«Բանակցությունները կվերսկսվեեն միայն մեր պայմանների կատարման դեպքում»

Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը

– Պարոն Բաղդասարյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ի՞նչ բերեց և ի՞նչ տարավ Երևանից:

– Բնականաբար, ինչ սպասում էինք, այդպես էլ եղավ, այն բամբասանքները, թե արդեն պատրաստի փաստաթուղթ է բերվում, նման երևույթներ չկան: Լավրովի հղումը 1994-95 թթ. փաստաթղթին էր, որը նաև մեր ցանկությունն է, քանի որ Ղարաբաղն այնտեղ բանակցային կողմ է, և իր ստորագրությունը դրված է: Իսկ Ադրբեջանի ցանկությունն այն է, որ այդ փաստաթուղթը չեղյալ հայտարարվի: Բանակցությունների հետ կապված՝ մենք մեր առաջարկներն ունենք, որ միայն այն պայմանների դեպքում բանակցությունները կվերսկսվեն, որ 94թ. փաստաթղթի բոլոր պայմանները կատարվեն, այսինքն` լիակատար հրադադար լինի, և նաև` դա կլինի սարքավորումների՞ միջոցով, թե՞ այլ, որ հստակ ուղղվածություն դրվի ագրեսորին, ահաբեկչին, սահմանախախտին, և այդ հավասարության նշանը հանվի և երաշխավորվի, որ նման դեպքեր չեն կրկնվի: Եթե լինեն նման պայմաններ և երաշխիքներ, նոր կարող ենք խոսել հետագայում բանակցությունների մասին: Թե չէ, ի՞նչ է նշանակում` մենք բանակցենք, այնտեղ կրակոցներ լինեն: Նման բան չի կարող լինել: Հիմնականում դա ոչ միայն ՌԴ-ի կարծիքն էր, այլև Լավրովը խոսում էր նաև Մինսկի խմբի անունից:

– ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հարցին, թե՝ «ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց», Լավրովը պատասխանում է, թե՝ «չի կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն»:

– Մենք ակնկալում էինք այն պատասխանը, որը, չեմ կարծում, թե Լավրովը կասեր, որ պարզապես խաղաղությունը փոխարինվեց պատերազմով, որովհետև Ադրբեջանին ձեռք չի տալիս խաղաղ պայմաններում բանակցային փուլով այս խնդիրը լուծել, որովհետև նա ունի այլ նպատակներ` պատերազմական, որ ագրեսիայի միջոցով կարողանա գրավել ղարաբաղյան տարածքները, նրա ախորժակներին, բնականաբար, մենք կուլ չենք գնա, և դա իր ներքին իրավիճակից հանրության ուշադրությունը շեղելու համար էր: Ինձ թվում է` իրական պատասխանը դա պետք է լիներ, բայց, համենայն դեպս, որպես դիվանագետ՝ Լավրովը չի կարող նման պատասխան տալ, բայց նրա ասուլիսի և ելույթի ժամանակ ակնհայտ էր, որ ագրեսիան սկսել է ադրբեջանական կողմը: Սակայն այնտեղ նաև միտք ասվեց, որ ուսումնասիրվում են բոլոր փաստերը, և կարծում եմ՝ իրավական փաստերն ունենալուց հետո կանեն իրենց հայտարարությունը:

– Նախագահի հետ հանդիպմանը Լավրովը նաև ասել է, որ, եթե հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե թեկուզ նախանշեին ընդհանուր սկզբունքներ, դա նաև զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար: Ինչո՞ւ քաղաքական գործընթացում չի հաջողվում առաջ շարժվել, և այդ սկզբունքները Կազանի փաստաթղթի՞ն են վերաբերում:

– Բոլոր սկզբունքների հետ կապված` և´ Կազանյան, և´ Մադրիդյան, և՛ դրանից առաջ տարբեր հանդիպումներում` Աստանայում, Մոսկվայում, որի մասին խոսեց մեր արտգործնախարարը, բոլոր տեղերում մենք մեր եզրը գտել ենք համաձայնության, որ նստենք բանակցությունների, հրաժարվողն անընդհատ եղել է ադրբեջնական կողմը: Կազանի հետ կապված արդեն իսկ կարծես փոխադարձ համաձայնություն կար, բայց վերջին պահին բռնապետ Ալիևը 10 նոր առաջարկություններ մտցրեց, որն անընդունելի է, բնականաբար, և նրա նպատակը հենց դա էր, որ այնպիսի առաջարկություններ մտցնի, որ լինեն անընդունելի: Իսկ դիվանագիտական առաջընթացը միակողմանի չի լինում, պետք է երկկողմանի համաձայնության դաշտում լինի: Եվ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ չկա այդ համաձայնությունը:

– Լավրովը նաև նշել է, որ չեն ողջունում զուգահեռ ինչ-որ ուղիներ փնտրելու, մեխանիզմներ ստեղծելու փորձերը: Արդյոք սա ամերիկյան առաջարկի՞ մասին է` հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման: 

– Ոչ, նա միանշանակ հայտարարություն արեց, որ իրենք կողմ են սարքավորումների տեղադրմանն ու ուսումնասիրությունների իրականացմանը: Եվ դա այն պատասխանն էր, որ ամերիկացիները պնդում են, որ ռուսները կողմ չեն այս սարքավորումներին: Լավրովը պարզ հայտարարեց և ոչ մի տողատակ չթողեց: Եվ մեզ բավարարում էր այդ պարզ, անմիջական զրույցը:

– Ի վերջո, ի՞նչ տվեց Լավրովի այցը:

– Լավրովի այցն այն X-երի պատասխանները տվեց, որ քաղաքացիական հասարակության որոշ խմբեր, առանձին քաղաքական գործիչներ հերյուրանքներ էին տարածում, որ ռուսները չգիտեմ ինչեր են նախապատրաստել, մենք հողեր ենք տալու, բայց այդպես չէ, բոլորն ականատես եղան, որ մենք պատասխանելու ոչինչ չունենք, որովետև չկան նման հարցադրումներ: Նա եկավ տրամադրությունները շոշափելու և տեսավ, որ մեր տրամադրվածությունների մեջ որևէ փոփոխություն չկա, մենք կողմնակից ենք 94-95թթ. անժամկետ հրադադարին և պայմանագրի կետերի կատարմանը: Եվ մենք դեմ չենք բանակցելու և խաղաղ բանակցությունների միջոցով Ղարաբաղյան խնդիրը լուծելու: Այդ շրջանակներից դուրս ոչինչ չի խոսվել, և, եթե ուշադիր եք եղել, նա իր բոլոր հայտարարությունների մեջ նշում էր` Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ: Իր բոլոր հայտարարությունների մեջ Լեռնային Ղարաբաղը` որպես երրորդ կողմ, նա միշտ ասում էր:

Տեսանյութեր

Լրահոս