«Եթե Մինսկի խումբը երաշխիքներ չտա, ապա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կլեգիտիմացնի Ադրբեջանի ապրիլյան գործողությունները». Սերգեյ Մինասյան
168.am-ի զրուցակիցն է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մինասյանը
– Պարոն Մինասյան, քիչ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպելու ժամանակը: Նրանք նշել են, որ իրենց երկրների արտգործնախարարները պատրաստ են նպաստել՝ հաջորդ շաբաթ Վիեննայում կազմակերպել այդ հանդիպումը: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած երեք պայմանները դեռ չեն կատարվել: Ի՞նչ եք կարծում` պե՞տք է ընդունել համանախագահների առաջարկը:
– Արդյոք իմաստ կա՞ր հանդես գալ այդ նախապայմաններով, եթե պետք է մասնակցեինք նախագահական հանդիպման: Եթե լրացուցիչ երաշխիքներ չկան, այս պահին երևի թե նպատակահարմար չէ հանդիպել:
– Հանդիպման առաջարկից հրաժարումը ևս կարող է առաջացնել այն նույն հիստերիան, ինչ օրեր առաջ, երբ ՀՀ նախագահը ներկայացրեց այդ պայմանները: Այնուամենայնիվ, հրաժարումն ի՞նչ կնշանակի հայկական կողմի համար:
– Խնդիրը ոչ այնքան՝ քարոզչական դաշտն է, այլ ավելի՝ ռազմաքաղաքական և դիվանագիտական դաշտը: Քարոզչական առումով հետաքրքրված կողմերը դա այս կամ այն կերպով վստահաբար օգտագործելու են, այստեղ պարզապես պետք է ճիշտ հաշվարկ արվի` հաշվի առնելով ռազմաքաղաքական իրավիճակը և ՄԽ համանախագահների ոչ այնքան հստակ արձագանքն ապրիլյան դեպքերի ընթացքում: Հաշվի առնելով այս ամենը` ինչպիսի՞ արձագանք պետք է տան մեր իշխանությունները: Այստեղ քաղաքական որոշման հարց կա քաղաքական ղեկավարության կողմից, բայց կարծում եմ՝ այդ հաշվարկները հաշվի առնել է պետք, պետք չէ մտածել, թե դա քարոզչական հետևանքներ կունենա: Եթե դիվանագիտական և ռազմաքաղաքական իմաստով երաշխիքներ լինեն, կարելի է ընդունել առաջարկը:
– Հրաժարումը չի՞ ունենա հետևանքներ: Այսօր չկան բանակցություններ, հասարակությունները սպասում են լուրջ ռազմական սադրանքների շփման գծում, չկան երաշխիքներ:
– Եթե ես համոզված լինեի, որ մեկ կամ երկու հանդիպման արդյունքում մենք կունենանք ավելի ապահով և ավելի կանխատեսելի դիվանագիտական և քաղաքական գործընթաց, որը լիովին կբացառի հետագա ռազմական էսկալացիայի վտանգը, ապա ես կընդունեի հանդիպման առաջարկը, բայց ոչ ոք երաշխիքներ չի կարող տալ, որ, եթե նույնիսկ նախագահների մակարդակով հանդիպում լինի, երկրորդ օրը կամ մեկ ամսից չենք ունենա նոր բռնկում ու նոր իրավիճակ: Բոլորին հասկանալի է, որ, եթե լրացուցիչ պայմաններ ու միջոցներ չլինեն ՄԽ համանախագահների կողմից, հանդիպման փաստը կլեգիտիմացնի Ադրբեջանի ապրիլյան գործողությունները:
– Պարոն Մինասյան, երեկ հայկական մամուլում տարածվեց The National Interest-ի հոդվածն այն մասին, որ հակամարտությունը վտանգում է այն բոլոր գլոբալ էներգետիկ հոսքերը, որոնք անցնում են Ադրբեջանով: Այն արևմտյան ընկերությունները, որոնք ներդրումներ են արել Ադրբեջանում, հնարավո՞ր է՝ իսկապես հրաժարվեն Ադրբեջանի հետ աշխատել՝ հաշվի առնելով նաև հայկական կողմի սպառնալիքները, որ դրանք կարող են հայտնվել հայկական զինուժի թիրախում Ադրբեջանի գործողությունների հետևանքով:
– Հնարավոր է, չնայած այդ հոդվածն ադրբեջանական կողմի պատրաստած հոդվածն էր, բայց այդ մտահոգությունը, որն ադրբեջանցիներն ունեն, արդարացված է: Մեր ԶՈՒ-ն կարող է դիմել քայլերի, որոնք լուրջ վտանգի տակ կդնեն Ադրբեջանի էներգետիկ համակարգը:
– Այս հանգամանքը զսպո՞ւմ է Ադրբեջանի գործողությունները, կամ այդ ընկերությունները չունե՞ն արդյոք լծակներ Ադրբեջանին զսպելու համար:
– Որոշ չափով զսպում է, բայց մենք պետք է հասկանանք, որ միակ զսպող ուժը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն են` իրենց ԶՈՒ-ով, և այստեղ, բնականաբար, ավելի շատ բան կախված է մարտունակությունից և դրա ընկալումից, այլ ոչ թե՝ էներգետիկ կամ արտաքին դերակատարներից, ամենակարևորը ռազմաքաղաքական հաշվարկն է: