Բաժիններ՝

«Մենք թշնամուն հաղթել ենք նաև մեր լռությամբ, միայն նրանով, որ դեռ կանք, որ նրանք մեզ չկարողացան ոչնչացնել». Հասմիկ Պապյան

Այսօր Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Պատասխան 100 տարի անց» համալիր ծրագիրն ամփոփող համանուն գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին հեղինակավոր մտավորականներ Հայաստանից և Սփյուռքից:

Պատկերագիրքը ներառում է Հայոց ցեղասպանության տարիներին գրված անպատասխան 10 նամակ, 100 տարի անց ժամանակակից հայ և օտարազգի անվանի գործիչների՝ դրանց ուղղված պատասխան-արձագանքներ, նամակներ և կերպարվեստի գործեր, բացառիկ նյութեր և արխիվային լուսանկարներ:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում «Պատասխան 100 տարի անց» համալիր ծրագրի հեղինակ և համակարգող Հասմիկ Հախվերդյանն ասաց, որ պատկերագրքում բավականին մեծ քանակությամբ չհրատարակված նյութեր կան, որոնք հայտնություն կլինեն գրքի ընթերցողների համար. «Պատկերագրքում զետեղված բացառիկ նամակագրություն կա՝ ֆրանսաբնակ հայտնի ռեժիսոր Անրի Վերնոյի և ժամանակի Թուրքիայի տուրիզմի նախարար Բյուլենթ Աքարջալի հետ, որտեղ վերջիններս մտքեր են փոխանակում Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի շուրջ:

Պատկերագրքի ստեղծման համար գրավոր աղբյուրներ են հանդիսացել Հայաստանի Ազգային արխիվի, Գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի Ազգային գրադարանի հարուստ ֆոնդերը՝ համագործակցությամբ Հայաստանի նկարիչների միության, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի. «Գրքում զետեղված հայ անվանի մտավորականների բոլոր նամակները` գրված Մեծ ջարդերից առաջ, վերցված են Գրականության և արվեստի թանգարանի հարուստ ֆոնդից: Մեծ չափով գրավոր վկայություններ վերցված են արտերկրի մեր հայրենակիցներից: Օգտագործվել են նաև վկայություններ բանահավաք, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի գիտական աշխատությունից»:

Կարդացեք նաև

«Պատասխան 100 տարի անց» պատկերագրքում Ցեղասպանության զոհ դարձած 20-րդ դարի մտավորականների անպատասխան նամակներին մեկ դար անց պատասխաններ են ուղղել այնպիսի հեղինակավոր մտավորականներ, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, Վիեննայում բնակվող օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և այլք:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում մեկ դար անց արևմտահայ գրող-երգիծաբան Երվանդ Օտյանին ուղղված իր պատասխանն այսպես է մեկնաբանում ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը: «Սա շատ հուզիչ և բարդ գործ էր, որովհետև, երբ ինձ խնդրեցին պատասխանել Ցեղասպանության տարիներին գրված նամակներից մեկին, ես մտածեցի, թե ինչպե՞ս կարելի է 100 տարի անց պատասխանել մի նամակի, որը պետք է մնար առանց պատասխանի: Միգուցե այդ նամակների ուժը հենց նրանում էր, որ դրանք մեր հիշողություններում առանց պատասխանի էին մնացել, բայց պետք է փաստել, որ հայ ժողովուրդը ներշնչվեց, կարողացավ պահպանել իր լեզուն, չկորել պատմության քառուղիներում, ուրեմն նաև՝ պատասխանել այն մտավորականներին, ովքեր շատ կարևոր հաղորդագրություններ էին մեզ հղել՝ հասկանալով, որ իրենք պատասխան չեն ստանալու, ավելին՝ զոհվելու են գուցե արդեն մի քանի ժամ հետո: Ես Երվանդ Օտյանի նամակին պատասխանել եմ այնպես, կարծես ողջ, կենդանի ու ապրող մարդուց ստացած նամակին կպատասխանեի: Ես մտածեցի, որ պետք է գտնել այնպիսի մի պատասխան, որ կապված կլինի և՛ մեր պատմական անցյալի, և՛ ներկայի հետ: Երևի մեր պարտականությունն էր՝ պատասխանել, թե ի՞նչ է մեզ հետ կատարվել 100 տարի անց՝ նրանց, ովքեր Ցեղասպանության տարիներին իրենց կյանքը տվեցին՝ առանց պարտվելու իրենց ներքին ուժին»,- մեկնաբանեց ռեժիսորը՝ զերծ մնալով, սակայն, մանրամասնելուց իր պատասխան նամակի բուն տեքստը:

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով իր նամակը գրել էր՝ ի պատասխան 1915 թ. եղեռնագործ օրերին նահատակված հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Խաժակին, այսօր ասաց. «Ես արդեն առիթ ունեցել եմ այս գիրքն ունենալ իմ ձեռքին և հիմա կարող եմ ասել, որ շատ կարևոր աշխատանք է արված՝ մաքուր, գեղեցիկ, բարձր ճաշակով և ամենակարևորը՝ հագեցած բովանդակությամբ՝ մարդկային ճակատագրերի, դրանց շփումների և դրանց միջև եղած կապի մասին, որոնք շատ տարողունակ են, մանավանդ՝ այս վերջին օրերի ընթացքում: Հարցերը, որ բարձրացրել է այս գիրքը, ծայրահեղ այժմեական են, որ մեզ բոլորիս հուզում են՝ այս էլ 101 տարի: Երբեմն, գեղեցիկի հետ համատեղ, կարևոր է, որ աշխատի նաև զենքը, ուղղակի զենքը, ոչ թե այն զենքը, որ մենք երբեմն արվեստն ենք համարում՝ մեր զենքը, այլ՝ բանակի զենքը: Դրանք պետք է համամասնաբար գործեն՝ միաժամանակ, որովհետև մեր ժողովրդի կենսագրությունն ու ճակատագիրը քաղաքակիրթ աշխարհում բարու չափաբաժինն ավելացնելն է, բայց կյանքը ցույց տվեց, որ դա քիչ է, պետք է ունենալ նաև դրան պաշտպանող զենքը: Ցավոք, Ցեղասպանության 101-րդ տարին կրկին սկսում ենք՝ լեցուն կնճիռներով ու հարցականներով, բայց մենք հիմա գոնե պետականություն ունենք և արդեն հստակ գիտակցություն, որ մենք պետք է լինենք մեր գլխի տերը՝ պահելու մեր լեզուն, մեր եկեղեցին, մեր ոգին, ամբողջ մի մշակութային հարստություն, որի մեջ ենք մենք ամեն օր»:

«Պատասխան 100 տարի անց» պատկերագրքի շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստան ժամանած հայտնի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ով իր խոսքում անդրադառնալով պատկերագրքի ստեղծման գաղափարին՝ նշեց. «Ես Ցեղասպանությունից փրկված՝ Սեբաստացի և Պոլսեցի ծնողների զավակ եմ, հետևաբար՝ այս թեման մշտապես ինձ հետ է, իմ արյան մեջ է: Սկսած անցյալ տարվանից՝ ես ոգեկոչման շատ ձեռնարկների եմ մասնակցել և հանգել եմ այն եզրակացության, որ շատ ուրախ եմ այն բանի համար, որ մենք կանք և շարունակում ենք մեր առաքելությունը՝ գիրք տպող, արվեստ ու մշակույթ ստեղծող ու քաջալերող մեր տեսակը՝ այսօրվա մեր ամենամեծ «անհաջողությունը», որը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ մեր «հարևանը», որը շատ դեպքերում չի հասկանում նաև քաղաքակիրթ աշխարհը: Մենք պետք է շարունակենք մեր առաքելությունը, և ես վստահ եմ, որ մեր բոլոր հաղթանակները դեռ առջևում են: Մենք թշնամուն հաղթել ենք նաև մեր լռությամբ, միայն նրանով, որ դեռ կանք, որ նրանք մեզ չկարողացան ոչնչացնել»:

Առանձին ելույթներից բացի, շնորհանդեսի ընթացքում ռեժիսոր և դերասան Սերժ Ավեդիքյանն ընթերցեց Հայոց ցեղասպանության նահատակ, հայ մտավորական գործիչ Գարեգին Խաժակի վերջին ճառը, որով նա անխուսափելի մահապատժից առաջ հրաժեշտ է տվել իր բանտակից ընկերներին:

Տեղեկացնենք, որ «Պատասխան 100 տարի անց» պատկերագիրքը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ: Պատկերագրքում ընդգրկված են մեկ տասնյակից ավելի հեղինակների աշխատանքներ, թեմատիկ հոդվածներ և մտորումներ:

«Պատասխան 100 տարի անց» պատկերագրքի շնորհանդեսից հետո տեղի ունեցավ նաև «Մենք կգանք» տեսաֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ՀՀ մշակույթի փոխնախարարը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը, հայտնի մշակութային գործիչներ ու մտավորականներ:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև պատվոգրերի հանձնման արարողություն, որին հաջորդեց «Անցյալը՝ ներկայում» կերպարվեստի մրցույթի մասնակիցների՝ Արևմտյան Հայաստանը ներկայացնող էսքիզների հավաքածուն, որը նույնպես ներառված է «Պատասխան 100 տարի անց» պատկերագրքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս