101 քվեաթերթիկ՝ «Այո»-ի օգտի՞ն. հանձնաժողովի անդամը դատապարտվել է
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամ Ս. Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում: Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման: Սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:
Ս. Խաչատրյանին նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում հանդիսանալով հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամ, 2015թ. դեկտեմբերի 6-ին քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված ընտրական փաստաթղթերը և արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու, ինչպես նաև՝ այլ եղանակով, կեղծել է քվեարկության արդյունքները:
Ըստ մեղադրանքի՝ հանդիսանալով Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող թիվ 2/36 տեղամասային հանձնաժողովի անդամ, կողմնակից լինելով ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, նպատակ ունենալով իր գործողություններով նպաստել նոր Սահմանադրության ընդունմանը, իր տեղամասում «ԱՅՈ»-ի բացարձակ հաղթանակ ապահովելու և հանրաքվեի արդյունքները կեղծելու դիտավորությամբ՝ նպատակադրվել է որպես հանձնաժողովի անդամ իր գործառույթներն իրականացնելու հնարավորությունից օգտվելով՝ կեղծ տեղեկություններ մտցնել ընտրացուցակներում քաղաքացիների կողմից քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ, չքվեարկված քվեաթերթիկներում կատարել «ԱՅՈ»-ի վերաբերյալ նշումներ և դրանք ծրարներում աննկատ կնքելով՝ լցնել քվեատուփի մեջ: Ըստ մեղադրանքի՝ աննկատ քվեատուփ է լցվել թվով 101 քվեաթերթիկ` այդ կերպ տեղամասի փաստացի «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների «508» թիվը դարձրել է «609» (վերահաշվարկի արդյունքում ճշտված` «603», իսկ «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը եղել է «322», վերահաշվարկի արդյունքում ճշտված` «319», անվավեր քվեաթերթիկների թիվը` «29», վերահաշվարկի արդյունքում ճշտված` «37»:
Մինչ դատաքննություն սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և իրեն լիովին մեղավոր է ճանաչում:
Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առել հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը՝ այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել և անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ, բնութագրվում է դրական: Որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել նրա խնամքին մինչև տասնչորս տարեկան երկու երեխայի առկայությունը, նախկինում արատավորված` դատապարտված չլինելը, բացառապես դրականորեն բնութագրվելը: Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել:
Դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալի կողմից կատարված հանցագործության հանրորեն վտանգավորության աստիճանը նվազել է և հնարավոր է հանգել հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է՝ առանց նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձևով պատիժը կրելու: Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: