«Մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի անվտանգության իրավիճակ կա տարածաշրջանում»
Հայաստանում մեկնարկեց ԵԺԿ-ի հիմնադրման 40-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Մեկնարկը տրվեց «Եվրոպական քաղաքական դաշտը և հայաստանյան կուսակցությունները» կլոր-սեղան քննարկմամբ, որը նախաձեռնել էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ փորձել են ավելի լայն տիրույթ ընդգրկել, քան ԵԺԿ-ին անդամակցող երեք կուսակցությունների` ՀՀԿ-ի, «Օրինաց երկրի» և «Ժառանգության» շրջանակն է:
«Եվրոպական քաղաքական ընտանիքները, անկախ իրենց գաղափարական հենքից` լինեն պահպանողական, լիբերալ,թե սոցիալիստ, կարող են օգտակար լինել Հայաստանում կուսակցական քաղաքական համակարգերի զարգացմանը: Շատ կարևոր է, որ մեր կուսակցությունները կարողանան օգտվել այդ եվրոպական քաղաքական ընտանիքներից` մեր ազգային պետական շահերն առաջ տանելու համար»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Այդ համատեքստում նա հիշեցրեց այն, երբ ԵԺԿ-ին անդամակցող հայկական երեք կուսակցությունների ջանքերով ԵԺԿ-ի քաղաքական համաժողովն ընդունեց աննախադեպ բանաձև Հայոց ցեղասպանության հետ կապված` ամենախիստ ձևակերպումներով, թուրքական իշխանությունների հանդեպ հստակ քաղաքական մոտեցումով: Դրանից բացի, այս տարի ևս, քառօրյա պատերազմի հետ կապված, ԵԺԿ քաղաքական համաժողովը, արդեն ՀՀԿ-ի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ին նույնպես ընդունեց բանաձև, որն իր բովանադակությամբ ամբողջությամբ հայամետ է: Այսինքն, ըստ Արմեն Աշոտյանի, այդ կառույցում հայաստանյան կուսակց ությունների աշխատանքը տալիս է իր արդյունքները:
Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալիսկին ողջունեց նման քննարկում անցկացնելու նախաձեռնությունը: Նա նշեց, որ քննարկվելու են փոփոխությունները, որոնք առկա են եվրոպական քաղաքական դաշտում:
«Եվրոպական քաղաքական դաշտում կարևոր զարգացումներ են եղել, տեսել ենք նոր քաղաքական կուսակցությունների ի հայտ գալը, տեսել ենք որոշ ավանդական կուսակցությունների անկումը: Փոփոխությունները երբեմն շատ խորն են, և մենք չգիտենք, թե երբ և ինչպիսի զարգացում կապրեն դրանք: Ինչ վերաբերում է հայաստանյան կուսակցություններին, ապա նշեմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում նոր շրջան է սկսվում: Նոր Սահմանդրությունը նոր գլուխ է բացել քաղաքական կյանքում: Խորհրդարանական մոդելին անցում կատարելը շատ կարևոր է, այն ունի լուրջ նախադրայլներ քաղաքական կուսակցությունների համար: Մի կառավարման մոդելից մյուսին անցման ընթացքում քաղաքական կուսակցություններն առանձնակի դերակատարություն կունենան: Ցանկանում եմ, որ Հայաստանը ստեղծի ուժեղ կուսակցական մոդելներ և լայն ընտրության հնարավորություն տա հասարակությանը»,- ասաց դեսպանը:
Պյոտր Սվիտալսկին նշեց, որ Եվրամիությունը հենված է մարդու իրավունքների, օրենքի գերակայության արժեքների վրա: Այդ տեսանկյունից, ըստ դեսպանի, լուրջ մարտահրավեր կա լայն Եվրոպայում` ավելի մեծ եվրոպական տարածաշրջանի համար:
«Հուսով եմ, Հայաստանն առաջիկա ընտրություններին և դրանցից հետո ցույց կտա, որ անգամ խնդրահարույց միջավայրում առաջ է տանում ընդհանուր աժեքների վավերական լինելու գաղափարը: Ինչպես միշտ ՀՀ նախագահն է շեշտադրել, Հայաստանը ցանկանում է կապի մեջ լինել Եվրոպայի հետ ընդհանուր արժեքների հիման վրա»,-հավելեց դեսպանը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ընթերցեց ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի ուղերձը: Ժոզեֆ Դոլը նշել է, որ ԵԺԿ-ն եվրոպական քաղաքական դաշտի անկյունաքարն է, որը շարունակում է աջակցել Եվրամիության ընդլայնմանը:
«Մենք հպարտ ենք, որ ունենք ամենամեծ խումբը Եվրոպական խորհրդարանում: Մենք համոզված ենք, որ ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցությունն օգատակար կլինի բոլորի համար: ԵԺԿ-ի համար շատ կարևոր է այն, որ ամրապնդենք կապերը Հայաստանի ու Եվրամիության միջև, և մենք պետք է նոր ուղիներ գտնենք համագործակցության համար: Մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի անվտանգության իրավիճակ կա տարածաշրջանում, և մենք նպատակ ունենք անդրադառնալ այդ հարցին: Մենք կլինենք ձեր կողքին՝ պաշտպանելու ձեր ազատ և ինքնորոշման ընտրությունը և պայքարելու ժողովրդավարության ու բարգավաճման համար ձեր երկրներում: Հայաստանը տարածաշրջանում կարևոր գործընկեր է ԵԺԿ-ի համար: Համոզված եմ, որ կխորացնենք մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես, օրենքի գերակայություն, կառավարման ոլորտ, մարդու իրավունքներ քաղաքական հասարակություն, դատական ոլորտում բարեփոխումներ և այլն»,-ասված է ԵԺԿ նախագահի ուղերձում: