Փախստականների ճգնաժամ. ընկալումն ու իրականությունը` ըստ հետազոտության

Այսօր «Ավրորա» մրցանակը հրապարակվեցին The Humanitarian Index (Մարդասիրության ցուցանիշ) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։ Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները եւ այն, թե ովքեր են ի վիճակի լուծելու դրանք։ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից եւ Իրանից հետազոտությանը մասնակցած բոլոր 4,600 հարցվողները ներկայիս եւ առաջիկա հինգ տարիներին հումանիտար ամենահրատապ մարտահրավերների շարքի առաջին տեղում նշել են ահաբեկչությունը, իսկ ապա՝ հարկադիր միգրացիան։

The Humanitarian Index հետազոտության համաձայն՝

  • Հասարակությունն իր ընկալումներում փախստականների համաշխարհային ճգնաժամն անհամաչափորեն կապում է Սիրիայում իրավիճակի հետ՝ միաժամանակ անտեղյակություն դրսեւորելով Մյանմարում, Սուդանում եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում առկա փախստականների ճգնաժամերի վերաբերյալ։
  • Հարցվողների մեծամասնությունը համարում է, որ փախստականների հարցով առավելագույն արդյունավետությամբ կարող են զբաղվել միջազգային հաստատությունները, սակայն հարցվողների մոտ կեսը զգում է, որ միջազգային հանրությունը լքել է փախստականներին։
  • Հարցին, թե միջազգային ո՞ր առաջնորդներն են ի վիճակի լուծել սիրիական ճգնաժամը՝ Բարաք Օբաման (46%) եւ Անգելա Մերկելը (46%) զբաղեցնում են առաջին տեղերը։ Ապա հաջորդում են Վլադիմիր Պուտինը (33%) եւ Դեյվիդ Քամերոնը (28%), իսկ շարքը մեծ խզումով ավարտում են Հիլարի Քլինթոնը (17%) եւ Դոնալդ Թրամփը (9%)։
  • Հասարակությունը կարեկցում է փախստականներին, սակայն հնարավորության դեպքում միայն կեսը կօգներ սիրիացի փախստականներին։ Ավելին՝ շատերը թերահավատ են սեփական քայլերով իրական փոփոխություն առաջացնելուն։
  • Հարցման արդյունքները հանրությանը կներկայացվեն Երեւանում 2016թ. ապրիլի 23-ին՝ Aurora Dialogues մարդասիրության ոլորտի խնդիրներին վերաբերող քննարկմանը, որը նախորդում է «Ավրորայի» պարգեւատրման հանդիսավոր արարողությանը:

Հետազոտությունը բազմաթիվ հարցերում երեւան է հանել ընկալումների եւ իրականության միջեւ մեծ անհամապատասխանություն։ Ամերիկյան, բրիտանական եւ ֆրանսիական հասարակությունները զգալիորեն թերագնահատել են սիրիացի փախստականների թիվը (համապատասխանաբար՝ 4.7 մլն, 4.5 մլն եւ 4.5 մլն)։ Ամերիկացիները մեծապես հետ են ընկնում աշխարհից հարկադիր միգրացիայի հարցում ցուցաբերած անբավարար մտահոգվածությամբ՝ հիմնահարցը դասելով յոթերորդն աշխարհի ամենահրատապ հումանիտար մարտահրավերների շարքում։

Հարկադիր միգրացիայի հիմնախնդրի առնչությամբ արեւմտյան մի շարք հանրույթներ կարծում են, որ իրենց կառավարություններն արել են երկու անգամ ավելին՝ կարիքի մեջ ընկածներին ապահովելու անհրաժեշտ իրերով: Մեծ Բրիտանիայում համարում են, որ իրենց պետությունն ընդունել է կրկնակի ավելի փախստականների, քան իրականում այնտեղ կա։ Ֆրանսիայում եւ Գերմանիայում հակամարտության հետեւանքով ապաստան ստացած սիրիացիների թվի վերաբերյալ գնահատականները հնգապատիկ գերազանցում են իրական պատկերը։

«Փախստականների համաշխարհային ճգնաժամը գնալով խորանալու է, քանի դեռ աշխարհի առաջնորդները չեն գործում համաձայնեցված, առավել համակարգված ու սկզբունքային ծրագրով՝ իբրեւ հենարան ունենալով հիմնախնդիրների իրական պատճառների եւ ծավալների մասին ավելի լավ իրազեկված հասարակություն»,– նշել է Միջազգային ճգնաժամային խմբի՝ ճգնաժամերի կանխարգելման անկախ կազմակերպության նախագահ Ժան-Մարի Գեյենոն,- հարեւան երկրների պատերազմներից մի կերպ փախած մարդկանց ընդունող սահմանակից երկրները մարդկանց զանգվածային ներհոսքի պատճառով կանգնել են տնտեսական, սոցիալական, մարդու իրավունքների, քաղաքական եւ անվտանգության լուրջ խնդիրների առջեւ։ Խնդրի լուծման յուրաքանչյուր ձախողում հղի է հետագա հակամարտություններով, որոնք իրենց հերթին հանգեցնելու են փախստականների նորանոր ներհոսքների՝ բազմապատկելով հումանիտար աղետի ծավալները։ Ճգնաժամին վերաբերող յուրաքանչյուր իրատեսական լուծում պետք է անդրադառնա դրա բուն սկզբնապատճառին՝ պատերազմների ահագնացմանը»:

The Humanitarian Index հետազոտությունը բացահայտել է այսպես կոչված «կարեկցանքի խզում»՝ խոշոր անհամապատասխանություն մի կողմից՝ մարդկանց ասածի ու զգացածի, իսկ մյուս կողմի՝ գործելու ցանկության միջեւ։ Երկու հարցվողներից մեկը համարում էր, որ փախստականներին լքել է միջազգային հանրությունը, իսկ բացարձակ մեծամասնությունը համամիտ էր այն մտքին, որ փախստականներն արժանի են օգնության։ Ինչեւէ, հնարավորության դեպքում միայն երկուսից մեկն իրականում կօգներ սիրիացի փախստականներին, իսկ մեծամասնությունը թերահավատորեն էր վերաբերվում իրական փոփոխություն առաջ բերելու գործում սեփական հնարավորություններին։

«Այս զեկույցը լավագույնս ընդգծում է, որ հասարակությանը պետք է անմիջապես իրազեկել մեր ժամանակների ամենահատկանշական հումանիտար մարտահրավերի՝ փախստականների համաշխարհային ճգնաժամի վերաբերյալ։ Սրտացավ եւ համախմբված հասարակությունը կարեւորագույն գործոն է, որն օժանդակում է ինչպես մարդկային տառապանքը մեղմացնելու համար անհրաժեշտ ներդրումների ապահովմանը, այնպես էլ քաղաքական առաջնորդներին առկա հիմնախնդիրների բուն պատճառների վերացման հարցում հաշվետու պահելուն»,– ասել է Դոմինիք ՄքՍորլին՝ աշխարհի ամենաաղքատ մարդկանց կյանքը վերափոխելու նպատակով նրանց հետ աշխատող Concern Worldwide բարեգործական կազմակերպության գործադիր տնօրենը։

Փախստականների վերաբերյալ հասարակության ընկալումներում գերիշխում են ապատեղեկատվությունն ու թերահավատությունը, եւ հանրության մեծամասնությունը փախստականներին շփոթում է տնտեսական եւ այլ ներգաղթյալների հետ։ Արեւմտյան երկրկներում այն մարդիկ, որոնք հավատում են, որ ապաստան փնտրողները տեղափոխվում են ավելի լավ կյանքի մղումով, թվով գրեթե հավասար են նրանց, որոնք համարում են, որ նրանք այդպես են անում հակամարտությունից փրկվելու համար (համապատասխանաբար՝ 63% եւ 70%)։

Հետազոտությունը բացահայտել է նաեւ մարդկանց գործողության մղելու ունակ որոշ ազդակներ։ Փախստականներին օգնելու նպատակով իրական քայլի դիմած մարդկանց քսանյոթ տոկոսը դա արել է՝ լսելով ինչ-որ անձնական պատմություն։ Ընդհանուր առմամբ՝ մեծ հետաքրքրություն է նկատվել իրական մարդկանց մասին ավելի շատ պատմություններ իմանալու հարցում (մոտ 40%-ի դեպքում)։

«Մեզ քաջալերում է այն, որ թեպետեւ հետազոտության տվյալներով՝ մարդկանց որոշակի ներքին պայքար է հարկավոր կարեկցանքը գործողության վերածելու համար, հասարակությունն ընդհանուր առմամբ հասկանում է, որ մարդասեր այն անհատներն են, որոնք միջամտում են ուրիշներին փրկելու նպատակով կարող են հսկայական ազդեցություն ունենալ,- ասաց Վարդան Գրեգորյանը՝ Կարնեգի ընկերակցության նախագահը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ,- իսկ «Ավրորա» մրցանակը հիմնադրվել է՝ ճանաչման ու մեծարանքի արժանացնելու հենց այն հերոսներին, որոնք հանուն փրկության՝ վտանգի են ենթարկում անգամ սեփական կյանքը։ Ցույց տալով, թե մեկ մարդու գործն ինչպիսի արդյունքի կարող է հանգեցնել՝ մենք հուսով ենք, որ դա եւս շատերին կոգեւշնչի գործելու»։

Կարեւոր տվյալներ

The Humanitarian Index հարցման հավելյալ արդյունքներից նշենք հետեւյալները՝

Սիրիան դարձել է փախստականների համաշխարհային ճգնաժամի հոմանիշ

  • Ընդհանրապես՝ հասարակությունը համարում է, որ Սիրիան է այն երկիրը, որից վերջին տասը տարիներին դուրս եկել է աշխարհի փախստականների մեծ մասը։ Ինչեւէ, հասարակությունը տեղյակ չէ Աֆրիկայի եւ Ասիայի տարբեր երկրներից փախստականների մեծ ծավալներին։
  • Չնայած Սուդանից եւ Հարավային Սուդանից դուրս եկած ավելի քան մեկ միլիոն փախստականներին՝ հասարակության միայն 8%-ն է գիտակցում Հարավային Սուդանում հումանիտար ճգնաժամի մասշտաբները։
  • Հինգ ամերիկացիներից մեկը սխալմամբ մատնանշում է Մեքսիկան՝ որպես աշխարհում փախստականների ամենամեծ աղբյուր երկիր, իսկ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում գերագնահատում են Լիբիայից դուրս եկած փախստականների թիվը։

Ապահով ապաստան եւ ճգնաժամի մասշտաբներ

  • Հասարակությունը թերագնահատում է հարեւան երկրների կատարած դերը փախստականների ընդունման հարցում։ Աշխարհում հարցվողների միայն 15%-ն է իրավամբ նշել Թուրքիան որպես ամենամեծ թվով փախստականներ ընդունած պետություն, եւ միայն 2%-ն է տեղյակ ապահով ապաստան տրամադրելու գործում Պակիստանի դերին։
  • Ի հակադրություն՝ հասարակությունը գերագնահատում է սեփական երկրներում ապաստանած սիրիացի փախստականների թվաքանակը։ Ֆրանսիայի եւ Գերմանիայի հասարակություններն այդ թիվը գերագնահատում են հինգ անգամ։

Առաջնորդության վակուում

Համաշխարհային հանրությունը մեծամասամբ (70%) համամիտ է, որ միջազգային մարմիններն են լավագույնս լուծելու աշխարհում փախստականների ճգնաժամը, սակայն միեւնույն ժամանակ՝ երկուսից մեկը համարում է, որ միջազգային հանրությունը երես է թեքել սիրիացիներից։

  • Միջազգային առաջնորդության վակուումը տարածվում է ընդհուպ մինչեւ աշխարհի այն առաջնորդները, որոնք, ըստ հարցվողների, չեն կարողացել համարժեք որոշում ընդունել սիրիական ճգնաժամի առնչությամբ։ Հարցվողների շրջանում ընդհանուր կարծիք կա առ այն, որ այդ խնդիրն առավել ունակ են լուծելու երեք առաջնորդներ՝ Անգելա Մերկելը, Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը։ Սա նշանակում է, որ ֆրանսիացիներն ավելի մեծ հույս են տածում Անգելա Մերկելի նկատմամբ, քան Ֆրանսուա Օլանդի (համապատասխանաբար՝ 51% եւ 36%), իսկ բրիտանացիները համարում են, որ Մերկելը կարող է գործել նույն կերպ՝ ինչպես եւ Դեյվիդ Քամերոնը (համապատասխանաբար՝ 41% եւ 39%)։
  • Միացյալ Ազգերի Կազմակերպության քարտուղար Բան Կի-Մունը լավ արդյունքներ է գրանցել Լիբանանում (39%) եւ Իրանում (37%), այնինչ ամերիկացիների շրջանում ԱՄՆ նախագահության առավել հավանական թեկնածուներ Հիլարի Քլինթոնը (23%) եւ Դոնալդ Թրամփը (16%) լրջորեն ետ են ընկել համաշխարհային մնացյալ առաջնորդներից։

Օգնությունը պատվի հարց է

Չնայած իներցիային եւ թերահավատությանը՝ հասարակությունն օգնությունը համարում է պատվի հարց։ Հարցվողների 71%-ը մեծ հարգանք ունի այն անհատների նկատմամբ, ովքեր մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով մեկնում են հակամարտությունների գոտիներ, իսկ 69%-ը հավատում է, որ մարդասիրական ոլորտի աշխատողները մեծագույն խիզախություն պետք է ունենան սեփական կյանքին սպառնացող վտանգի դեպքում այդ օգնությունը կարիքավորներին հասցնելու համար։ Պատասխանատվության սեփական զգացումը գնահատելիս՝ իրական քայլ կատարելու գործում ձեռնպահ մնացածների 49%-ն այդպես է վարվել այն մտավախությունից, թե ինչպես են գործածվելու իրենց դրամական հանգանակությունները։

  • Հասարակությունն ընդհանուր առմամբ համակարծիք է, թե ինչ է հարկավոր ապագայում քայլերի շարունակականությունն ապահովելու համար.
  • անհատական պատասխանատվության հստակ զգացում օգնություն տրամադրելու հարցում,
  • թափանցիկություն հանգանակությունների ուղղորդման հարցում,
  • մարդասիրական օգնություն տրամադրողներին մեծարանքի արժանացնող հասարակության ձեւավորում աշխարհում։

Հետազոտության պատվիրատուն է «Ավրորա» մրցանակը, իսկ իրականացրել է Edelman Intelligence կազմակերպությունը 2016թ. մարտ-ապրիլ ամիսներին։ Հարցումն իրականացվել է 4,600 անձանց շրջանում եւ վեց պետություններում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Լիբանանում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում։ Ընտրանքը ներկայացուցչական էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի գլխավոր համախմբությունների համար տարիքի, սեռի եւ բնակության վայրի առումով։ Այն ներկայացուցչական էր նաեւ Լիբանանի եւ Իրանի առցանց բնակչության առումով. այսինքն՝ այդ երկրների ընտրանքում առավելապես ներկայացված է եղել բնակչության կրթված հատվածը։

The Aurora Prize for Awakening Humanity/ «Ավրորա» մրցանակի մասին

Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության եւ նշանակության համար։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:

Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Էլի Վիզելը, Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։

«Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երեւանում։

Տեսանյութեր

Լրահոս