Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը հունից դուրս է եկել մրցակից հանրապետականների պատճառով. ԱՄՆ-ում մեկնարկում է հերթական «սուպերերեքշաբթին»

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատել է իր կուսակիցներին՝ հանրապետական Թեդ Կրուզին և Ջոն Քեյսիկին, հայտնում է Euronews-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին վերջիններս համաձայնագիր էին կնքել, որը, ըստ էության, պետք է խանգարեր սկանդալային միլիարդատիրոջը որպես միասնական թեկնածու հանդես գալ Հանրապետական կուսակցությունից:

«Իմ շնորհիվ բոլորը վերջապես տեսան, որ հանրապետական փրայմերիզների համակարգը բացարձակ կեղծ է և ոչ մի բանի պիտանի չէ: Ահա երկու թեկնածու, որոնք չունեն հաղթանակի ոչ մի շանս, մաթեմատիկորեն նրանք արդեն դուրս են եկել խաղից, պետք է հեռանան, որպեսզի կարողանանք միավորվել այդ խաբեբա Հիլարի Քլինթոնի դեմ»,- հայտարարել է Թրամփը:

Երկու հանրապետականների պայմանավորվածությունը, որն արդեն ստացել է «Stop Թրամփ» անվանումը, արժանացել է վերլուծաբանների սկեպտիկ գնահատականներին:
Սակայն Տեխաս նահանգից սենատոր Թեդ Կրուզն ու Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկը լրջորեն մտածում են բարելավել իրենց դիրքը այսօրվա փրայմերիզում:

Հերթական «սուպերերեքշաբթին» սկսվելու է ԱՄՆ-ի միանգամից 5 հյուսիսարևելյան նահանգներում: Կրուզը խոստացել է Քեյսիկին օգնել Օրեգոնում և Նյու Մեքսիկոյում հաղթանակի հասնելու հարցում, իսկ նա փոխարենը պետք է զիջի Ինդիանայում:

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուները միավորում են ջանքերը, որպեսզի Դոնալդ Թրամփին թույլ չտան հավաքել 1237 պատվիրակների ձայները, որոնք անհրաժեշտ են կուսակցության համագումարում ԱՄՆ նախագահի միասնական թեկնածուի ընտրության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս