«Կարծում եմ՝ Ադրբեջանի պաշտպանության բնագավառի մասնագետներն այդ աստիճանի ախմախ չեն, որ նորից պատերազմ սկսեն». Արթուր Աղաբեկյան

«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի Արցախից բացառիկ թողարկման հյուրը ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն էր: Լրագրող Սաթիկ Սեյրանյանի և փոխվարչապետի զրույցը 168.am-ը ներկայացնում է ամբողջությամբ:

Ս.Ս.- Պարոն Աղաբեկյան, նախ՝ որպես ՀՀ ՊՆ նախկին փոխնախարարի եմ հարցս ուղղում՝ ի՞նչ նպատակ էին հետապնդում Ալիևի այս քառօրյա գործողությունները, որովհետև շատերն ասում են՝ սա ընդհանրապես նման չէր 90-ականների պատերազմին ոչ միայն՝ զինտեխնիկայի գործածության իմաստով, մասշտաբի իմաստով, այլև՝ բուն նպատակի:

Արթուր Աղաբեկյան– Կարելի է համաձայնել շատերի կարծիքների հետ, բայց որպես 1994թ. հրամանատար՝ հետևելով Ադրբեջանի պահվածքին, կարող եմ ասել, որ շատ չի փոխվել մեր հակառակորդը: Մի երկու զենք կամ տեխնիկա ավելի ունի, դա հարցի այլ կողմն է: Գործողությունների առումով 1994թ. թիվ մեկ նպատակն էր՝ բլից-պատերազմի ճանապարհով շատ արագ լուծել կարևոր խնդիր՝ տարածքային նշանակության, և խաղաղ բնակչության տեղահանում, որ միջազգային հանրությունը շուտ հաշվի նստի դրա արդյունքի հետ: Այս պատերազմը ևս դրա նման էր: Ե՛վ 1993թ. դեկտեմբերին էր Ադրբեջանը նման հայտարարություններով հանդես եկել, և՛ հիմա հանդես եկավ: Ռազմական գործողությունների սցենարը, որ տեսանելի է աջից և ձախից (hարավում գործողություններ, հյուսիսում գործողություններ), ակնհայտ երևում էր, որ նպատակ ունի ճեղքել առաջնագիծն ու անմիջապես բացազատվել տարածքի վրա: Իհարկե, տեսանելի էր, որ նպատակ ունի տիրապետել Մատաղիսի ջրամբարին, ԼՂԻՄ-ի տարածքին. շատ կարևոր բան եմ ասում՝ ռազմավարական, կենսական նշանակության տարածքի տիրապետի, որտեղ ապրում է ոչ միայն բնակչություն, այլև այնտեղ առկա են բավականին մեծ ներդրումներ, լուրջ ենթակառուցվածքներ, որոնք դերակատարություն ունեն Արցախի տնտեսության համար: Իսկ հարավում ունի բացազատման տասնյակ կիլոմետրերի խորություն: Այդ տարածքը տալիս է բացազատվելու հնարավորություն:

Չհաջողվեց Ադրբեջանին, որովհետև մեր ստորաբաժանումները գործեցին շատ ճիշտ, անգամ ՊԲ-ի հրամանատարը չէր էլ մտածում հարվածի հիմնական ուղղություն ճշտելու մասին: Ուժերի տեղաշարժ չիրականացրեց, հիմնական հարվածի ուղղությունը չընտրեց, համարեց, որ երկուսն էլ հարվածի հիմնական ուղղություն են, և պետք է հակառակորդի շարժը կասեցնել: Դա տեղի ունեցավ արդեն ապրիլի 3-ին: Ադրբեջանի ձեռագիրը չէր փոխվել: Հաջորդը նոր իրադրություն էր առաջանալու: Պատկերացրեք՝ Մինսկի խմբի եռանախագահների գործողություններն այս իրադրությունում, պարտադրված խաղաղության պայմաններում. ո՞վ չգիտի, որ 1994թ. զինադադարին խաղաղության պարտադրողը եղել են հայկական ուժերը, եղել է ԼՂ Պաշտպանության բանակը (ՊԲ). թե միջնորդն ով է եղել, հարցի երկրորդ կողմն է: Նոր իրադրություն պետք է ստեղծվեր, նոր իրավիճակ պետք է ստեղծվեր, պետք է նրանք արդեն միջազգային հանրության հետ խոսեն:

Ս.Ս.- Այդ գործողությունների մեսիջը մե՞զ էր ուղղված, թե՞ արտաքին աշխարհին:

Արթուր Աղաբեկյան– Երկուսին էլ: Հետհայացք նետենք: Որո՞նք են Ադրբեջանի՝ արտաքին աշխարհին ուղղված մեսիջները. դրանք են՝ «Չեմ կարողանում ինձ պահել, թե չէ՝ հարձակվելու եմ, իմ ժողովուրդը՝ ինձ էսպես, իմ ժողովուրդը՝ ինձ էնպես», հետո, երբ տեսավ, որ միջազգային հանրությունն առանձնապես ուշադրություն չի դարձնում այդ մեսիջներին, սկսեց իր ժողովրդին դիմել, հետո՝ Մինսկի խմբին (ՄԽ) առանձին՝ որ դուք անգործության եք մատնվել, որ դուք իմ խնդիրներն ի զորու չեք լուծելու, ես փնտրում եմ այլ ինստիտուտներ, որտեղ պետք է իմ խնդիրը լուծեմ, այլապես սկսելու եմ ռազմական գործողություններ: Եվ պետք է ֆիքսել, որ մոտ 7-8 ամիս փաստացի վարում էր այդ գործողությունները՝ անընդհատ ռմբակոծելով առաջնագիծը, անընդհատ դիվերսիոն գործողություններ անելով, դիպուկահարներին էլ ավելի խտացնելով առաջնագծում: Հաղորդում էր այդ մեսիջները միջազգային հանրությանը, թե՝ տեսեք, խնդրի կարգավորման ձևը գտել եմ: Եվ այդ շանտաժի ձևն իր էջը փակեց ապրիլի 3-ին և 4-ին:

Ս.Ս.- Մի կողմից՝ ՀՀ և ԼՂՀ իշխանությունները նշում են, որ խաղաղ բանակցային ճանապարհին այլընտրանք չկա ՄԽ շրջանակներում, բայց մյուս կողմից՝ կարծես այլևս չենք հասկանում, թե որտեղի՞ց է պետք շարունակել բանակցությունները, և ո՞վ պետք է առաջին քայլն անի այս բոլորովին նոր իրավիճակում: Հիմա Ղարաբաղի իշխանություններին տեսանելի՞ է՝ որտեղի՞ց պետք է սկսել:

Արթուր Աղաբեկյան– Ամենակարևորը՝ պետք է հայտարարենք, որ այդ անցած տարիների ամբողջ ձեռք բերածն այլևս կորցրած է: Ադրբեջանը խախտել է այն պայմանները, որը պարտադրված ընդունել է 1994թ., խախտել է և անհաջող փորձ է ունեցել: Պետք է ընդունենք հետևյալը՝ ո՞ւմ հետ գործ ունենք: Միջազգային հանրությունն ամենաառաջինը պետք է փաստի, թե ում հետ գործ ունեն, պետք է ասի՝ ով՝ ով է: Մենք լավ ենք հիշում, թե նախորդ տարիներին ինչպես էին հավասարության նշան դնում, ասելով՝ լավ կլինի՝ դիպուկահարներին հանեք երկու կողմից: Հիմա, եթե միջազգային հանրությունն այդ մոտեցմամբ շարունակի, ապա մեր տարածաշրջանում երբեք խաղաղություն չի լինի: Ի՞նչ բանակցությունների մասին է գոնե այսօր խոսքը, երբ հակառակորդի ամբողջ հետախուզական տվյալները, զենքի, զինվորի շարժը փաստում են այն մասին, որ այդ երկիրը չի ուզում հանգստանալ: Այսօր մեր պաշտպանական բանակն այլևս վերանայել է իր պաշտպանությունը՝ արդեն գնահատելով վերջին մի քանի օրերի պատերազմի արդյունքները, վերանայել է իր տեխնիկան: Ի վերջո, հակառակորդն ապրիլի 3-ին՝ ներվերը չդիմանալով, ինչ ունի-չունի՝ ամբողջ զինանոցը հանեց՝ է՛լ «Կամիկաձե», է՛լ «Սմերչ»… բոլորը հանեց, որ ուժի ցուցադրում անի, բայց դա էլ չստացվեց: Մեր ստորաբաժանումները հիմա պատրաստվում են կոնկրետ հակահարվածներ հասցնելու, և Ադրբեջանը դա տեսնում է: Եվ այժմ իրենց հայտարարություններն ավելի շատ խուճապ առաջացնող հայտարարություններ են:

Ս. Ս.- Հիմա ո՞վ պետք է առաջին քայլն անի բանակցությունների վերսկսման համար:

Արթուր Աղաբեկյան- Առաջին քայլը պետք է անի միջազգային հանրությունը, առանձին-առանձին վերցրած կամ համատեղ, պետք է ընդհանուր գնահատական տա, որ Ադրբեջանն այս տարիների ընթացքում չի պատրաստվել խաղաղության: Չի պատրաստել իր հասարակությանը՝ այս տարածաշրջանում խաղաղ ապրելու: Եվ արդեն իր իսկ պատրաստած հասարակության ձեռքին Ադրբեջանի իշխանությունները գերի են ընկել: Հաճախ փորձում են տարանջատել Ադրբեջանի իշխանություններին ժողովրդից. ի սեր Աստծո, ո՞ւմ հետ գործ ունենք՝ գլխատված զինվորի գլխով խաղացող հասարակության հետ գործ ունենք, և դրանց պարգևատրող իշխանությունների: Այս պահին տարանջատելը սխալ է: Ադրբեջանի քաղաքական իշխանությունը պետք է գիտակցի, որ իր հասարակությանն այսքան տարիների ընթացքում ապակողմնորոշել է՝ անդընդհատ շեշտելով՝ հես ա կխփեմ, կգրավեմ, էս կանեմ, էն կանեմ… Հիմա ինքը պետք է իր հասարակությանը պատրաստի երկարատև խաղաղության: Միջազգային հանրության անելիքը պետք է լինի՝ ճիշտ մատնացույց անել՝ իր ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսներն օգտագործելով:

Ս.Ս.- Ղարաբաղի իշխանություններն այս օրերին բազմիցս նշել են, որ այլևս որևէ որոշում, առանց Ղարաբաղի տեսակետը հաշվի առնելու, չի ընդունվելու, այսինքն՝ Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ: Որքանո՞վ է դա հնարավոր:

Արթուր Աղաբեկյան– Եթե դա վաղը տեղի չունենա, ապա տեղի է ունենալու վաղը չէ մյուս օրը: Այն հայտարարությունները, որ հնչեցին այս օրերին Արցախի իշխանությունների կողմից, պետք է հստակ ազդակ լինեն միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Մինսկի խմբի եռանախագահներին՝ ի վերջո, մինչև ե՞րբ են խաղալու: Մի կողմից՝ իրենք տեսնում են, որ Արցախի իշխանություններն իրենց երկիրը տանում են միջազգային ճանաչման: Մի անգամ գոնե մի տեղ չեմ լսել, որ միջազգային հանրությունն ազդակ ուղարկի, թե՝ դուք սխալ ճանապարհի վրա եք, գիտե՞ք, դուք ճիշտ չեք անում, որ պետություն եք կառուցում, դուք ճիշտ չեք անում, որ Սահմանադրություն եք ընդունում: Մյուս կողմից՝ անընդհատ այդ անկախության ճանապարհ բռնած պետությանը դուրս են մղում՝ այդ պետության խնդիրների լուծման առումով: Նաև Հայաստանի Հանրապետությունն այստեղ անելիք ունի: Անելիք ունի ոչ միայն՝ քաղաքական իշխանությունը, այլև՝ քաղաքացիական հասարակությունը: Այո, ճիշտ է, ՀՀ-ն հանդիսանում է ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխավորը, բայց պետք է նաև ազդակներ ուղարկենք միջազգային հանրությանը, որ ԼՂՀ-ում ապրող ժողովրդի հետ հաշվի նստեն: Միջազգային հանրությունը պետք է նաև Ադրբեջանին ապացուցի՝ չե՞ք տեսնում, որ հնարավոր չէ խնդիրը խաղաղ կարգավորել, քանի դեռ բուն սուբյեկտը մասնակից չէ այս ամենին:

Ս.Ս.- Քառօրյա պատերազմի օրերին ու հիմա էլ քննարկվում է այն հարցը, թե որքանով կարողացանք այդ ընթացքում տարհանել բնակչությանը: Որքանո՞վ դա մեզ հաջողվեց, և հետագա ռազմական գործողությունների վերսկսման դեպքում որքանո՞վ մենք պատրաստված կլինենք:

Արթուր Աղաբեկյան– Մենք ունենք խաղաղ բնակչության տարհանման պլան, և այդ պլանը կազմվել է կոնկրետ փորձի արդյունքում: Վերջին մի քանի տարիներին անընդհատ ռեսուրսներ ենք ծախսել, որպեսզի կարողանանք այդ պլանն անհրաժեշտության դեպքում իրականություն դարձնել: Ապրիլի 2-ին միանգամից Թալիշի ուղղությամբ ռազմական գործողություններ եղան: Եվ այդ նույն օրն առավոտյան ժամը 8:00-ին արդեն տարհանվում էր խաղաղ բնակչությունը: Վարչակազմի ղեկավարը՝ Վլադիկ Խաչատրյանը, արդեն առավոտյան ժամը 8-ին գտնվում էր Թալիշում և կազմակերպում էր խաղաղ բնակչության տարհանումը, որովհետև Մատաղիսն ու Թալիշն անմիջապես հայտնվել էին ռազմական գործողությունների գոտում: Այնտեղ ապրող խաղաղ բնակիչը հասանելի էր՝ խոցման զենքի բոլոր տեսակների առումով: Իրական տարհանում տեղի ունեցավ այդ բնակչության: Թիվ մեկ նպատակն էր՝ նրանց պահել ԼՂՀ-ի ավելի ապահով բնակավայրերում: Իհարկե, ինչ-որ չափով խուճապ առկա էր, խուճապ առկա էր նաև Մարտակերտ քաղաքում: Բայց մենք հասկացանք, որ, եթե մասսայական տարհանման մեր պլանն իրականացնենք, ապա միգուցե ինչ-որ տեղ նպաստենք խուճապին: Մենք հնարավորություն տվեցինք ազատ տեղաշարժի, և, եթե մարդը ցանկություն ուներ տեղաշարժվել այլ բնակավայր, մենք նրան օգնում էինք:

Մենք նրան ասում էինք՝ տեղդ ասա, որ անհրաժեշտության դեպքում քեզ օգնության հասնենք: Եվ ապրիլի 2-ին ու 3-ին մեր քաղաքացիների հետ լուռ կազմակերպում էինք նրանց տեղաշարժը: Ապրիլի 4-ին, երբ արդեն հակառակորդը հայտարարում էր, որ «Սմերչով» պետք է հարվածի Ստեփանակերտ քաղաքին, ես դուրս եկա քաղաք ու տեսա մեր ժողովրդի սառնասրտությունը: Ես տեսա, թե նկուղներում պահեստներ ունեցողներն ինչպես էին արագ պատրաստում այդ տարածքը, արդեն՝ առանց մեր մասնակցության: Սա նպաստեց նրան, որ մեր մոբիլիզացիոն ռեսուրսը՝ 12-13 ժամերի ընթացքում արդեն 10 հազարից ավելի մարդ, զենք վերցրած՝ կանգնած էր զինվորի կողքին: Նրանք հանգիստ շարունակեցին կանգնել զինվորի կողքին՝ գիտակցելով, որ իրենց երեխաները, իրենց կանայք ապահով վիճակում են:

Ս.Ս.- Ձեր կարծիքով՝ կլինե՞ն լայնամասշտաբ ռազմական նոր գործողություններ, և արդյոք մեզ չի՞ վախեցնում ադրբեջանական կողմի ձեռք բերած զինատեսակների մասին տեղեկատվությունը:

Արթուր Աղաբեկյան- Նախ՝ ես կարծում եմ՝ Ադրբեջանի պաշտպանության բնագավառի մասնագետներն այդ աստիճանի ախմախ չեն, որ նորից պատերազմ սկսեն: Իսկ եթե այդքան ախմախ են ու պետք է նորից սկսեն ռազմական գործողությունները, ապա նույնն է լինելու: Նույնն է լինելու, որովհետև այսօրվա ուժերի հարաբերակցությունն անգամ չեն հաշվի առել: «Սմերչ» չունենք, բայց դրան փոխարինող ավելի լավ զինատեսակներ ունենք: Այս չորս օրվա պատերազմի փորձն արդեն մենք ենք էֆեկտիվ օգտագործելու, ոչ թե Ադրբեջանը, ամենակարևորն եմ ձեզ ասում: Եվ այնպիսի վերանայում պետք է անի հակառակորդն իր վարքագծում, որ մեզ համար նորություն լինի: Ինչ ունի-չունի, բոլորը ցույց տվեց: Եվ այսօր ԼՂ ՊԲ-ն իր խնդիրը կատարելու է: Պետք է այս մասին իմանա մեր հասարակությունը, իմանան մեր քաղաքացիները և ընդհանրապես մեր հայ ժողովուրդը: Միայն մի ցանկություն ունեմ՝ շարունակենք մնալ այս կարգի համախմբված: Եթե չենք համախմբվում՝ մեկ ընդհանուր երկիր, մեկ պետություն, գոնե շարունակենք համախմբված մնալ խնդրի լուծման շուրջ: Իսկ խնդիրը մեկն է՝ զսպել հակառակորդին, եթե պետք լինի՝ նաև ջախջախել, ինչը մենք արեցինք ապրիլի 2-5-ը և շարունակում ենք անել: Ի դեպ, լավ լուր ասեմ, որ շարունակվում են դեռ գումարներ գալ ապրիլի 3-ին բացված հաշվի վրա, և համոզված ենք, որ ունենալու ենք այնքան գումար, որքան ՊԲ-ն դրա կարիքն ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս