«Լսեցի եղբորս ձայնը՝ «Ազատ, լավ չեմ, չեմ կարողանում», գրկեցի, էլ ոչ մի բառ չասաց, զարկերն արդեն դանդաղում էին»
«26 տարի առաջ դժվար ծննդաբերությունից հետո բժշկուհին երիտասարդ մորը մեկնեց նորածնին ու ասաց․ «Նվեր եմ տալիս ձեզ»: Սիմոնյանների առաջնեկի անունը հենց այս նվերից էլ մնաց՝ Նվեր։
Քառօրյա պատերազմի ժամանակ, ապրիլի 4-ին, Նվերը զոհվեց, հոգին ավանդեց եղբոր գրկում․ «Բա կարելի՞ է նվերը նորից վերցնել, կարելի՞ է իմ կյանքից պոկել իմ Նվերին»,- արցունքների միջից հարցնում է Նվերի սեւազգեստ մայրը՝ Սուսաննան։
Նվերից բացի եւս 5 երեխա ունի տիկին Սուսաննան, բայց Նվերն ուրիշ էր, խիզախ, անվախ․ «Իմ թռչող ղուշի սլացքը կանգնեց․․․»,- ասում է Նվերի մայրը։
Ընտանիքը նոր է բնակարան ստացել. բազմազավակ մայրն անկեղծանում է՝ 6-րդ երեխային հենց տուն ստանալու նպատակով է ունեցել։ Հին տանն ապրել հնարավոր չէր, խոստացել էին նոր տուն, սակայն ստացածն էլ խեղճությամբ չի պակասում։
Սիմոնյան երկու եղբայրները հատուկ ջոկատայիններ են, Նվերն ավագ սերժանտ էր, դիպուկահար ու գնդացրորդ։ Քառօրյա պատերազմի ժամանակ իրենց 12 հոգանոց խումբը մի քանի տանկ է տապալել, որից 2-ը՝ Նվերը, ու հատուկ ջոկատայինի խիզախությամբ հետ էին շպրտել հակառակորդին՝ երեք օրվա չդադարող մարտերից հետո տղաները չնվաճված պահեցին մի ողջ բնագիծ։
Եբայրը՝ Ազատը Նվերի հետ էր՝ թե տանը, թե ծառայության մեջ։ Փոքրամարմին ու քչախոս է։ Սկզբում «դա պատմելո՞ւ բան է որ պատմեմ» մի քանի բառով փակում է զրույցը, լռության դադարից հետո սկսում պատմել։
«Պատերազմ է, ամեն ինչ էլ հնարավոր է, գիշերները կրակը դադարում էր, գիտեինք, որ վաղ առավոտյան նորից պիտի սկսվի, պատրաստվում էինք առավոտյան մարտին։ Ապրիլի 4-ին վերսկսված կրակի ժամանակ լսեցի եղբորս ձայնը՝ «Ազատ, լավ չեմ, չեմ կարողանում», գրկեցի, էլ ոչ մի բառ չասաց, զարկերն արդեն դանդաղում էին»,- հիշում է Ազատը։
Ոչ արհեստական շնչառությունը, ոչ վիրակապը մի քանի անգամ փոխելը չօգնեցին, Նվերը հոգին ավանդեց Ազատի գրկում՝ անամոք ցավ թողնելով 24-ամյա եղբոր սրտում։
Ազատը զինվորականի զսպվածությամբ պատմում է գլխովն անցածը, ոչ մի արցունք, բայց վառում է հերթական ծխախոտն ու չասվող բառերի հետ ներծծում, հառաչում ու շարունակում ատամների տակ սեղմել ցավը՝ ծխախոտի տեսքով։
«Պատերազմի ժամանակ միայն պատերազմից են խոսում»,-ասում է Ազատն ու պատմում, թե ինչպես է հրամանատարն իրեն ու ընկերոջը հրամայել դուրս բերել վիրավոր զինվորին, իսկ հետո պարզվել էր, որ դիրքը հակառակորդի կողմից վերցված է, բայց առաքելությունը կատարեցին։
«Ազնավուրի հետ էի, երբ հասկացանք, որ շրջափակման մեջ ենք: Միայն մի նախադասությամբ փոխանակվեցինք՝ ով զոհվի, մյուսը պարտավոր է մարմինը մերոնց մոտ հասցնել»,-ասում է Ազատն ու հիշում, որ օրերս Ստեփանակերտի հոսպիտալում տեսել է իր փրկած զինվորներից մեկին, սակայն չի էլ ակնարկել, որ հենց ինքն է նրան փրկել։
Լսելով որդու պատմությունները տիկին Սուսաննան ավելացնում է․ «Չէի մտածում, որ Նվերին ինչ-որ բան կլինի, մտածում էի՝ նա չէր կարող․․․ նա թաքնվողներից չէր, գուցե, եթե այդպիսին լիներ հիմա ողջ կլիներ»,-ասում է նա։
Որդու նպատակների մասին խոսելիս հիշում է մի կերպ ձեւակերպված վարկի մասին, որ պետք է իրականացներ նշանված որդու երազանքը՝ սեփական վերանորոգված տուն։
Նվերի երազանքների տան իրական թագուհին՝ Զոյան, Նվերի համագյուղացին է, Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում է ապրում, մի քանի նեղլիկ փողոց այն կողմ։
Սեւուկ ու փոքրամարմին աղջկա պարանոցին «Ն» տառով զարդ է կախված, կիսված սրտեր, ձախ ձեռքի մատնեմատին Նվերի հագցրած մատանին։
4 տարվա ընկերությունից հետո անցած նոյեմբերին՝ աղջկա ծննդյան օրը, մատանի հագցրին։
Մինչ այսօր չի հավատում, որ իր սիրելին էլ չկա։
«Այդ օրերին զանգում ու ասում էր, որ լավ է, ամեն ինչ լավ է լինելու», տխուր ժպտում է Զոյան, պատմում՝ ինչպես են ծանոթացել, ինչպես էր Նվերը գալիս իրենց ֆիզկուլտի դասերին հետեւում, հետո ամեն ինչ մի այլ փուլ մտավ։
«Նա ինձ երբեք անունով չի դիմել, «Նապի» էր ասում, նապաստակ, հետո շատերը սկսեցին Նապի ասել»,-ասում է նա։
Նապին նապաստակի անմեղություն ու մեղմություն ունի։ Դալուկ մատներով թերթում է իրենց նկարները, ցույց տալիս այն հսկայական արջուկը, որ Նվերը վերջին զանգի կապակցությամբ էր նվիրել։
Իրենց կայանալիք ընտանիքի մասին խոսելիս զույգը մտովի վերանորոգում էր Նվերենց տան կողքին գտնվող կիսախարխուլ տնակը, խոսում էին նաեւ երեխաների մասին։
«Միշտ ասում էր, որ աղջիկներ է ուզում ունենանք, իր հայրը երկվորյակ եղբայր ուներ, ինքն էլ երկվորյակ դստրերի մասին էր երազում»,- տխուր ժպիտը դեմքին հիշում է Նվերի Նապին։
Զոյայի խոսքով՝ Նվերին դուր չէին գալիս «թիթիզ-միթիզ» բաները, ամեն ինչ պարզության մեջ էր գեղեցիկ։
Հարազատների խոսքով՝ Նվերը չէր սիրում ծառայության մասին խոսել։
«Ապրիլի 2-ից սկսած իրենք կռվի մեջ էին, բայց ասում էր ոչ մի բան էլ չկա, ամեն ինչ հանգիստ է»,-հիշում է Նվերի մայրը։
Սիմոնյանների ընտանիքը ղարաբաղյան առաջին պատերազմի բովով էլ է անցել․ այն ժամանակ 2-րդ կարգի հաշմանդամ է դարձել Նվերի հայրը՝ Սարոն, ով այսօր էլ առողջական խնդիրներ ունի։
Հ․Գ․
Տիկին Սուսաննայի 5 որդիներից Նվերն ու Ազատը մեծ պատասխանատվությամբ էին մոտենում ծառայությանը, Նվերը բռնեց հավերժի ճամփան, Ազատը, չլսելով մոր «խրատները», շարունակելու է ծառայությունը, երրորդ որդին՝ Դրաստամատը եւս միտք ունի անցնել հայոց բանակի շարքերը։ Բազմազավակ ընտանիքի մայրը համոզված է, որ որդիները շարունակելու են իրենց ծառայությունը առաջնագծում։
Հրաժեշտ ենք տալիս որդեկորույս տիկին Սուսաննային, հերթական ծխախոտը վառող Ազատին, մոր գրկում քնած Գոռին։ Աստիճանների ներքեւում լվացքի պարաններն են՝ անչափահաս երեխաների համեստ շորերը, բակում՝ սպիտակած մորուքով երկրորդ կարգի հաշմանդամ որդեկորույս հայրը։
Նեղլիկ փողոցով իջնելիս, մի կերպ զսպած արցունքներիս ազատություն տալով վերհուշում եմ Սուսաննայի խոսքերը․ «Իմ որդիները ինձ չեն լսի ու կգնան, կպաշտպանեն իրենց հողը, բա էն պաշտոնյաների երեխեքը որտեղ կլինեն»»։
Մարիամ Սարգսյան