«Մեր դիվանագետը եթե խոսում է Մադրիդյան սկզբունքներից, նա արդեն մերը չի»

Մեր զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը

– Պարոն Կարապետյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպելու ժամանակը, և պատրաստ են կազմակերպել այդ հանդիպումը հաջորդ շաբաթ Վիեննայում: Սակայն ԼՂՀ նախագահի մասին չի նշվում: Ձեր կարծիքով՝ արդյոք չպե՞տք է նաև Արցախի նախագահը լինի այդ հանդիպմանը:

– Ի սկզբանե պետք է միայն այդպես լիներ, և ՀՀ նախագահը չպետք է մասնակցեր հանդիպումներին:

– Ի՞նչ է պետք անել, որպեսզի ԼՂՀ նախագահը կրկին ակտիվորեն ներգրավվի բանակցություններում:

– Պետք է դառնալ ազգ-բանակ: Այդքան բան:

– Իսկ համանախագահների առաջարկած այս երկկողմ հանդիպմանը Սերժ Սարգսյանը պե՞տք է համաձայնի, և եթե գնա, ինչի՞ շուրջ պետք է խոսի:

– Մենք միշտ մեզ անօրեն վիճակի մեջ ենք դնում, այսինքն՝ այն բոլոր պայմանագրերը, որոնցով Հայաստանը կիսել են, Ղարաբաղը տվել են, և այլն, ինչ-որ հարցեր են կարգավորել, կարծես թե մենք այդ պայմանագրերն ընդունում ենք: Բայց կա Սևրի պայմանագիր, որը բոլորից ամենալեգիտիմն է, և մենք պետք է դրանով առաջնորդվենք: Մինչև 36 թ. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատուն է եղել, և դա հենց այնպես չէր: Եվ այդ տարածքային ամբողջականության սկզբունքը մեզ է վերաբերում, ոչ թե թուրքերին: Ադրբեջանը մինչ օրս միջազգային ընդունված սահման էլ չունի: Այսինքն՝ մենք պետք է պահանջենք, որ մեր հողերը մեզ տան, և շատ կոշտ պետք է այդ հարցը դնենք, իսկ մենք իրենց դաշտում ենք ինչ-որ խաղեր խաղում: Մեր զինվորները հերոս են, բայց մեզ նաև անհրաժեշտ են հերոս դիվանագետներ, որոնք պատրաստ են իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերել: Սակայն հերոս դիվանագետներ չունենք, և մեր դժբախտությունների մեծ մասն էլ դրանից է: Դիվանագիտությունը կաղում է, պետք է այդ վիճակը կտրուկ փոխենք: Օրինակ՝ ինչ-որ կիսատ բաներ են անում, բայց ո՞ւմ են վախեցնում, թե՝ Ղարաբաղը կընդունենք: Ա´յ մարդ, ընդունում եք՝ ընդունեք, չեք ընդունում՝ մի ընդունեք, բայց ինչ-որ քայլեր արեք, որ երևա՝ դիրքորոշում ունեք և պինդ եք:

Սերժ Սարգսյանն ուզում է՝ ընդունի, ուզում է՝ չընդունի համանախագահների հրավերը: Դա ես չեմ որոշում և ոչ էլ որևէ սպասելիքներ ունեմ դրանից:

Ղարաբաղյան շարժումը սկսել էինք, որպեսզի Արցախը վերամիավորեինք Հայաստանի հետ և միասնական պետություն ունենայինք: Այսօր էլ պետք է դրան ձգտենք: Եթե ՀՀ նախագահը գնում է բնակցությունների, նա պետք է գնա Հայաստան-Արցախ միացրած մեծ Հայաստանի անունից: Քանի որ ինչին ձգտել ենք, բայց չենք արել, դրա համար էլ այս վիճակում ենք այսօր: Այն գլխից պետք է միանայինք, դրա համար էր ողջ ազգը ոտքի կանգնել, և մեր բոլոր հարցերն արդեն լուծված կլինեին: Հիմա եթե Սերժ Սարգսյանը թուրքերի հետ գնում է բանակցությունների, պետք է նաև՝ որպես Արցախի նախագահ գնա:

– ՀՀ պաշտոնյաներից ոմանք խոսում էին ազատագրված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու մասին, բայց չեն խոսում Գետաշենի, Շահումյանի և մյուս զավթված շրջանները ետ բերելու մասին:

– Ով խոսում է ազատագրված տարածքները վերադարձնելու մասին, նա դավաճան է: Եթե մի մարդ այդ հարցում սկսեց «լողալ» և մտքով անցկացնում է հող վերադարձնել այս կամ այն չափով, նշանակում է, ինքը մեր հայրենիքին դեմ է: Ավելին՝ մեր դիվանագետը եթե խոսում է Մադրիդյան սկզբունքներից, նա արդեն մերը չի: Չգիտեմ՝ ումն է: Մեր դիվանագետը «Մադրիդյան սկզբունք» արտահայտությունն այլևս իրավունք չունի գործածել: Այդ սկզբունքներն ի սկզբանե սխալ էին, հիմա՝ առավել ևս: Ինչ-որ խաղեր եք խաղացել, հասկացանք, բայց այս 4-օրյա պատերազմից հետո էլ ինչպե՞ս կարելի է խոսել Մադրիդյան սկզբունքներից:

Ինչ վերաբերում է Գետաշենին և մյուս տարածքներին, ապա մեր սահմանները և´ Գետաշենն է, և´ Դաշքեստանն է, և´ Գանձակն է, և այլն: Դիվանագետները պետք է խոսեն մեր ամբողջ հայրենիքի մասին: Սա մեր հայրենիքի մի մասն է, որ մերն է: Թե´ մարդու և թե´ պետության մեծությունն ու փոքրությունը տարածքով չի չափվում, չափվում է գաղափարով:

 

Տեսանյութեր

Լրահոս