«Ապրեն մեր տղաները, որ մուսալեռցիների նման պայքարում են իրենց հողի համար». 104-ամյա Սիլվարդ Ատաջյանը՝ քառօրյա պատերազմի մասին

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը և հատկապես դրա հետևանքները բարոյահոգեբանական ճնշող ազդեցություն ունեցան ոչ միայն Հայաստանում, Արցախում, արտերկրում բնակվող մեր միլինավոր հայրենակիցների վրա, այլև այն մարդկանց, ում թվում է, թե որևէ իրադարձություն այլևս չի կարող կոտրել: Բայց միայն թվում է: Հայոց-ցեղասպանության ակնաատես-վերապրածները, որոնց շուրջ հանրության ուշադրությունը որպես կանոն առավել մեծանում է Մեծ եղեռնի տարելիցին ընդառաջ, նույնպես անմասն չմնացին այն համահայկական ցավալի իրադարձություններից, որոնց ականատես եղանք բոլորս:

«Հուզվում էր ամեն զինվորի մասին իմանալով: Շատ էր հուզվում..: Շատ արտահայտվող չէ, բայց թուրքերին էր մեղադրում, ասում էր. «Ապրեն մեր տղաները, որ մուսալեռցիների նման պայքարում են իրենց հողի համար»»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է 104-ամյա Սիլվարդ Ատաջյանի թոռնուհին` Նունե Ատաջյանը:

ԼՂ հակամարտության գոտում վերջին իրադարձությունները ստիպում են Սիլվարդ Ատաջյանին վերհիշել անցյալը` հեմամատականներ տանելով Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերի հետ: 53 օր շարունակ թուրքական զորեքրի հարձակումները հաջողությամբ հետ մղողների շարքում են եղել նաև ականատեսի հայրը և հորեղբայրը, ում նա համեմատում է այս օրերին հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած տղաների հետ:

Silvard (2)

«Ամեն մի երիտասարդ զոհի համար ցավում է ու ափսոսում»,- հավելում է Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածի թոռնուհին:

104-ամյա կինն իրադարձություններին ակտիվ հետևում է հեռուստացույցով` բաց չթողնելով միմյանց հաջորդող լրատվական թողարկումները:

Իր կենսուրախությամբ, բնատուր տոկունությամբ, կյանքի փորձով իմաստնացած այս կինը հույս ունի, որ համակարտությունը շուտափույթ կավարտվի, և մեր երկիրը 1915 թվականի պես հերթական անգամ գերտերությունների մշտական շահերի հետևանքով չի հայտնվի վտանգի մեջ:

Silvard (3)

Կարճատև, բայց կորուստներով հագեցած պատերազմի բոթը թեև փոքր ինչ ստվերել է, բայց բոլորովին չի ջնջել նրա սրտից այն ցավալի ապրումներն ու մտորումները, որոնք բերում է իր հետ յուրաքանչյուր գարնանամուտ: Որքան ժամանակ էլ անցնի, Մուսա լեռան, Հայոց ցեղասպանության, կոտորածի, գաղթի, ընտանիքի անդամների կորստի անդառնալի հետքերը ստիպում են նրան արտասվել: Արցունքների մեջից ամեն տարի հիշում է հարազատներին, հայրենի բնաշխարհի գեղեցկությունն ու կարծես մտովի տեղափոխվում «էրգիր»: Հայրենիքը ամենից շատ հիշեցնող իրը, այնտեղից բերված խխունջապատ զարդատուփն է, որում խնամքով պահում է ընտանեկան լուսանկարներն ու իր փաստաթղթերը:

«Ապրելու ապրիլը» տարեց կնոջ կյանքում խորհրդանշական է: Ապրիլի 7-ին լրացավ նրա 104 ամյակը: Տարեդարձն, ինչպես ամեն տարի, նշեց ընտանիքի անդամների, ծոռնիկի ջերմ շրջապատում: Տիկին Սիլվարդը մայրաքաղաքում բնակվող չորս ականատեսներից մեկն է, ով, չնայած 2015թ. փետրվարին կատարված ոտքի բարդ վիրահատությանը, շարունակում է ապրել ընտանիքի առօրյա հոգսերով:

Իր եզակի հասակակիցների նման, պատերազմի գինն իմացող այս մարդն առաջին հերթին ցանկանում է, որ ժառանգներն ապրեն խաղաղ երկնքի տակ:

2016թ. ապրիլի տվյալների համաձայն` Հայաստանում բնակվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած 21 անձ, նրանցից 4-ը` տղամարդ: Օրեցօր նրանց թիվը պակասում է. 2014թ.ականատես-վերապրածների թիվը հասնում էր 39-ի, նրանցից 25-ը կին էր, 14-ը տղամարդ:

Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածները անմասն չեն պետության ուշադրությունից: ՀՀ առողջապահության նախարարությունը գործընկեր կառույցների հետ տրամադրում է շարունակական բժշկական օգնություն և սպասարկում: Հանրապետությունում բնակվող ականատեսները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, ապահովվում դեղերով և բժշկական պարագաներով:

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան
Լուսանկարները` Արթուր Գևորգյանի

Տեսանյութեր

Լրահոս