4-4. ԱԺ-ում սկսվում են թեժ մարտերը

Ազգային ժողովում առաջիկա երկուշաբթի մեկնարկելու են հերթական քառօրյա նիստերը, որոնց օրակարգի գլխավոր հարցը լինելու է նոր Ընտրական օրենսգիրքը։ Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշվեց ԸՕ նախագիծն ուղարկել ԱԺ լիագումար նիստ։

Սակայն հանձնաժողովի անդամներից 4-ը դեմ քվեարկեցին նախագծին՝ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ-ից՝ Գագիկ Ջհանգիրյանը, և ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը հանձնաժողովականներին մանրամասն ներկայացրեց վերամշակված նախագիծը, որը, նրա հավաստմամբ, բավականին նորամուծություններ է պարունակում։ «Ընտրությունները շարունակում են մեր շրջանում լինել ցածր վստահություն վայելող, և անհրաժեշտություն է առաջացել էական փոփոխություն մտցնել և ստեղծել այնպիսի համակարգ, որը հնարավորություն է ստեղծում վերականգնելու առկա պատկերը, բացահայտելու ընտրախախտումները, որը կունենա էական նշանակություն և կլինի էական կանխարգելիչ հանգամանք»,- հայտարարեց Հարությունյանը։

Ըստ նախագծի՝ առաջին փոփոխությունն այն է, որ ՏԻՄ-երում ընտրությունները տեղի են ունենալու այնպես, ինչպես Երևանում։ Երկրորդ հիմնական դրույթը համամասնական ընտրական համակարգին անցումն է, որի թերությունը, ըստ Հարությունյանի, այն է, որ ընտրությունը կենտրոնանում է քաղաքներում։ Առաջարկվել է Եվրոպայում լայնորեն տարածված՝ բաց համամասնական մոդելը, որ ՀՀ-ն բաժանվում է որոշակի տարածքների։

Ընտրողն իր ձայնը տալիս է կուսակցությանը։ Կիրառվել է Դոնթի բանաձևը. եթե որևէ կուսակցություն հավաքում է 80% ձայն, փոքր կուսակցություններին տրվում է փոքրամասնության բոնուս, և ավելացվում է նրանց մանդատներն այնքանով, որ նրանք ունենան 33%։ Եթե որևէ կուսակցություն ստանում է 54% ձայն, ընտրությունները կարելի է համարել ավարտված։ Եթե ստանում է 50%+1, ապա ստանում է մեծամասնության բոնուս, և մանդատներն ավելացվում են մինչև 54%։ Կարող են ստեղծվել կոալիցիաներ, սակայն Սահմանադրությամբ դրանց մասնակից կուսակցությունների թիվը սահմանափակվում է 3-ով։ Խորհրդարանում պետք է լինի ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչ։ Կայուն մեծամասնության բացակայության դեպքում տեղի է ունենում երկրորդ փուլ, և կուսակցությունները կարող են ցանկացած ձևով միավորվել, սահմանափակում չկա։

Կարդացեք նաև

Ընտրության ժամանակ էլեկտրոնային լինելու է միայն գրանցման փուլը, ծրագրային ապահովումը պետք է բաց լինի աուդիտի համար, ընտրողների ցուցակում պետք է ներբեռնվեն ID քարտի, սովորական անձնագրի և բիոմետրիկ անձնագրի տվյալները, յուրաքանչյուր ընտրատեղամասի սարքերում պետք է լինեն միայն այդ տարածքի ընտրողների տվյալները։ Անձը հաստատելուց հետո ընտրողը ստանալու է քվեարկության կտրոնը, ապա հանձնելու է մատնահետք։ Նորամուծություն են ինքնասոսնձվող դրոշմանիշները, որոնց վրա պետք է ընտրություններին մասնակցողների թիվն ու ընտրատեղամասը հրապարակվի։ Ի սկզբանե պետք է տպագրված դրոշմանիշների քանակը հայտնի լինի։ Դրոշմանիշը փակցվելու է քվեաթերթիկի վրա, առանց որի՝ այն վավեր չի համարվի։ Սա, Հարությունյանի վստահեցմամբ, բացառելու է, այսպես կոչված, կարուսելը։

Ամենաշատը քննարկված հարցը բաց է մնում. ընտրությանը մասնակցածների ցանկի հրապարակումը, որին դեմ է Վենետիկի հանձնաժողովը՝ անհատական տվյալների պաշտպանությունից ելնելով, պաշտոնապես չի կատարվի։ Առաջարկվել է լուծում, որը, Դ.Հարությունյանի կարծիքով, պատասխան է տալիս ընդդիմադիրների բարձրացրած հարցին, բայց չի խախտում ՎՀ տեսակետը։ Ըստ այդմ՝ էլեկտրոնային սարքը տպելու է այն ընտրողների հերթական համարները, որոնք մասնակցել են ընտրությանը, հետո կարելի է դա ներբեռնել և տպել A4 ֆորմատի վրա, իսկ վստահված անձինք, դիտորդներն ու լրագրողները կարող են լուսանկարահանել այդ թվերը։ Ընտրատեղամասերի տվյալների ամփոփումից հետո հիշողության սարքերը կուտակվում են մեկ համակարգչի մեջ, և տվյալները փոխանցվում են ԿԸՀ, և եթե հանկարծ որևէ մարդ քվեարկել է նաև այլ տեղամասում, դա հստակ երևում է մատնահետքով։ Զինվորականները նույնպես հանձնում են մատնահետք, բայց նրանց անուն-ազգանունը չի նշվում։
Դ.Հարությունյանը «շատ օգտակար» անվանեց «4+4+4» ֆորմատով քննարկումները՝ անկախ քաղաքական գնահատականներից։ Սակայն, ըստ նրա, այս ձևաչափի մասնակիցների առաջարկած մատների թանաքոտումը լավագույն տարբերակը չէ, ավելի օբյեկտիվ և համադրելի է մատնահետքերի կիրառումը։ Տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման վերաբերյալ գործընկերների հաշվարկը Հարությունյանը չի կիսում։

Փոխարենը, նրա խոսքով, առաջարկում են մեկ այլ մոտեցում, որ ԸՕ-ում ամրագրված չէ, քանի որ բյուջեում գումար չկա, բայց եթե որևէ դոնոր կազմակերպություն տրամադրի, իրենք դեմ չեն. «Կողմնակից չենք ուղիղ հեռարձակմանը հետևյալ պատճառով՝ նման տրաֆիկ ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել, իսկ ցանկացած կապի խաթարում հավելյալ կասկած կառաջացնի։ Մի քանի տեսախցիկներով նկարահանմանը կողմ ենք, բայց, եթե լինի մի մասնագիտացած կազմակերպություն, որ իր վրա կվերցնի այդ աշխատանքը, և ընտրատեղամասի աշխատակիցները չմտածեն՝ տեսախցիկները որտեղ ամրացնել»։

Նոր ԸՕ-ով ավելացվում է խորհրդարանում կանանց թիվը։ Դ.Հարությունյանը տեղեկացրեց, որ ցուցակների 25%-ը պետք է կին լինի՝ հավասարաչափ բաշխված, այսինքն՝ յուրաքանչյուր քառյակի մեջ մեկը պետք է կին լինի (նախկինում ցուցակներում յուրաքանչյուր 7-րդը պետք է կին լիներ)։ «Այստեղ էլ կա նորամուծություն. չի կարող լինել թեկուզ մեկ խմբակցություն, որ չունենա կին ներկայացուցիչ»,- նկատեց Դ.Հարությունյանը։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մի քանի հարցադրում հնչեցրեց՝ ի՞նչ տեղի կունենա, եթե հունիսի 1-ին օրենքը չընդունվի, ինչո՞ւ «չբարեհաճեցին» ներկայացնել Վենետիկի հանձնաժողովին ուղարկած երկրորդ տարբերակի գոնե սկզբունքները «4+4+4» ձևաչափով քննարկումներին, արդյո՞ք այդ քննարկումների արդյունքների մասին տեղյակ է Վենետիկի հանձնաժողովը։ «Ցուցակների մաքրում չկա, մատների թանաքոտում չկա, ռեյտինգայինը հանելը չկա, ինչպե՞ս եք պատկերացնում շարունակությունը»,- հարցրեց Ա.Մանուկյանը։

Դ.Հարությունյանը պատասխանեց, որ, եթե օրենսգիրքը չընդունվի մինչև նախանշված ժամկետը, կլինի ընտրական ճգնաժամ, բայց իր կարծիքով՝ ԸՕ-ն այդ ժամկետում ընդունված կլինի։ Դ.Հարությունյանը մեղադրեց, որ ՀԱԿ-ը պատրաստակամ չի եղել իրեն լսելու։ Ըստ նրա՝ շատ հարմար է, որ կա իշխանություն, որը փորձում է ողջամիտ լուծում գտնել, համաձայնում է այս և այն առաջարկներին, բայց մեկին որ չի համաձայնում, կարելի է ասել՝ դա մեր սկզբունքային մոտեցումն է։

Ա.Մանուկյանը հայտարարեց, որ արդար ընտրությունների իրենց հույսը վերացավ Հրազդանի ընտրություններից հետո, որտեղ 62% մասնակցություն՝ այս արտագաղթի պայմաններում, հնարավոր չէր. «Իրականությունից հեռու չգնանք, 26 հազար մարդ Հրազդանում չի ապրում և չէր կարող քվեարկել»։ Դ.Հարությունյանի համոզմամբ՝ Հրազդանում կա 26 հազար մարդ, իսկ օբյեկտիվ միջոցը, որպեսզի նույն անձը տարբեր տեղամասերում չքվեարկի, մատնահետքն է. «Տեխնիկական միջոցները պատահաբար չենք առաջարկում մենք։ Ամենալավ ապացույցն է՝ ճշտելու՝ մարդը կա՞ր, թե՞ չկար»։
«Քննարկումը հենց դրանով է քննարկում, որ դիրքերը մերձենան։ Խոսքը զիջումների մասին չէ, մենք ուզում ենք ողջամիտ լուծում։ Եթե քարը փեշներիցս թափենք, մենք կարող ենք գալ զիջումների»։

Գագիկ Ջհանգիրյանի դիտարկմամբ՝ մասնագիտական քննարկումները նոր են սկսվում, և «4+4+4» ձևաչափի ձախողումը ողբերգություն չէ։ Նա մեկ այլ հարցադրում արեց՝ «Մտավախություն չունե՞ք, որ այս համակարգի գործարկման արդյունքում մենք ապագայում ունենալու ենք ավելի վատ խորհրդարան, ավելի ցածր ինտելեկտուալ՝ անկախ ընդդիմության թվից, որակային ավելի վատ ԱԺ։ Թվերից գիտակները հաշվել են, որ այս համակարգի դեպքում ձայն բերող մարդիկ, որոնք օրենսդիր աշխատանքի համար պիտանի չեն, 53%-ից ավելի կլինեն»։
Դ.Հարությունյանը պատասխանեց, որ ավելի վատ ԱԺ ունենալու մտավախություն «շատ» չունի, ավելին՝ բաց համամասնական համակարգ ունեցող գործընկերներն ասում են՝ սա շատ լուրջ քայլ է առաջ։ Ըստ նրա՝ կան երկրներ, որտեղ այս համակարգը ձախողվել է, բայց իրենք ունեցել են համապետական ցուցակով անցած ավելի քիչ թվով անձինք, քան տեղական։ Դ.Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց անգամ ամենօրյա ռեժիմով աշխատել օրենսգրքի նախագծի վրա ու նշեց. «Փակ աչքերով վստահում եմ Ձեր առաջարկին»։

Ջհանգիրյանի հետ համաձայնեց Զարուհի Փոստանջյանը՝ հայտարարելով՝ «Եկող խորհրդարանն ընդհանրապես խորհրդարանի նման չի լինելու»։ Զ.Փոստանջյանն օրինակ բերեց, որ, եթե Երևանի 4 ընտրատեղամասերից մեկում, ենթադրենք, Արաբկիր-Աջափնյակ-Դավիթաշենում, «ՍԱՍ-ի Արտակը» և մյուս մականունավորներն առաջադրեն իրենց թեկնածությունը, քաղաքական հատվածը, որին պատկանում է նաև Դավիթ Հարությունյանը, հետ է մնալու, որովհետև չունեն գործարաններ, և այլն, այսինքն՝ տնտեսական լծակներ, որպեսզի ընտրողներին բերեն տեղամասեր։ Ըստ Զ.Փոստանջյանի՝ միանշանակ փակ ցուցակ պետք է լինի, որը գործել է նաև Իսրայելում, և դա քաղաքական համակարգի զարգացման լավագույն ձևն է։

«Փակ ցուցակն աճպարարություն է»,- հակադարձեց Դ.Հարությունյանը՝ հավելելով, որ կան շատ գործիչներ՝ դասական, քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական կապերով, բայց այնպես չէ, որ մարդը գալու է և ձայնը տալու է նրան, որն ունի գործարան։ Նա վստահեցրեց, որ նոր ԸՕ-ով առաջարկվող համակարգը փակում է կեղծելու բոլոր մեխանիզմները։

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ներկայացված համակարգը բոլորովին էլ համամասնական չէ, իսկ խնդիրն ավելի շատ ընտրատեղամասերից դուրս է, ինչն ապացուցեցին նաև Հրազդանի ընտրությունները։ «Հրաժարվե՛ք տարածքային ցուցակներից, միայն այդ դրույթը բավարար է, որ անհավասար մրցակցային պայմաններ լինեն, և իշխող ուժը հաղթի»,- կոչ արեց Է.Մարուքյանը։
Սակայն Դ.Հարությունյանը չհամաձայնեց. «Տարածքային ցուցակներից հրաժարվելն ամենավտանգավոր բանն է մեր երկրի համար, որ խնդիր ունի տեղերում զարգացնել քաղաքական մշակույթը»։

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս