Բաժիններ՝

Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում կպաշտպանի ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը

Բրիտանացի հայտնի փաստաբան Ամալ Քլունին՝ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը, BBC-ին տված հարցազրույցում պատմել է, որ, որպես ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի պաշտպան, նրա գործով փորձելու է հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմանը:

Քլունին պատմել է, որ հանդիպել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի հետ, ով հավաստիացրել է, որ իր երկիրը հարգանքով կվերաբերվի ՄԻԵԴ-ի որոշմանը:
Ամալ Քլունիի խոսքով՝ կան խնդրի լուծման նաև դիվանագիտական հնարավորություններ, որոնց թվում է ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված օրինագիծը, որը պատժամիջոցներ է սահմանում Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ:

Հիշեցնենք, որ «Ազադլիգ» («Ազատություն») ռադիոկայանի լրագրողին Բաքվի դատարանը մեկուկես տարի առաջ դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման:
Լրագրողին մեղավոր են ճանաչել զրպարտության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու իշխանությունը չարաշահելու մեջ: Անձամբ լրագրողը պնդում էր, որ իրեն առաջադրված մեղադրանքները անհիմն են:

Լրագրողը ձերբակալվել է 2014թ. սեպտեմբերի 5-ին Բաքվի օդանավակայանում Թբիլիսիից վերադառնալիս:

Խադիջա Իսմայիլովան մշտապես եղել է Ադրբեջանի կառավարության թիրախում իր լրագրողական գործունեության պատճառով: Նա մի շարք լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որտեղ բացահայտել է Ադրբեջանի իշխանական վերին օղակներում կաշառակերությունն ապացուցող փաստեր:

Միջազգային հանրությունը բազմիցս կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատել վերջինիս՝ նրան անվանելով «խղճի բանտարկյալ», սակայն Բաքուն անտեսում է կոչերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս