Շարմազանով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության բառապաշարը համահունչ էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյան թեզիսներին: Այս մասին Հայաստանի Հանրապետական Կուսակցության (ՀՀԿ) Գերագույն մարմնի (ԳՄ) նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Այնտեղ հստակ նշված էր վստահության մեխանիզմների ամրապնդման մասին, նշվում էր զինադադարի պահպանման անխուսափելիության մասին: Այսինքն` այն միտքը, մեսիջները, թեզիսները, որոնք տվել է Հանրապետության նախագահը, երեք առաջարկությունները, որոնց մասին խոսել է Հանրապետության առաջնորդը ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո, հիմնականում տեղ են գտել համանախագահների հայտարարությունների մեջ»,- ասել է նա:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` այսօրվա հայտարարությանը, Էդուարդ Շարմազանովն ասել է, որ հայտարարությունը տեղավորվում է նախագահ Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ի ծրագրային ելույթում և այն պետք է դիտարկել այդ կոնտեքստում. «Փետրվարի 12-ին նախագահ Սարգսյանը հստակ նշեց այն առաջնահերթությունները, որով պետք է շարժվեն պետական ապարատը, պետական համակարգը, պետական պաշտոնյաները: Մենք պետք է պայքարենք կոռուպցիայի ախտի դեմ, հովանավորչության դեմ և բոլոր այն վատ երևույթների դեմ, որոնք կխոչընդոտեն Հայաստանի զարգացմանը թե ժողովրդավարության առումով, թե մարդու իրավունքների պաշտպանության, թե առհասարակ արդարության զարգացմանը»:
Նա նշեց, որ արդյունքները միշտ չէ, որ միանգամից երևում են. «Երբ սերմը ցանում ես, ցորենը ցանում ես, միանգամից պտուղ չի տալիս: Երբ սերմը ցանում են, այն պետք է ջրեն, արև պետք է լինի, պետք է փայփայեն: Ի վերջո ժամանակ է պետք, որ այդ սերմից պտուղ առաջանա: Հիմա սերմը ցանվել է, և մենք բոլորս պետք է փայփայենք, որ այդ առողջ սերմը, որ ցանվել է մեր հողի մետ, պտուղ տա, իսկ դրա համար պետք է ժամանակ: Եվ անհրաժեշտ է, որպեսզի այդ ժամանակի ընթացքում տարբեր մոլախոտեր այդ սերմը չուտեն»:
Էդուարդ Շարմազանովն ասել է նաև, որ ապրիլյան քառօրյա պատերազմն առավել ցայտուն դարձրեց և՛ մեր առավելությունները, և՛ թերությունները: «Եվ շատ դրական է, որ կառավարությունը պատրաստակամ է տեսնել այդ թերությունները և պատրաստակամ է լուծել այդ թերությունները, պատրաստակամ է մեր հանրությանն ասել, որ բավարար չեն մինչ այս ստացված արդյունքները»,- ասել է նա:
Անդրադառնալով «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանի կողմից Արցախի դրոշը բարձրացնելուն, Էդուարդ Շարմազանովն ասել է. «Շատ էլ ճիշտ է արել, որ բարձրացրել է մեր դրոշը: Մեր արտգործնախարարությունը դրա մասին խոսել է: Մեր մասնակցի իրավունքն է Արցախի դրոշը բարձրացնել, թե Մեծ Հայքի ու Տիգրան Մեծի ժամանակշրջանի Հայաստանի»: