Հայաստանը ԵՄ-ի առջև զարմանալի պահանջներ է դրել
Թեև 2013 թ. ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի Վիլնյուսյան գագաթաժողովի ընթացքում Հայաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդավայի, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պատճառով չնախաստորագրեց Ասոցացման համաձայնագիր, ապա երկու տարի անց կրկին վերահաստատեց նոր համաձայնագիր կնքելու պատրաստակամությունը, այնուամենայնիվ ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացում դեռևս խնդիրներ կան։
Եվ չնայած 2015թ. դեկտեմբերի 9-ին պաշտոնական Բրյուսելն ազդարարեց Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը, այդ բանակցությունները կարծես թե ձգձգվում են, և Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները դեռ կարգավորվում են 1996 թ. Լյուքսեմբուրգում ստորագրված Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության և համագործակցության համաձայնագրով։
Տպավորությունը, թե բանակցություններն ակտիվ փուլում չեն, քանի որ Հայաստանն ընկղմվել է ղարաբաղյան հակամարտության թեժ փուլը մեղմելու գործընթացի մեջ, թյուր է, քանի որ «168 Ժամի»-ի տեղեկություններով, բանակցային գործընթացում որոշակի խնդիրներ են առաջացել ավելի վաղ։
Մինչ դրանց անդրադառնալը հիշեցնենք, որ մարտի սկզբին պաշտոնական այցով Հայաստանում էր ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, ով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում նշել էր, որ 2015թ. կարևոր տարեթիվ է եղել երկկողմ հարաբերությունների համար և նշանավորվել համատեղ դիտարկումներով՝ ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների մասշտաբի ու շրջանակի վերաբերյալ, որն արտացոլվել էր դեկտեմբերին մեկնարկած Հայաստան-Եվրամիություն համաձայնության բանակցություններում։ Նա նաև կարևորել էր հասարակության մասնակցությունը բանակցություններին։
«Մենք կարծում ենք, որ ցանկանում ենք լինել լավ գործընկեր միմյանց համար։ Այս համագործակցությունն ապացուցել է, որ աճի լավագույն խթանն է. նույնիսկ դժվար ժամանակներում ԵՄ-ն առաջին առևտրային գործընկերն է Հայաստանի համար, առաջին ներդրողը, առաջին դրամաշնորհատուն։ Բայց խոսքը միայն փողի մասին չէ այս հարաբերություններում»,- ասել էր նա։
ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի հարցը քննարկվել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 6-ին Գերմանիա կատարած այցի ընթացքում, որտեղ Սարգսյանի բոլոր հանդիպումների ժամանակ անդրադարձ էր կատարվել նոր համաձայնագրին և հույս հայտնվել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի տեսանելի ապագայում։ Ենթադրաբար, ՀՀ-ԵՄ հարաբերությունները քննարկվել են նաև Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրիի Երևան կատարած այցի ընթացքում։
Սակայն, «168 Ժամի» տեղեկություններով՝ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում խորը անորոշություն և անվստահություն կա՝ պայմանավորված 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությամբ։ Հայկական կողմին, ըստ մեր աղբյուրների, չի հաջողվել վերացնել հարաբերություններում վերջին տարիներին պահպանվող անվստահության մթնոլորտը, ավելին, հայկական կողմի պահվածքը բանակցային գործընթացում նորանոր հարցեր է առաջացնում։
Թեև, մեր տեղեկությունների համաձայն, ԵՄ-ին հայտնի է, որ ՀՀ-ԵՄ բանակցային բոլոր շրջափուլերն ու փաստաթղթերն անցնում են Մոսկվայով, որին նույնիսկ եվրոպական կողմը համաձայն է, հայկական կողմը Եվրոպական միության բանագնացների առջև նոր պայմաններ է դնում՝ փորձելով կամ ապահովագրել ապագա համաձայնագիրը ռուսական նոր ճնշումներից, կամ կատարել ռուսական կողմի պահանջը։
Ըստ մեր տեղեկությունների, պահանջի էությունն այն է, որպեսզի նոր համաձայնագրում ինչ-որ ձևակերպմամբ նշվի, որ փաստաթղթով նախատեսվող փոփոխությունները չեն հակասելու ԵՏՄ-ում Հայաստանի պարտավորություններին։ Ի դեպ, ՀՀ ԵՏՄ անդամակցությունից հետո եվրոպացի պաշտոնյաները, խոսելով ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի մասին, բազմիցս պնդել են, որ նոր փաստաթուղթը չի հակասելու ԵՏՄ-ում ՀՀ-ի պարտավորություններին։
Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, նման ձևակերպում փաստաթղթում մտցնելու առաջարկն անհասկանալի է եվրոպական կողմի համար, քանի որ, ըստ եվրոպական կողմի, միջազգային պրակտիկայում նման նախադեպ երբևէ չի եղել, երբ երկկողմ հարաբերությունները փաստաթղթում պայմանավորվեն երրորդ երկրով կամ կառույցով։ «Հայկական կողմի այս պահանջը մի շարք հարցեր է առաջացրել եվրոպական կողմի մոտ, ում վստահությունը հայկական կողմն ամբողջությամբ դեռ չի շահել սեպտեմբերի 3-ից հետո, և այս մթնոլորտում նման պահանջը մեծ զարմանք ու հիասթափություն է առաջացրել։
Այս պահին կողմերն այս հարցում փորձում են համաձայնության գալ։ Այնուամենայնիվ, Եվրոպական միության համար անընդունելի են համաձայնագրում նման ձևակերպում մտցնելու առաջարկները, քանի որ նման ձևակերպումներով համաձայնագրեր գոյություն չունեն»,- ասաց բանակցությունների ընթացքին մոտ կանգնած մեր աղբյուրը։