«Նռնակներով ոչնչացրինք հատուկջոկատայիններին, մտանք դիրք. Չկարողացանք երկար պահել, տանկեր շարժվեցին մեզ վրա…»

ԼԵՎՈՆ-Հատուկ նշանակության խմբի հրամանատար, ավագ լեյտենանտ, «Արիության» մեդալակիր

Հրետանային եւ հրաձգային զենքերի մարտ էր: Ապրիլի 2-ի առավոտյան հրամանով շարժվեցինք  առաջնագիծ:

Հակառակորդը գրավել էր մեր դիրքերից մի քանիսը: Անձնակազմը կռվել էր մինչեւ վերջ: Գրավված դիրքերից 200 մետր էինք հեռու: Պիտի այդ կարեւոր հենակետը պահեինք, որ թշնամին չառաջանար:  Չորս հոգով էինք, հետո ստորաբաժանումից էլի  տղաներ միացան մեզ: Ամրացանք դիրքում: Քողարկվեցինք: Մեծ քանակությամբ զինամթերք էինք վերցրել. երկար մարտեր էին սպասվում: Գրոհներով փորձում էին ճեղքել մեր պաշտպանությունը: Չէր ստացվում: Ազնավուրը նռնականետով 50 մետր հեռավորությունից զրահատեխնիկա շարքից հանեց: Խնդիր ստացանք ազատագրելու գրավված դիրքը: Դիպուկահարի աջակցությամբ առաջացանք: Նռնակներով ոչնչացրինք հատուկջոկատայիններին: Մտանք դիրք: Չկարողացանք երկար պահել, տանկեր շարժվեցին մեզ վրա: Մեզնից մի քանի մետր այն կողմ էլ հակատանկայիններն էին: Վեց տանկ շարքից հանեցին: Վերադարձանք մեր դիրք ու այդտեղից շարունակեցինք կռիվը մինչեւ ապրիլի 4-ի գիշերը: Թշնամին չդիմացավ, ետ քաշվեց: Տասնյակ զոհեր ունեին: Հոգնել էին:

Հաղթեցի՛նք:

Հիմա մեր պահած դիրքից վերահսկում ենք առաջնագծի մի կարեւոր բարձունքը:

ՍԵՎԱԿ- Հատուկ նշանակության խմբի զինծառայող, «Արիության» մեդալակիր

Սիմոնյան Նվերը, Բալայան Ազնավուրը, Սահակյան Ղարիբը երեք օր նռնականետներով կռվեցին: Ամեն մեկը 100-ից ավելի արկ կրակեց: Երեք օր դիմադրեցին: Երեք օր մեր կողքին էին: Հակառակորդի տանկը հարվածեց ու… տղերքը զոհվեցին: Հիմա չեմ հավատում, որ մեր վերջին կռիվն էր միասին: Ղարիբը ծառայության ընթացքում պարգեւատրվել էր «Արիության համար» մեդալով, Ազնավուրի հայրը, քեռին զոհվել էին առաջին պատերազմի ժամանակ, Նվերն էլ եղբոր գրկում մահացավ… Մի՛ հարցրեք` ինչ է պատերազմը… Պարզապես այն, ինչի համար մենք պայքարում էինք, շատ ավելի թանկ էր, քան կյանքը…

5-1-2-1

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
hayzinvor.am

Տեսանյութեր

Լրահոս