«Միշտ ասում էր. «Ես սովորական մահով մեռնողը չեմ, իմ մահն ամբողջ աշխարհը պետք է իմանա ու սգա…». պատմում են զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի հարազատները
Արցախում հերոսաբար զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից էր: Դպրոցական տարիներից ֆուտբոլով հետաքրքրվող տղան դպրոցն ավարտելուց հետո որոշում է դառնալ զինվորական և ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Աշոտը պատահական չի ընտրում ռազմական ուղին, նա կրում էր հոր հորեղբոր որդու անունը, ով զոհվել էր Արցախյան ազատամարտի ժամանակ: Աշոտի հայրը՝ Կարապետ Շահբազյանը, Արցախյան ազատամարտի մասնակից է: Նա իր 6 հոգանոց խմբով, որոնք Շահբազյանների տոհմից էին, մեկնում է Արցախ՝ պաշտպանելու հայրենիքը: 6 հոգանոց խմբից միայն ինքն է վերադառնում, ունենում երկու որդի, որոնց տալիս է հորեղբոր որդիների անունները: Տղաներից մեկն էլ ապագա հերոս Աշոտն էր, ով, հարազատների բնութագրմամբ՝ մեղմ բնավորությամբ, խելացի ու բանիմաց տղա էր:
168.am-ի հետ զրույցում հերոսի մայրը՝ Լիաննա Շահբազյանը, պատմեց, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Աշոտը վիճակահանությանը չի մասնակցել ու իր կամքով ընտրել է Ջեբրաիլը, որովհետև շատ էր սիրում այն: «Ես դեմ չէի, որ տղաս ռազմական ուղին ընտրի, ես էլ եմ սիրում այդ մասնագիտությունը: Կապ չունի, որ հիմա իմ երեխեն չկա, ես նորից նույն մտքին եմ, մեր զինվորների հետ եմ,- ասում է մայրը՝ հավելելով, որ մյուս որդին ևս ռազմական ուղին է ընտրել,- Ուզում է պայմանագրային աշխատել, սպասում է հրամանին»:
Աշոտի տատիկը (մայրական կողմից)՝ Գյուլվարդ Իսրայելյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Աշոտի դպրոցական տարիներին եղել է նրա դպրոցական ընկերը, ուսանողական տարիներին՝ ուսանող ընկերը. «Ծառայության տարիներին նույնպես շատ-շատ հարցերում, շատ գործերում կիսվել ենք: Երբ նայեիր իրեն, քեզ կթվար, թե չի լսում, կամ չի ուզում պատասխանել, երբ երկրորդ անգամ կրկնում էինք նույն հարցը, ասում էր՝ տատ, լսում եմ: Անպայման ուներ խոսքիս պատասխանը, գլուխը կախ պատասխանում էր: Երբեք չէր վախենում, վախ չուներ, կարող է և՝ ցույց չէր տալիս, որ վախենում է, համեմայնդեպս, վախ չուներ, միշտ համարձակ, միշտ խելացի, հարազատի համար՝ լավ, մոր ու հոր համար՝ նույնպես, ամենքին՝ իր տեղին, իր չափով: Ես չեմ պատկերացնում, թե այդ երեխայի մեջ ինչ կար, որ միշտ ասում էր՝ տատ, ես կհասնեմ բարձունքի, անպայման: Սպասում էինք իր ամենալավ բաներին»:
Աշոտի հետ հարազատները վերջին անգամ զրուցել են մարտի 31-ին: «Երեկոյան 21:00-ն էր, Աղդամից էր գալիս, գնացել էր զորավարժության: Ասաց. «Մամ, մի քիչ հանգստանամ, որ առավոտ բարձրանալու եմ դիրքեր»: Ես միշտ իրեն ասում էի՝ Աշոտ ջան, զգույշ, ցավդ տանեմ, երեխեքի հանդեպ, քո, դու գիտես՝ երեխեքի ծնողներն ինչպես են նրանց սպասում, դու գիտես՝ ես քեզ ինչպես եմ սպասել, նույնն էլ՝ իրենց մայրերը, ցավդ տանեմ, չքնեք գիշերը, միշտ զգոն: Ինքն էլ պատասխանեց, թե՝ չէ, մամ ջան, ես զինվորիս համար միշտ պատասխանատու եմ, չմտածես»,- պատմում է մայրը:
Տատիկին էլ ասել էր, թո հոգնած է, բայց ուրախ, քանի որ կրակայինում լավ արդյունք է գրանցել. «Հայրն արտագնա աշխատանքի էր գնացել, փող էր ուղարկել, մենք պետք է ապրիլի 24-ին՝ Եղեռնի օրը, գնայինք մոտը, ինքն էլ էր շատ ուրախացել, որ մոր հետ պետք է գնանք, չհասցրինք…»:
23-ամյա Աշոտ Շահբազյանը զոհվել է Ջեբրաիլի մարտերում: Ադրբեջանական կողմը նրա մարմինը խոշտանգած վերադարձրեց Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: Մայրը պատմում է, որ մի քանի օր որդուց լուր չունենալուց հետո զանգել է արտագնա աշխատանքի մեկնած ամուսնուն ու ասել, որ տղայից տեղեկություն չունեն, և, որ ամուսինը վերադառնա ու գտնի որդուն. «Ամսի 3-ին իմացա, որ Ջեբրաիլում մարտերն ավելի թեժ են եղել, հերը եկավ, ամսի 5-ն էր, գնաց, մի երեք օր հետո նոր Աշոտիս առած՝ եկավ Ջեբրաիլից…»:
«Միշտ ասում էր՝ ես սովորական մահով մեռնողը չեմ, իմ մահն ամբողջ աշխարհը պետք է իմանա ու սգա, ու ես պետք է հասնեմ այնտեղ, որտեղ ինձ պետք է: Ինքը հասավ այնտեղ, որտեղ իրեն պետք էր, որ հերոսանար, բայց ինքն իրեն այդպես չտեսավ»,- ասում է տատիկը:
Նա նաև նշեց, որ, երբ Աշոտի եղբայրը բանակից զորացրվել է ու ցանկություն հայտնել՝ մեկնել Աշոտի մոտ՝ պայմանագրային զինծառայող աշխատելու, Աշոտը նրան ասել է, որ մորը մենակ չթողնի. «Ասաց. «Դու եթե ուզում ես, դեմ չեմ, Գյումրիում զորամասեր կան, էդտեղ եղիր, որ երեկոյան տուն գնաս»: Իսկ Աշոտի հետ այդ դեպքը որ եղել է, չեմ էլ հավատում, որովհետև ինքը երեկոյան չպիտի տուն գար, միայն մենք սպասում էինք իր զանգերին, որ իմանանք՝ լավ է»:
Տատիկը նաև պատմում է, որ, երբ ամուսնության մասին խոսք է եղել, Աշոտն ասել է. «Տատ, ժամանակը չէ, երբ ժամանակը գա՝ կասեմ»:
Գյումրեցի հերոսի ընտանիքն ապրում է տնակային պայմաններում:
Հերոսի հոր՝ Կարապետ Շահբազյանի անունով ՎՏԲ բանկում բացվել է հաշվեհամար.
VTB 160 010 120 386 00 հայկական դրամ
160 010 120 386 01 ԱՄՆ դոլար
160 010 120 386 02 եվրո
160 010 120 386 03 ռուսական ռուբլի
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում