Բաժիններ՝

Նուբարաշենի և Շահումյանի աղբավայրերը կկոնսերվացվեն, կկառուցվի նորը

Երևանի Նուբարաշենի և Շահումյանի աղբավայրերը կկոնսերվացվեն, իսկ Նուբարաշենի հարակից տարածքում կկառուցվի նոր աղբավայր: Այս նպատակով Եվրոպական ներդրումային բանկը և ՎԶԵԲ-ը ՀՀ կառավարությանը կտրամադրեն 8-ական միլիոն եվրո վարկ, ևս 8 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի ԵՄ հարևանության ծրագիրը: Վարկային համաձայնագրերն այսօր Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում:

Ըստ նրա` երեք տարբեր աղբյուրներ ֆինանսավորում են մեկ ծրագիր, բայց պայմանները գրեթե նույնն են, վարկի մարման ժամկետը 14-15 տարի է, 2 և 3 տարի արտոնյալ ժամկետով, տոկոսադրույքը լողացող է, այսօր առավոտվա դրությամբ 1% է կազմել:

«Կամայական վայրում գործում է մի աղբավայր, որն իր բնապահպանական, շահագործման, անվտանգության տեսակետից անթույլատրելի է: Որևէ ենթակառուցվածք չունի այսօրվա շահագործվող աղբավայրը: Այս 66 տարիների ընթացքում բնապահպանական լուրջ վտանգ է ստեղծել հարակից տտարածքների համար` կեղտաջրերի արտահոսք, և այլն»,- ասաց Կ.Արեյանը` հավելելով, որ առողջապահական տեսակետից անթույլատրելի է, մոտ 200 մարդու մշտական աշխատանքային տեղ է համարվում, բայց որևէ ենթակառուցվածք` ցանկապատ, ջևահեռացման համակարգեր չկան, գազերի արտահոսքի բացակայություն, և այլն, ինչը շատ վտանգավոր է դարձնում աղբավայրը և քաղաքաշինական տեսակետից անթույլատրելի է դրա շահագործումը:

13181222_10206756209688061_335233771_n

Կ.Արեյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է գործող աղբավայրին հարակից առանձնացնել 29 հա տարածք, որը նախատեսվում է 8.4 մլն խմ աղբի կուտակման համար: Այնտեղ նախատեսվում է կառուցել ջրահավաք ավազաններ, արտաքին լուսավորություն, ցանկապատում, դրենաժային համակարգ, ջրերի հորեր, գազերի կուտակման խողովակաշար, ստուգիչ սարքեր, լաբորատորիա, և այլն: Ծրագրի համար նախատեսված է 5 տարի ժամկետ. 2 տարին շահագործելու է կառուցող գերմանական փորձառու ընկերությունը, այնուհետև փոխանցվելու է համայնքային կազմակերպությանը, որը և հոգալու է վարկի սպասարկման ու մարման խնդիրը:

Կ.Արեյանի խոսքով` գումարից 4.1 մլն եվրո նախատեսված է Նուբարաշենի աղբավայրի կոնսերվացիայի համար, իսկ Շահումյանի աղբավայրը կոնսերվացնելու համար կհատկացվի 2 մլն եվրո. «Շահումյանի «չարիքը» համեմատաբար երիտասարդ է, բայց շատ վտանգավոր միջավայր է»:

«Մեր աղբավայրը տեղով աղետ է, անթույլատրելի է դրա շահագործումը բաց երկնքի տակ»,- ասաց փոխքաղաքապետը:

13153266_10206756209728062_332620912_n

Հետագայում, ըստ Կ.Արեյանի, բիզնես ծրագիր կմշակվի և կառաջարկվի ներդրողներին: Ըստ նրա` ճապոնական «Շիմիձու» կորպորացիան շատ փոքր հոսքագիծ է կառուցել Նուբարաշենում, և փոքր քանակով այրում է իրականացնում, բայց դա նախատիպ է:

Ի դեպ, դեռ խորհրդային տարիներին Սովետաշենի ետևում սկսել էին կառուցել աղբի վերամշակման գործարան, որը, սակայն, 50-60%-ով պատրաստ լինելով հանդերձ, ավարտին չհասցվեց` խորհրդային կարգերի փլուզվելու պատճառով: Նույնիսկ սարքավորումներ էին բերվել, որոնք հնացել ու ժանգոտել էին և այլևս պիտանի չէին շահագործման համար:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս