«Այն, որ Օբաման չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, ինչ-որ տեղ նաև վարկաբեկիչ էր իր համար». Կիրո Մանոյան
««Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը և «Ավրորա» մրցանակաբաշխությունը միայն դրական ֆոնի ներքո պետք է դիտարկել, քանի որ Հայաստանը պետք է դառնա ցեղասպանությունների դեմ պայքարի կենտրոն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքով՝ ֆորումի մասնակիցները և նրանց ելույթները վկայում են այն մասին, որ Հայաստանը կարող է դառնալ այդպիսին, իսկ «Ավրորա» մրցնակաբաշխությունը, որպես առաջին միջոցառում, ըստ նրա՝ բավական հաջողված էր.
«Ճիշտ է, անցյալ տարվա լուրերի քանակը, որ միջազգային լրատվամիջոցներում կային, այս տարի չկան, բայց դա բնական է: Այս երկու միջոցառումների մասնակիցներին նկատի ունենալով` բավականին լայն արձագանք եղավ: Ցանկալի է, որ այս երկու միջոցառումները շարունակվեն և դառնան ավանդական»:
Հարցին, թե՝ կարո՞ղ ենք ասել, որ մեզ հաջողվել է Հայկական հարցը դուրս բերել միջազգային հարթակ, Կ.Մանոյանը պատասխանեց, որ, եթե նույնիսկ դեռ չի հաջողվել, այդ ճանապարհին ենք. «Առանց իր էությունից դատարկելու Հայկական հարցը կամ Հայ Դատը, պետք է ցույց տանք, որ Հայաստանը միայն իր հարցերով չէ շահագրգռված, այլ` համամարդկային խնդիրներով, և այս պարագայում՝ ցեղասպանությունների դեմ պայքարով: Վերջին տարիների մեր դիվանագիտությունը, կարծում եմ, որ ճիշտ պատգամ է փոխանցում միջազգային հանրությանը»:
Կ. Մանոյանը հույս ունի, որ առաջիկայում Գերմանիան կմիանա այն պետությունների շարքին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա՝ Բունդեստագի՝ 2015 թվականին ընդունած բանաձևը բավականին լավն է. «Հուսով եմ, որ այս տարի հունիսին կայանալիք քննարկումների ընթացքում ճիշտ որոշում կորդեգրի»: Կ. Մանոյանն ափսոսանք հայտնեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ուղերձը ճիշտ չօգտագործեց. «Ինչ-որ տեղ նաև վարկաբեկիչ էր իր համար, որ վկայաբերում էր ուրիշին, Օբամա քաղաքացու ասածները, բայց իրականում չի ասում «ցեղասպանություն» բառը: Թե ինչո՞ւ չի ասում, չեմ հասկանում, որովհետև Թուրքիան էլի դժգոհեց, էլի բողոքեց, բայց տարին չի վերջացել, և Օբաման կարող է իր խոստումը կատարել:
Արդեն երրորդ տարին է, որ Թուրքիայի ղեկավարությունն ինչ-որ ուղերձ է հրապարակում, որը նույն ժխտողական քաղաքականությունն է պարունակում: Ցավակցում է հայ մահացածների հարազատներին այնպես, ասես բնական մահով են մահացել, կամ աղետի հետևանքով: Անտեսվում է իրենց պետության կողմից ոճրագործության իրականացման փաստը»: Անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանում պատգամավոր Կարո Փալյանի ելույթին՝ Կ. Մանոյանն ասաց, որ ողջունելի փաստ է այդ ելույթը. «Իր անվտանգության համար մտահոգված ենք, չգիտեմ՝ ինչ տեղի կունենա, բայց սա վկայում է այն մասին, որ Թուրքիայի հայ համայնքում կա մի հատված, որ կարող է իր իրավունքները պաշտպանել»: