«Ադրբեջանի համար ամենաանսպասելին հայկական կողմի ռազմական գործոնն էր»

Մեր զրուցակիցն է ՀՀՇ վարչության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը

– Պարոն Իգիթյան, ի՞նչ ցույց տվեց այս քառօրյա պատերազմը, ի՞նչ եզրահանգումներ կարելի է անել։

– Ադրբեջանը փորձում էր 3 խնդիր լուծել, նախ՝ փորձարկել միջազգային հանրության արձագանքը, արդյոք խիստ և օպերատի՞վ է լինելու՝ խոչընդոտ հանդիսանալով իր ծրագրերին, երկրորդ՝ փորձարկել Ռուսաստանի արձագանքը, որովետև մեզ թվում է, թե ՌԴ-ն մեր դաշնակիցն է ու կպաշտպանի մեզ, երրորդ՝ ստուգել հայկական կողմի հնարավորությունները ռազմական տեսանկյունից։ Պատերազմը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը բավականին պասիվ էր այդ հարցում, իհարկե, եղել են տարբեր հայտարարություններ, բայց դրանք ուղղված էին երկու կողմին էլ՝ կոչ անելով հաշտության, ՌԴ արձագանքը եղել է շատ թույլ և ուշացումով, և դժվար է ասել, թե որ կողմին էր ավելի մեծ բարեկամ։

Ադրբեջանի համար ամենաանսպասելին հայկական կողմի ռազմական գործոնն էր, որ մեզ համար ամենահուսալին էր և թույլ չտվեց հակառակորդին առաջ գնալ, եթե իրոք Ադրբեջանն այդպիսի նպատակ ուներ։

– Հայկական կողմի գործողությունները գոհացուցի՞չ էին, որքանո՞վ էինք պատրաստ, ի՞նչ արվեց կամ չարվեց, որ պետք էր անել։

– Հարկավոր է վերլուծել, թե ինչու այն երկրները և միջազգային կառույցները, որոնք սովորաբար բավականին կոշտ գործողություններ են անում ագրեսորի հանդեպ, այս անգամ պասիվ գտնվեցին՝ ՄԱԿ-ից սկսած՝ մինչև առանձին երկրներ։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Պատճառն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված էր դեպի ՌԴ։ Մենք ավելի կաթոլիկ ենք եղել այդ հարցում, քան Հռոմի պապը, մենք ավելի ռուսամետ ենք եղել, քան շատ ռուսներ, մեր դիվանագիտական կորպուսի ղեկավարն իրեն պահել, պահում և երևի թե կպահի՝ կարծես Ռուսաստանի դիվանագետ լինի։

Ամենակարևորը՝ ՌԴ-ի կողքին լինելով, մենք կորցրեցինք մյուս ընկեր պետություններին և մեր համբավը՝ դառնալով ՌԴ կցորդ երկիր։ ՌԴ-ն գնալով ավելի շատ է մեկուսացվում, ու ՀՀ-ն այն 10 երկրների շարքում էր, որ ՌԴ-ի կողքին կանգնեցին Ուկրաինայի օկուպացիայի հարցում, բայց այս քաղաքականությունն էլ չբերեց նրան, որ ՌԴ-ն դառնա մեր հուսալի դաշնակիցը։ Պետք է ստեղծվեր երաշխիքների համակարգ, որը կչեզոքացներ նման դեպքերը։ Այդ երաշխիքների համակարգն է փոքր երկրներին պաշտպանում մեծ երկրների ագրեսիայից։ Օրինակ՝ Լյուքսեմբուրգի բանակն ամենափոքրաթիվներից է, բայց նրանց երաշխիքների համակարգը զսպում է դիկտատորներին։ Հույսը կապելով միայն ՌԴ-ի հետ՝ ՀՀ-ն այս ընթացքում չի զբաղվել այլ երաշխիքների համակարգ ստեղծելով։ Ընդ որում՝ կարող է և այդ ամենն աշխատեր այլ ժամանակահատվածում՝ մինչև ՌԴ-ի ագրեսիվ պահվածքն Ուկրաինայի հետ կապված, կամ ԱՄՆ-ի հետ Սիրիայի հարցով հակամարտությունը։ Ամբողջ աշխարհի հետ կոնֆլիկտ ունեցող և մեկուսացված Ռուսաստանը երաշխիքների համակարգ չի կարող լինել։

– Հայաստանն ի՞նչ դասեր պետք է քաղի և այսուհետ ինչպե՞ս պետք է կառուցի իր հարաբերությունները ՌԴ-ի և Արևմուտքի հետ, օրինակ՝ իշխանությունները ԵԽ-ում հակաադրբեջանական ելույթները ներկայացնում են՝ որպես հայկական դիվանագիտության արդյունք։

– Ես չգիտեմ այդ դիվանագիտական հաղթանակների մասին, Եվրոպայում մարդիկ անում են այն, ինչը ճիշտ են համարում, նույնիսկ կան մարդիկ, որ շարունակում են լինել ՀՀ ընկեր՝ ի հեճուկս մեր արտաքին քաղաքականության։ Ռուսաստանի հետ կապված հարցն այն չէ, որ մենք պետք է հայտարարություններ անենք, ինչ-որ մեկին դավաճան անվանենք։ Խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները կառուցում էին երաշխիքների համակարգ՝ օգտագործելով ՌԴ-ի և նրա շուրջ կառույցների՝ ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՏՄ և այլն, հնարավորությունները, նաև օգտագործելով ՌԴ-ին տնտեսապես տրվելը, քանի որ ՀՀ-ում չկա մի ճյուղ, սկսած կապից, էներգետիկայից, հանքարդյունաբերությունից և այլն, որ ՌԴ-ին չի պատկանում։

Բայց այս բոլոր պայմանագրերում ՌԴ-ի կողմից թելադրված մենաշնորհ կա, որ ուրիշից գազ չենք գնի, սեփական գազամուղ չենք ունենա, ռազմական համագործակցության պայմանագրով բացառվում է որևէ երրորդ երկրի հետ մեր ռազմական համագործակցությունը։ Այսինքն՝ դա այլընտրանքային պաշտպանական համակարգ է, որ մենք իրավունք չունենք, օրինակ, շահավետ գնով երրորդ երկրից պաշտպանական զենք և սարքեր գնելու։

Այս պատերազմը ցույց տվեց որոշ թերություններ։ Հայ զինվորի ոգին չի պակասել, բայց ռազմական տեխնիկական թերությունները մեզ թույլ չտվեցին չեզոքացնել վտանգը և չունենալ այդքան կորուստներ։ Արդյոք Ռուսաստանն ա՞յն երկիրն է, որ մեզ վաճառում է այդ սարքավորումները, եթե՝ այո, ապա պետք է շտապ ձեռք բերել դրանք, եթե՝ ոչ, ապա պետք է դիմել երրորդ երկրներին, որոնք մեր պատերազմը վաղուց անցել են, մեծ փորձ ունեն ագրեսորների դեմն առնելու, օրինակ՝ Իսրայելին, և այլն։

Իսկ եթե ՌԴ-ի հետ այս համակարգը խանգարում է մեզ այլ ռազմական ձևեր ունենալ, պետք է խոսել դրա մասին։ Չեմ ուզում կտրուկ առաջարկներ անել, թեև նախկինում այդ մասին խոսել եմ, որովհետև այս իրավիճակում ցանկացած քայլ պետք է զգույշ լինի։ Ներկայումս թիվ մեկ խնդիրն այս վտանգը չեզոքացնելն է և մտածելը, թե զուգահեռ ինչ պետք է անել։ Մենք պետք է դիմենք ՌԴ-ին՝ ասելով, որ համաձայնագրի այս կետը մեզ խանգարում է, որովհետև բիզնեսի առումով ռազմական համագործակցություն կարող ենք ունենալ այլ երկրի հետ և, ձեռք բերելով սարքավորումներ, պաշտպանել մեր անվտանգությունը։

– Ազգային ժողովում առաջարկ կա ԵՏՄ-ից դուրս գալու մասին։ Ըստ Ձեզ՝ արդյոք պե՞տք է գնալ նման կտրուկ քայլերի՝ ԵՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու։

– ԵՏՄ-ի մասին երկար կարելի է խոսել, մենք միշտ ասել ենք, որ տնտեսական տեսակետից այն ՀՀ-ին ոչինչ չտվող կառույց է։ Բայց այն ժամանակ ասում էին, թե ԵՏՄ-ին անդամակցում ենք նաև անվտանգության նպատակով և այս քայլին դիմում ենք Հայաստանն ու Ղարաբաղը պաշտպանելու համար։ Ցավոք, այսպիսի օրինակներով պետք է այդ մարդիկ համոզվեն, որ դա պաշտպանության երաշխիք և համակարգ չէ։ Եթե կան տնտեսական օգուտներ, պետք է դրանք անջատել ռազմականից, խորացնել միայն տնտեսականը։ Թեև փաստաթղթերում ռազմական օգնության մասին որևէ հարց չկա, ասում էին՝ Սերժ Սարգսյանը Պուտինի հետ անկյունում է խոսել այդ մասին, բայց ո՞ւր է դա։ Այն ժամանակ նույնիսկ սառը դատող շատ մարդիկ ասում էին, որ պետք է զգույշ լինել։ Ժողովուրդն ասում է՝ էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ մեկ այլ, հիմա այդ կառույցներին անդամակցելը մի սխալ է, դուրս գալը՝ շատ ավելի մեծ դժվարության հետ է կապված, և պետք է զգուշորեն գործել, որովհետև պատիժը շատ ավելի մեծ կլինի, քան չանդամակցելու դեպքում։

Ամեն դեպքում, ՌԴ-ն պետք է հասկանա, որ ՀՀ-ում տարբեր կարծիքներ կան, և Սերժ Սարգսյանը Պուտինի հետ ավելի ամուր դիրքերից խոսի։ Նույնիսկ կադրային փոփոխություններ պետք է լինեն, խոսքը պաշտպանության նախարարի մասին չէ, այլ դիվանագիտության և քաղաքականության խոհանոցի մարդիկ պետք է հրաժարական տան, որոնք Ս.Սարգսյանին զերծ չեն պահել իր սխալ քայլերից։ Ամենակարևորը՝ Ռուսաստանի հետ քծնանքի վրա լավ քաղաքականություն կառուցել հնարավոր չէ։ ՌԴ-ն հրեշավոր երկիր չէ, ցանկացածի հետ կարելի է աշխատել, բայց ինքդ քեզ պետք է պահես արժանավայել։

– Իշխանությունները խոստանում են համակարգային բարեփոխումներ, այս պատերազմից հետո էլ խոսում էին հետևություններ անելու մասին, բայց կիրակի օրը Հրազդանում անցկացված ընտրությունների ժամանակ կրկին գործի դրվեց ընտրակաշառքի մեխանիզմը։ Ի՞նչ ցույց տվեցին այս ընտրությունները։

– Ձեր հարցում արդեն կա պատասխան, որ ոչ մի բան էլ չի փոխվել։ Սովորական դարձած լկտիությունների համեմատաբար քիչ լինելն այս անգամ ես կկապեի ընդդիմադիր թեկնածուի՝ Սասուն Միքայելյանի անհատով, որ ուժեղ և հայտնի մարդ է, և ինքն էլ ունի բավարար ուժ ու կողմնակիցներ, որ կարողացել են զսպել այդ լկտիությունները։ Բայց, ի վերջո, նրա նման թեկնածուներ շատ չունենք, մարդ, որ պատերազմ է անցել, զենք է տեսել։ Բայց նույնիսկ Հրազդանում դա չանցավ և երևաց, որ գործում են այլ գործոններ, ոչ թե ժողովրդի ազատ կամքի ազատ արտահայտությունը։ Այս մարդիկ` լուծելով անձնական խնդիր, այսօր արդեն խաղում են ոչ թե՝ միայն Հայաստանի համբավի կամ միջազգային կառույցներում հեղինակության, այլ նաև՝ անվտանգության և ավելի սարսափելի բաների հետ։

Տեսանյութեր

Լրահոս