«Կանանց մասնակցությունը բանակցություններին բարձրացնում է խաղաղության հավանականությունը 20 տոկոսով». Նենսի Սոդերբերգ

Բազմաթիվ խնդիրներ աշխարհում չեն կարող լուծվել առանց կանանց: Այս կարծիքին է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի նախկին տեղակալ Նենսի Սոդերբերգը, ով այսօր Aurora Dialogues քննարկումների ժամանակ ներկայացնելով «Կանանց դերը միջազգային մարդասիրական համայնքում» զեկույցը, նշեց, որ խաղաղությունը պահանջում է, որ կանայք մասնակցեն բանակցային գործընթացին՝ որպես բանակցողներ և որոշում կայացնողներ:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր կին պետք է իր դերակատարումն ունենա խաղաղության գործընթացում: Նա նաև նշեց, որ կանայք չեն առաջացնում կոնֆլիկտներ, բայց պատասխանատու են հետևանքների համար:

«Ինչո՞ւ թողնենք կանանց տաղանդը, հետազոտությունը ցույց է տվել՝ երբ կանայք ազատ են ընտրելու, կառավարություններն ավելի արձագանքող են, երբ հավասար են իրավունքներն ազգերի, ավելի կայուն և խաղաղ են պետությունները: Չեմ ասում՝ կանայք ավելի լավն են, քան տղամարդիկ, կներեք, տղաներ, բայց կան շատ ոլորտներ, որտեղ, եթե կանայք են լինում, դրանք ավելի մեծ առաջընթաց են գրանցում»,- հայտարարեց Ն. Սոդերբերգը:

Նրա խոսքով՝ կանանց մասնակցությունը բանակցություններին բարձրացնում է խաղաղության հավանականությունը 20 տոկոսով: Ըստ նրա՝ այն պետությունները, որոնք ունեն բարձր մակարդակի գենդերային հավասարություն, ավելի մեծ քանակի հաջողությունների են հասնում խաղաղության հասնելու հարցում, քանի որ «կանայք ունեն կոնֆլիկտների կարգավորման հզոր գործիքներ»:

Ն. Սոդերբերգի կարծիքով՝ պետք ուղղակի կանանց հրավիրել բանակցային սեղանի շուրջ. «Լավ կլիներ, որ ավելի մեծ քանակությամբ նախագահներ, վարչապետներ, նախարարներ լինեին կանայք, նույնիկ լավ կլիներ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կին լիներ»:

Ն. Սոդերբերգը համոզված է, որ, երբ կանայք օգտագործեն իրենց ամբողջ ներուժը, շատ անիրականանալի հարցեր կարող են իրականանալի դառնալ:

Տեսանյութեր

Լրահոս