1992թ. այս օրը հայկական ռազմական ուժերը սկսեցին Շուշիի ազատագրումը
1992թ. այս օրը հայկական ռազմական ուժերը սկսեցին Շուշիի ազատագրումը: Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի նշանակալից հաղթանակն էր Արցախյան գոյամարտում:
Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն հաջորդ օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին Ստեփանակերտը:
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի ռազմական գործողությունն արմատական բեկում առաջացեց Արցախյան պատերազմում: Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր, ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը:
Շուշիի ազատագրման նախապատրաստման շրջանակներում հայկական կողմը ձեռնարկել է նաև միջազգային հանրությանը դրան նախապատրաստելու դիվանագիտական աշխատանք:
Մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի ջանքերով հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո՝ գաղտնիության պայմաններում մշակվում է Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի գլխավորությամբ, որ պայմանականորեն կոչվում է «Հարսանիք լեռներում» ( Վազգեն Սարգսյանը ծրագրի իրագործումը անհավանական էր համարել և հաջողություն ունենալու դեպքում խոստացել էր ամուսնանալ: Ա. Տեր-Թադևոսյանը «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումն այսպես էր բացատրել):
1992-ի մայիսի 8-ին՝ ժամը 2:30-ին, շուրջ 1200 մարտիկներից կազմված գրոհային 4 խմբեր ձեռնամուխ եղան կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող հակառակորդի ջախջախմանը Շուշիի և Ստեփանակերտի շրջակա հենակետերում։ Մարտական գործողությունները ծավալվել են «26»-ի (հյուսիսային), Շոշի (արևելյան), Լաչինի (հարավային) և Ջանհասան-Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություններում։
Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը:
Ազատագրման պլանը կազմվել է գաղտնիության պայմաններում՝ Ա. Տեր-Թադևոսյանի, Ռ. Գզողյանի, Ս. Սարգսյանի Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարներ Սամվել Բաբայանի, Ա. Կարապետյանի, Սեյրան Օհանյանի, Վ. Չիթչյանի և ուրիշների գործուն մասնակցությամբ:
Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում:
Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաք Շուշին ազատագրված էր: