Բաժիններ՝

««Գինեսի» իմ ռեկորդը նվիրում եմ քառօրյա պատերազմում զոհ դարձած մեր քաջարի մարտիկների վառ հիշատակին». Ռոման Սահրադյանը՝ իր սահմանած գինեսի ռեկորդի մասին

Այսօր «Դյուցազնագրքի» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանն ու «Գինեսի» ռեկորդակիր Ռոման Սահրադյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին «Մեծ պտույտ ետ» վարժությունն անընդմեջ 1 րոպեում 45 անգամ կատարելով՝ Ռոման Սահրադյանի՝ «Գինեսի» ռեկորդների գրքում գրանցվելու հաղթանակի մասին:

«Այս ռեկորդը հիմնված էր իմ կատարած պտույտների քանակի վրա` 36 րոպեում անընդմեջ կատարված 1001 պտույտ, թեև «Գինեսի» հանձնաժողովը ֆիքսել էր, որ այդ պտույտները կատարվել են 30 րոպեում: «Գինեսի» համաշխարհային ռեկորդների գրքում այսպիսի տվյալ մինչ այժմ չէր եղել: Համաշխարհային մասշտաբով իմ սահմանած գինեսի ռեկորդը ես նվիրում եմ քառօրյա պատերազմում զոհ դարձած մեր քաջարի մարտիկների և, մասնավորապես, Ռաֆիկ Հակոբյանի վառ հիշատակին, ինչպես նաև՝ ներկա պահին սահմանը պաշտպանող բոլոր հայ տղաներին: Հավերժ փառք մեր քաջ մարտիկներին»,- հպարտությամբ հայտարարեց Ռոման Սահրադյանը:

«Դյուցազնագրքի» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը Ռոման Սահրադյանին բնորոշեց՝ իբրև հայկական «Դյուցազնագրքի» երիտասարդ վետերաններից.
«Ռոմանը, բացի «Դյուցազնագրքի» բազմաթիվ ռեկորդներից, ունի արդեն միանգամից երկու համաշխարհային Գինեսի ռեկորդներ: Նրա կատարած վարժությունը՝ մեկ ձեռքով պտույտը, կարելի է ասել, դժվարագույններից մեկն էր, էլ չասեմ, որ երկու ձեռքով կատարած պտույտներն արդեն իսկ շատ բարդ են, պատկերացրեք՝ մեկ ձեռքով կատարած պտույտներ, այն էլ՝ սահմանափակ ժամանակի մեջ: Բացի այդ, սա շատ լավ առիթ եղավ, որպեսզի մենք մեկ անգամ ևս համաշխարհային մակարդակով խոսենք մեր մասին, ցույց տանք հայի ուժն ու նվաճումը, որի համար ես շնորհավորում եմ բոլորիս: Մեր դյուցազնապատումները շարունակվում են ու վերջ չունեն, դրանց մասին միշտ և բոլորը պետք է իմանան»:

13113155_10204543315221582_2006969141_o

Խոսելով քառօրյա պատերազմի թողած հետևանքների և այս ֆոնին իրենց կատարած աշխատանքների մասին՝ Վարդան Թովմասյանը կարևորեց մի հանգամանք.

«Մենք արդեն եղել ենք Զինվորական հոսպիտալում, որտեղ ես մեր վիրավոր քաջարի զինվորներին եմ բաժանել «Դյուցազնագրքի» հատորները: Խնդրեցի նրանց, որ առավել մեծ ուշադրություն դարձնեն առաջին էջերի բովանդակությանը, որտեղ ներառված են բանակային ծառայությունների ընթացքում ռեկորդներ սահմանած 13 քաջարի զինվորների անունները, որոնցից մեկը նույնիսկ «Գինեսի» ռեկորդակիր է:

Այդ գրքում ներառված՝ մեկ ոտքից զրկված Բայանդուրը, օրինակ, բարձրացել է Արարատ լեռան գագաթը, զինվորներից մեկը՝ Ստեփանյանը, ով զրկվել է մեկ ոտքից ու մեկ ձեռքից, ռեկորդ է սահմանել, որով 32 կգ կշռող կշռաքարն անընդմեջ 8 անգամ ուսից վերև հրում վարժություն է կատարում: Ես տղաներին հույս տվեցի, որ սրանով կյանքը չի ավարտվում: Չեմ ասում, որ նրանք անպայման դառնան դյուցազուններ, բայց, համենայն դեպս, նրանցից յուրաքանչյուրը կարող է շարունակել իր պայքարն ու անպայման հասնել իրենց նպատակներին»:

Տեղեկացնենք, որ Ռոման Սահրադյանի ռեկորդը փաստող փաստաթուղթն արդեն Հայաստանում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս